Լրահոս
Օրվա լրահոսը

«Աղբակույտում ընկած որդի վիճակ»

Սեպտեմբեր 01,2011 00:00

\"\"Լրագրող Սուրեն Սարգսյանը թումանյանաբար է նկարագրում հեռուստատեսության վիճակը մեր երկրում:

Ինչո՞ւ որոշեցիք լրագրությունը թողնել եւ զբաղվել քաղաքականությամբ, մանավանդ, որ Ձեր նկատմամբ քաղաքական ճնշումներ չեղան՝ «Առավոտի» հարցին ՀԱԿ անդամ, հեռուստալրագրող Սուրեն Սարգսյանը պատասխանեց՝ «տիրող մթնոլորտն ինքը ճնշող էր, անբարո», եւ պատմեց, թե ինչ տհաճ խոսակցություն է ունեցել մի առիթով, երբ ցանկացել է իր հեղինակային՝ «Հին ընկերների ակումբ» հաղորդաշարին հյուր հրավիրել ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին: Իրավիճակն առավել պատկերավոր նկարագրելու համար մեր զրուցակիցը մեջբերեց Թումանյանին. «Հեռուստատեսությունում մի վիճակ է, որին Թումանյանն ասում էր՝ աղբակույտում ընկած որդի վիճակ՝ ուտում եւ ուռում: Ուղղակի ապրում էինք, որովհետեւ երեւացող այլ լուսավոր կետ չկար: Այլընտրանք չկար: Ընդդիմադիրները՝ գեղամյան-մեղամյանները, բոլորին ես գիտեի, բոլորը դավաճան էին, ժողովրդին խաբում էին, խաղում էին իշխանության պատվերով, դրա համար էլ ես այնտեղ չէի հայտնվում: Մինչեւ Տեր-Պետրոսյանը վերադարձավ՝ ես թողեցի ու դուրս եկա: Ինձ ոչ ոք չի հեռացրել, չի ազատել աշխատանքից: Դա նրանց համար մեծ շռայլություն կլիներ: Պարզապես այդ անբարո մթնոլորտում ես ամաչում էի այլեւս աշխատել, ապրել: Անգամ քաղաքական հաղորդումը մշակութայինի փոխեցի, որպեսզի չխառնվեմ այն աղբին, որը պարտադրել էր Քոչարյան Ռոբերտը՝ Սերժ Սարգսյանի հետ, մեր հասարակությանը»: Հետաքրքրվեցինք՝ 2008-ից ցայսօր պայքարելով հանուն լուսավոր ապագայի, տեսնո՞ւմ է մեր զրուցակիցը այդ ապագան նաեւ ՀԱԿ-իշխանություն երկխոսության համատեքստում: «Ապագան ինքն իրեն չի գալիս: Պարույր Սեւակն ասում էր՝ բախտ բերելս ո՞րն է, նրան ձեռք են բերում: Պիտի ձեռք բերենք: Ես իմ պայքարի ընթացքում արել եմ այն, ինչը պարտավոր էի անել: Լրագրող եմ՝ գրել եմ, ընդհուպ մինչեւ տունս եմ վաճառել, թերթ եմ բացել եւ մի ընթացք պայքարել եմ իմ սեփական թերթով: Լավ եմ արել, ես ոչնչի համար չեմ ափսոսում»,- ասաց Սուրեն Սարգսյանը: Ինչ մնում է երկխոսությանը, նա դա մի փոքրիկ հնարավորություն է համարում՝ «իշխանությունը գողացածների՝ կոնկրետ Սերժ Սարգսյանի» համար, որպեսզի «խելքի գան» եւ գնան. «Կուզեն՝ լավ, մեղավորներն էլ կպատժվեն, չե՞ն ուզի՝ կուղարկենք: Հայտնի ասացվածք կա՝ «Մոլլեն էլ մեջիթ չէր գնում», գիտեք՝ ոնց են տարել: Էդպես կուղարկենք: Սա սպառնալիք չէ, իրականությունն է: Իրենց բախտն իրենց ձեռքերում է՝ ուզո՞ւմ են առանց ժողովրդի ցասումի հեռանալ, ավելի մարդկային՝ բարի: Չե՞ն ուզում՝ սեպտեմբերի 9-ին կերեւա՝ ինչն ինչից հետո է»:
Մեր զրուցակիցը հասարակությանը կոչ է անում ավելի ակտիվ լինել, վեր կանգնել «մի փոր հացի» խնդիր լուծելուց եւ հիշեցնում է հայտնի ասացվածքը՝ «Ինձ մի փոր հաց տուր՝ հետեւիցս գոռա՝ սոված շուն»: Նա իր երեխայի համար նման ապագա չի ցանկանում. «Երկրում պետք է օրենք լինի: Ոստիկանի Աստվածաշունչը Սահմանադրությունն է, քրեական ու քաղաքացիական օրենսգիրքը եւ ոչ թե Սերժ Սարգսյանի կամ Տեր-Պետրոսյանի փեշը»: Ի դեպ, խոսակցություններին, թե ՀԱԿ-ի շարքերում շատ «նախկին թալանչիներ» կան, Սուրեն Սարգսյանը հակադարձում է. «Ամեն ինչ էլ կա, բայց սկսենք նրանից, որ մարդիկ մեծ համարձակության գնացին՝ Քոչարյանի դեմ խոսելով: Եթե նրանց էության մեջ իրականում թալանչին նստած լիներ՝ ամենեւին չէին գնա այդ քայլին՝ շատ լավ իմանալով, թե ինչի է ընդունակ Քոչարյանը, 6-ի բանդաները: Բայց՝ գնացին: Այսինքն՝ այդ մարդիկ՝ Ջհանգիրյանը, մյուսները, սիրում էին իրենց երկիրը: Նրանք հո այլոց նման չունեի՞ն ապրելու խնդիր: Եթե համակարգը գործի ժամացույցի պես, մեզանից ոչ մեկը չի կարող դառնալ ապագա թալանչի, նա դուրս կմնա համակարգից: Ընդամենը պետք է աշխատել, եւ կմաքրվեն ավգյան ախոռները: Սերժ Սարգսյանի հանցախմբի պաշտոնավարած ամեն օրը կործանում է մեր պետությունը, մեր երեխաների ապագան, այլասերում է ամեն ճշմարիտը, խեղաթյուրում ամեն ինչ: Հայաստանի իշխանությունները խոպանչու հոգեբանությամբ են եկել իշխանության: Խոպանչիներից շատերը գնում էին այլ երկիր՝ աշխատելու, գողանում էլ էին, քնում էին տեղի կանանց հետ, իրենց լկտի էին պահում, երբ հարցնում են՝ ի՞նչ ես անում, ասում է՝ դե, սա մեր երկիրը չի: Օլիգարխները բերում են անատամ մարդկանց՝ նկարում, մի կտոր հաց տալիս ու պատվիրում ասել, որ էսինչը թագավոր է: Այ թագավոր տղեք, մի՛ գողացեք էս ժողովրդից, եւ թոշակառուն 150 հազար դրամ թոշակ կստանա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել