Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԵՐԵԼԱԿ ԵՆ ՈՒԶՈՒՄ

Սեպտեմբեր 01,2011 00:00

Մոտ 1 ամիս է՝ Նոր Նորքի 5-րդ զանգվածում գտնվող Մառի 12 շենքի բեռնատար վերելակը չի աշխատում: Մալուխները գողացել են, եւ այդ օրվանից ի վեր ողջ ծանրաբեռնվածությունն ընկել է շենքի մյուս վերելակի վրա, որն էլ ներկայումս վթարային է։ Այս շենքը 16 հարկանի է՝ 90 բնակարանով։
Բնակիչների խոսքերով, չափազանց դժվար է մեկ փոքր վերելակով բավարարվել, իսկ երբ իրեր է պետք տեղափոխել, գործն ավելի է բարդանում. «Թաղապետարանն ասում է, որ դա իրենց գործը չէ, ոստիկանությունն էլ դեռ ոչինչ չի արել։ Բացի այդ, շենքն ունի ընդամենը մեկ մուտք, ու միջանցքներում պատուհաններ չկան, ինչի հետեւանքով շենքում օդափոխությունը լավ չի կատարվում, եւ աղբի հոտը տարածվում է շենքով մեկ։ Մանավանդ ամռան ամիսներին վիճակն ավելի է վատանում։ Մեր թաղապետարանի ջանքերով շենքի բակում մանկական խաղահրապարակ է կառուցվել, ինչպես նաեւ մարզասարքեր են տեղադրվել, բայց կարելի է մտածել նաեւ մեր շենքի մասին»։
Բնակիչների միակ հույսն այն է, որ իրենց վերելակի հարցի լուծումը մտցվի կառավարության այն ծրագրի մեջ, ըստ որի՝ մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի վերելակները պետք է նորոգվեն կամ ամբողջությամբ փոխվեն. «Եթե հարկ կա, թող գան ու համոզվեն, որ իսկապես բեռնատար վերելակը մեզ անհրաժեշտ է»։
Այս շենքի վերելակի ճակատագիրը պարզելու համար դիմեցինք Նոր Նորք վարչական շրջանի «Վերելակ» ՓԲԸ, որտեղից «Առավոտին» պարզաբանեցին, որ ամբողջ Նոր Նորքում վերանորոգվել է ընդամենը 130 բազմաբնակարան շենքի վերելակ, իսկ 589 շենքի վերելակները վատ վիճակում են, եւ իրենք վերանորոգել են ծայրահեղ վատ վիճակում գտնվող վերելակները՝ հիմնվելով փորձագիտական եզրակացությունների վրա։
Ըստ նրանց, ամբողջ Երեւանի վերելակներն են փոխարինման ենթակա, քանի որ վերելակի կյանքը 20-25 տարի է։ Բացի այդ, այս ՓԲԸ-ն էլ դժգոհություններ ուներ՝ ամառվա ամիսներին բազմաբնակարան շենքերի բնակիչները վերելակի վարձը չեն վճարում, բայց բնակարան են վերանորոգում՝ շինանյութով ու շինարարական աղբով ծանրաբեռնելով առանց այդ էլ վատ վիճակում գտնվող վերելակները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել