Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՇՄԱՆԴԱՄ, ԾԵԾՎԱԾ ՄԱՅՐԸ ՄԻ ԿԵՐՊ ԾՆՆԴԱԲԵՐԵԼ Է

Սեպտեմբեր 01,2011 00:00

«Փարոսում» ծնված փոքրիկ Իրինան հիմա միայն հայրական ջերմության կարիք ունի

\"\"
Վարդի, ծիրանի մուրաբա, ելակի ջեմ. այս պահածոները փակել են հենց կենտրոնի շահառուները, որ ձմռանը ուտեն:

\"\"
«Լայթհաուսում» երեխաների համար հեքիաթային պայմաններ էին:

Ընդամենը մի քանի օր առաջ Նելլի Սարգսյանն ունեցել է 2 կգ 900 գրամ քաշով առողջ երեխա: 33-ամյա Նելլին հաշմանդամ է, ամուսինը՝ նույնպես: Սովորաբար կանայք երեխա են ունենում ծննդատանը, բայց Նելլին փոքրիկ Իրինային ունեցել է Պտղունք գյուղի լքված հղի կանանց եւ մայրերի ապաստարանում՝ «Լայթհաուսում»: Իրինան Նելլիի ոչ թե առաջնեկը, այլ երկրորդ երեխան կլիներ, եթե ամուսինը հղի կնոջը դաժան ծեծի ենթարկած չլիներ: Անընդհատ հոգեբանական եւ ֆիզիկական բռնության ենթարկված կինը ի վերջո փախել է ամուսնական տնից ու Կանանց իրավունքների կենտրոնի աջակցությամբ տեղավորվել «Լայթհաուս-փարոսում»: Կենտրոնի տնօրենի՝ Նաիրա Մուրադյանի պատմելով՝ «Նելլին 5 ամսական հղի էր, երբ եկավ մեր կենտրոն, բայց այնքան հյուծված, այնքան նիհար էր, որ բացարձակ փոր չուներ: Ամուսինը 18 շաբաթական հղիություն ունեցող կնոջը այնպես էր ծեծել, որ կողը կոտրված էր: Նա ուզեցել է ազատվել հղիությունից, բայց բժիշկը թույլ չի տվել: Այդ վիճակում երեխային պահելը նույնպես շատ դժվար էր, մենք միայն 90 հազար դրամի դեղ առանք՝ Նելլիի հղիությունը փրկելու համար, վախենում էինք, որ երեխան առողջ չի ծնվի»: Նելլին Վանաձորից է: Նրա մայրը փոքր ժամանակ լքել է ընտանիքը, եւ երեխաները ստիպված մեծացել են խորթ մոր հետ, հայրական տանը նույնպես չնչին պատճառների համար ծեծվել են ու ճնշվել: Հիմա ոչ ծննդկանը, ոչ էլ փոքրիկ Իրինան որեւէ բանի կարիք չունեն, կենտրոնում նրանց տրամադրվել է սնունդ, հագուստ, խաղալիքներ:
Այս կենտրոնը մյուս նմանատիպ ապաստարաններից տարբերվում է նրանով, որ այստեղ կանայք կարող են հյուրեր ընդունել, ազատ դուրս գալ, զբոսնել, ասենք, երեխաների հետ գնալ խանութ, չնայած որ հենց «Լայթհաուսի» ներսում ամեն ինչ կա՝ հոգեբանի, աղոթքի սենյակ, ատամնաբուժարան, գինեկոլոգիական ծառայություն: Ն. Մուրադյանի խոսքերով՝ «Սա կանանց գաղութ չէ, մենք նրանց փակի տակ չենք պահում: Այս ապաստարանում կարող են ընդունել մինչեւ 18 կանանց: Մենք կրոն, ազգություն չենք ճանաչում, եթե բռնության ենթարկված որեւէ կին դիմեց՝ անպայման պիտի օգնենք»:
Կենտրոնում կանայք կարող են մնալ մինչեւ 2 տարի, բայց այդ տարիների ընթացքում նրանց սովորեցնում են խոհարարություն, ծաղիկների ձեւավորում ու մշակում, կարուձեւ, որից հետո կնոջ համար աշխատանք են գտնում, նոր նրան հրաժեշտ տալիս: Այսինքն՝ կենտրոնից դուրս գալուց հետո հավանականությունը փոքր է, որ այդ կանայք նորից կճնշվեն ու կենթարկվեն բռնության:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել