Վայքի ծննդատանը տեղի ունեցած դեպքի առնչությամբ ՀՀ առողջապահության նախարարի հրամանով քննող հանձնաժողով է ստեղծվել: Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից: Նախարարության գլխավոր մասնագետը եղել է Մուրացանի համալսարանական կլինիկայում եւ գնահատել նորածին երեխայի վիճակը: Մասնագետների մի խումբ էլ գործուղվել է Վայք՝ տեղում ուսումնասիրելու խնդիրը: Նշենք, որ օրերս լրատվամիջոցներով տեղեկություն էր հրապարակվել այն մասին, որ Վայքի քաղաքային հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքի վարիչ Մետաքսյա Հովհաննիսյանը միտումնավոր ձգձգել է Վայոց ձորի մարզի Գնդեվազ գյուղի մի ծննդկանի ծնունդը, պատճառաբանելով՝ «մի քիչ էլ սպասեք, մինչեւ բուրդս կչփխեն ու կգամ ծնունդն ընդունելու», ինչի հետեւանքով հետծննդաբերական խնդիրներ են ունեցել թե՛ մայրը, թե՛ երեխան: