Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ՝ ՀՆԱՐԱՎՈՐ ԲՈԼՈՐ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ

Սեպտեմբեր 01,2011 00:00

\"\"Ըստ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի՝ այս խնդիրն է առաջադրել Գերագույն ժողովը ԳՄ-ին:

– Հայտնի է դարձել, որ ՀՅԴ-ն Հայաստանի տարբեր մարզերում սկսում է հանրահավաքների շարք, եւ դրանցից առաջինը կայանալու է Գյումրիում՝ սեպտեմբերի 3-ին: Արդյոք այս նախաձեռնությունը պայմանավորված է մոտալուտ խորհրդարանական ընտրություններո՞վ:
– Նախ՝ հուլիսին արդեն իսկ ունեցել ենք մի հավաք՝ ժողովրդային հանդիպում Բերդում: Ունենք խնդիր՝ ժողովրդին հստակ ներկայացնելու մեր տեսակետները՝ կապված իշխանափոխության հետ, հասարակական լայն աջակցություն ձեւավորելու նպատակով: Այդ ծրագիրը ՀՅԴ օրակարգում է, ըստ էության, արդեն այն պահից, երբ դուրս եկանք կոալիցիայից: Եվ այդ մարտավարությունն ավելի հստակեցվեց ու հղկվեց անցած Գերագույն ժողովի ժամանակ, որը խնդիր առաջադրեց Գերագույն մարմնին՝ իշխանափոխության այդ նպատակն իրականացնել բոլոր հնարավոր միջոցներով:
Մեր հարցն այն է, որ այսօր շատերն են խոսում իշխանափոխության մասին, բայց թե ծրագրային, հիմնավորված ու տարբերակված ինչպե՞ս է դա պատկերացնում ՀՅԴ-ն՝ սա մի խնդիր է, որն անհրաժեշտ է բացատրել հանրությանը, եւ լավագույն ձեւն, իհարկե, այսպիսի անմիջական եղանակներն են՝ հանրահավաքներ, ժողովրդային հանդիպումներ: Հիմա այս տրամաբանությամբ ենք մենք հրավիրելու հանրահավաքներ՝ ներկայացնելու մեր մոտեցումներն իշխանափոխության վերաբերյալ, եւ այն ճանապարհը, որով մենք ենթադրում ենք իրականացնել իշխանափոխություն:
Հանրահավաքի համար առաջին հերթին ընտրեցինք հենց Շիրակի մարզը, քանի որ այսօրվա ձախողումների հետեւանքներն առավել երեւում են հենց այնտեղ՝ ամենալուրջ խնդիրները հենց Շիրակում են. մեր մարզային կառույցներն են դա ահազանգում՝ արտագաղթի տեմպեր եւ այլն:
– ՀՅԴ-ն հանրահավաքի համար արդեն 2-րդ անգամ ընտրում է այն մարզը, որը նախկինում ղեկավարել է դաշնակցականը:
– Ոչ, այդ տրամաբանությամբ չէ, որ ընտրել ենք այս անգամ: Աշտարակում այդպես էր: Մյուս հանրահավաքը լինելու է Սիսիանում՝ ամենայն հավանականությամբ, սեպտեմբերի 12-ին: Եվ իհարկե, այս ամենի ամփոփիչ հանրահավաքը նախատեսել ենք Երեւանում՝ 16-ին:
– Ուրեմն, չի՞ կրկնվի անցած տարվա սեպտեմբերին Աշտարակի հանրահավաքի նախադեպը, որտեղ էլի հայտարարեցիք մարզերում հանրահավաքների շարքի մասին, բայց այդ մեկին չհաջորդեց որեւէ հավաք:
– Այս անգամ հանրահավաքները կլինեն հաստատ շարունակական: (Ի դեպ, դեռ Աշտարակի հանրահավաքում էր պրն Ռուստամյանը հայտարարել. «Իշխանափոխության հասունացման գործընթացը պետք է սկսվի մարզերից».- Ա. Ի.):
Խնդիրը բովանդակային մասն է, որը պետք է ներկայացնենք հանրահավաքի ժամանակ: Իշխանափոխությունը մեզ համար ունի երկու հիմնական ու կարեւոր բաղադրիչ. իհարկե, այն ենթադրում է նախ եւ առաջ գործող իշխանությունների հեռացում, բայց դա բավարար չէ, քանի որ փորձը ցույց է տալիս, որ երբ չի փոխվում այն համակարգը, որը ծնել է այդ իշխանությունների արատը՝ իշխանափոխությունը չի հանգեցնում այն եզրակացությանն ու արդյունքներին, որոնք ակնկալում էր մեր ժողովուրդը: Այսինքն՝ իշխանափոխությունից ավելի շատ օգտվում են քաղաքական այն խմբերը, որոնք անմիջականորեն իրականացնում են այդ իշխանափոխությունը, եւ դա վերջանում է «մարդափոխությամբ»: Փոխվում են անունները, տեղի է ունենում սեփականության վերաբաշխում, բայց ժողովուրդը դրանից չի ստանում ոչինչ:
Իշխանափոխության երկրորդ բաղադրիչը, որը մանրամասն ներկայացնում ենք՝ այն է, թե ի՞նչ է ակնկալելու շարքային քաղաքացին մե՛ր իշխանության գալով, ի՞նչ քայլեր պետք է կատարենք, որ իրավիճակն ակնհայտ փոխվի այնպես, որ ժողովուրդը համոզվի, թե իր սպասած, պատկերացրած ապրելու նորմալ միջավայրն արդեն կարող է տեսնել:
– Տեղեկություններ կան, որ ՀՅԴ-ն նաեւ ստորագրահավաք է կազմակերպել կառավարությանն անվստահություն հայտնելու պահանջով: Եթե իրոք այդպես է՝ ի՞նչ խնդիր եք ցանկանում լուծել այդ ստորագրություններով, որոնք օգտագործելու մեխանիզմներ կարծես չկան:
– Այո, հանրահավաքների ընթացքում մենք երկու գործընթաց ենք իրականացնում. մեկը կառավարությանն անվստահության հարցը հասարակական լայն աջակցությամբ, ճնշումով կրկնելու խնդիրն է: Միայն Գյումրիում արդեն հավաքվել է 1000-ից ավելի ստորագրություն՝ դեռ չեն ամփոփել:
Հիշեցնեմ, որ մենք ԱԺ-ում խոստացել էինք, թե աշնանը նորից ենք քվեարկության դնելու այս հարցը, երբ գարնանը կառավարությանն անվստահության հարցը արդյունք չտվեց քվեարկության չկայանալու պատճառով՝ ներկա էին կոալիցիայի 60-70 պատգամավորներ, բայց այդ առաջարկին դեմ քվեարկեցին միայն 13-ը: Բնական է, որ ՀՅԴ խմբակցության 16 մանդատները բավարար չեն ԱԺ-ում անվստահության խնդիրը լուծելու համար, բայց վստահ եմ, որ հասարակական կարծիքի ճնշումը կարող է ազդել այս քննարկումների վրա: Ամեն դեպքում՝ հասարակությունը պետք է ընդգրկվի այս գործընթացում: Ստորագրահավաքը քայլ է՝ աջակցելու, խրախուսելու անվստահության ուղղությամբ ԱԺ մեր խմբակցության գործունեությունը:
– Երկրորդ գործընթացը թերեւս «Քվեն ուժ է» շարժմանն է վերաբերում. էլի հրապարակվել են տեղեկություններ, որ միայն Գյումրիում այս ծրագրի շրջանակներում պայմանագիր են կնքել շուրջ 1000 քաղաքացիներ: Այս էլ երկրորդ անգամ է, որ ՀՅԴ-ն նման գործընթաց է նախաձեռնում՝ նախորդը «Ես Վահանի հետ եմ» համաձայնագրերն էին: Այս անգամ ինչպե՞ս եք օգտագործելու այդ պայմանագրերը:
– Երկրորդ գործընթացը Ընտրական իրավունքի պաշտպանության շարժումը ձեւավորելու խնդիրն է, որը մեր հարցերի հարցն է, քանի որ այն ճանապարհը, որով ցանկանում ենք իրականացնել իշխանափոխություն՝ պայմանավորված է այդ շարժման հաջողությամբ: Այսինքն՝ մենք ցանկանում ենք իշխանափոխություն իրականացնել ընտրությունների միջոցով, ինչն այս պայմաններում մեզ թվում է առավել անվտանգ եւ ավելի անվնաս՝ առանց զոհերի, առանց արյան եւ այլն: Այդ ճանապարհը քանի չենք անցել՝ մյուս բաների մասին խոսելն ավելորդ է: Ուստի այս շարժման միջոցով ցանկանում ենք ընտրական գործընթացները դարձնել այնքան վերահսկելի, որ առնվազն էապես դժվարացվի իշխանությունների վերարտադրությունը: Անսանձ վիճակում են իրենք, եւ վերարտադրման խնդիրն այսօր իրենց թվում է լուծված:
Այս շարժմանն առնչվող գաղափարների, ծրագրերի փուլն արդեն համարում ենք ավարտված՝ խորհրդաժողովներ են եղել եւ այլն, բոլորը հասկանում են, թե ինչ ենք ուզում, ինչպես, ինչ փուլերով: Գաղափարական հատվածը հստակեցված է՝ հիմա անհրաժեշտություն կա այդ ամենը հասցնել ժողովրդին եւ, ըստ էության՝ ձեւավորել այս շարժումը: Եվ պայմանագրերը, որ կնքում ենք՝ այդ նպատակն են հետապնդում, այսինքն՝ հնարավոր ընտրողը, ընդունելով այս շարժման գաղափարները, տեսնելով իր դերը՝ հայտնում է իր մասնակցության մասին այս գործընթացի մեջ:
Հ. Գ. Արմեն Ռուստամյանը հայտնեց, որ նորից են պնդելու ընտրական միասնական շտաբ ձեւավորելու առաջարկը: Մանրամասն՝ վաղվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել