Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ-Ն ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈ՞ՒՄ Է

Սեպտեմբեր 01,2011 00:00

ԼՂՀ ու նաեւ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը Արցախի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, «Մեդիամաքսի» մատուցմամբ, հայտարարել է, որ չի ընդունում այն կարծիքը, թե Ղարաբաղը չի մասնակցում բանակցություններին. «Դա այդպես չէ: Ղարաբաղը մասնակցում է բանակցություններին: Ղարաբաղը չի մասնակցում բանակցային գործընթացի մեկ հատվածին՝ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումներին: Բանակցային գործընթացը շատ ավելի լայն է, եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ ԼՂ-ն լիարժեքորեն բանակցում է եւ գործընթացի մասնակից է: Իհարկե, պետք է խոսենք Ղարաբաղի լիարժեք մասնակցության մասին: Նախագահների բանակցություններում ԼՂ շահերը ներկայացնում է Հայաստանի նախագահը: Օրինակ, իմ նախագահության ժամանակ բոլոր հարցերը մանրակրկիտ քննարկում եւ համաձայնեցնում էի ԼՂՀ այն ժամանակվա նախագահ Արկադի Ղուկասյանի հետ: Կարելի է ասել՝ ինչ-որ չափով դա ստիպված պատվիրակված խնդիր էր, բայց սա էր իրավիճակը: Կասկած չունեմ, որ Ղարաբաղը լիարժեք մասնակցելու է բանակցություններին: Թե որքան կտեւի գործընթացը, դժվար է գուշակել»:
Ռ. Քոչարյանը նաեւ ակնհայտ է համարել մի բան՝ նորագույն պատմության մեջ նման կարգի բոլոր խնդիրները լուծվել են հօգուտ ինքնորոշվող ժողովուրդների. «Անխտիր բոլորը՝ Աբխազիայի, Հյուսիսային Օսիայի, Կոսովոյի, Արեւելյան Թիմորի, Էրիթրիայի, այժմ արդեն Հարավային Սուդանի, Դարֆուրի… Պաղեստինի հարցում էլ կասկած չկա, որ անկախ պետականություն կունենան՝ ամեն ինչը դրան է գնում, եւ միջազգային հանրությունն ընդունում է այդ պետության ստեղծման անհրաժեշտությունը: Այդ առումով, անկասկած, ժամանակն աշխատում է մեր օգտին: Բայց պետք չէ մտածել, որ ԼՂՀ ճանաչումից հետո կյանքը կտրուկ փոխվելու է: Պետք է ապրել՝ համարելով, որ դա վաղուց արդեն եղել է: Մեր անկախության ճանաչման համար ինչ-որ մեկի կնիքի կարիքը մենք չունենք: Փաստը կատարվել է, պետք է ապրել, լիարժեք աշխատել, ամրացնել ԼՂՀ-ն: Իսկ այդ ամենը կգա, մեր հերթն էլ կգա»:
Նախկին նախագահը խոսել է նաեւ իր՝ Հայաստան տեղափոխվելու մասին. «Իհարկե, դժվար էր: Ամենամեծ խնդիրն ընտանիքիս համար էր: Ընտանիքս չէր կարողանում հարմարվել այդ մտքին: Կար պատասխանատվության զգացում: Ընտրվել էի ԼՂՀ նախագահ, եւ ընդամենը մի քանի ամիս անց եղավ այդ առաջարկը, խնդրանքը… Այն ժամանակ ՀՀ-ում իրավիճակը բավականին ծանր էր՝ թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական: Եվ հասկանալի էր, որ Ղարաբաղը միայնակ՝ առանց թիկունքում ուժեղ Հայաստանի, լրջագույն խնդիրներ կունենար: Եվ սա էր հիմնական փաստարկը, որով ինձ փորձում էին համոզել, որ համաձայնեմ գալ Հայաստան: Պետք է նաեւ ընդունենք, որ այդ փաստարկները, իհարկե, լուրջ էին: Համաձայնեցի, եւ հետո ամեն ինչ զարգացավ այնպես, ինչպես գիտեք: Դժվար էր, անկասկած»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել