Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԱՐՏԻ 1»-Ը ՄՆՈՒՄ Է «ԱՔԻԼԼԵՍՅԱՆ ԳԱՐՇԱՊԱՐԸ»

Սեպտեմբեր 01,2011 00:00

\"\"ՀՔԾ-Ն ալարո՞ւմ, թե՞ սկզբունքորեն չի ուզում փորձաքննության ենթարկել մարտի 1-ին բանակայինների կրած զենքերը:

Երեկ ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ, «Մարտի 1-ի» քրեական գործի վարույթն իրականացնող քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանն իր հերթական ասուլիսում հայտարարել է, թե անհրաժեշտություն չի տեսնում փորձաքննության ենթարկել համացանցում հայտնված այն տեսագրությունը, որում երեւում է, որ 2008թ. մարտի 1-ի ցերեկը Մելիք-Ադամյան փողոցում կանգնած են զինվորական համազգեստով անձինք եւ ՊՆ համարանիշներով ավտոբուսներ: Դա, ըստ էության, ապացուցում է այն, որ բանակը շատ որոշակի մասնակցություն է ունեցել մարտիմեկյան դեպքերին, ինչը հետեւողականորեն հերքում են ոչ միայն ՀՀ բարձրագույն իշխանությունները, այլեւ ՀՔԾ-ն: «Ի՞նչ փորձաքննություն անցկացնենք: Ի՞նչ է արել մարտի 1-ին բանակը: Տեսականորեն ընդունենք, որ եղել են զինվորներ, ինչքանո՞վ են նրանք ներգրավված եղել ներքաղաքական գործընթացներին»,- ասել է Վ. Հարությունյանը: Հիշեցնենք, որ վերջինս իր նախորդ ասուլիսում, երբ խոսք էր գնացել մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ սպանությունների հանգամանքները բացահայտելու բանակի մասնակցության մասին, հայտարարել էր, թե բանակի որեւէ ստորաբաժանում չի մասնակցել զանգվածային անկարգություններն անմիջականորեն կանխելու գործողություններին, այդ իրադարձությունների ընթացքում ընդհանրապես որեւէ շփում քաղաքացիների հետ չի ունեցել, ուստի՝ իմաստ չի եղել նաեւ «բանակի տրամադրության տակ եղած զենքերը փորձաքննության ենթարկել, մանավանդ, որ դա տեխնիկապես եւ ֆիզիկապես անհնարին է»:
Բայց բանն այն է, որ հակառակ Վ. Հարությունյանի արած շեշտադրության՝ մարտիմեկյան դեպքերի ժամանակ բանակի մասնակցությունը երկրի ներքաղաքական գործընթացին, ՀՀ Սահմանադրության խախտում լինելուց զատ, ոչ պակաս կարեւոր արձանագրում էր նաեւ այն իմաստով, որ բանակի զինծառայողների կրած զենքերը, որոնք հստակորեն երեւում էին վերոհիշյալ տեսանյութում, կարող էին այդ դեպքերի ժամանակ նաեւ օգտագործված լինել հենց քաղաքացիների դեմ: Ավելին, ընդդիմության, իսկ ավելի կոնկրետ՝ Փաստահավաք խմբում ՀԱԿ ներկայացուցիչ Անդրանիկ Քոչարյանի ավելի վաղ հնչեցրած պահանջը՝ փորձաքննության ենթարկել նաեւ մարտիմեկյան դեպքերին մասնակցած բանակային ուժերի զենքերը, չի վերաբերում բանակի տրամադրության տակ եղած բոլոր զենքերին, ինչպես փորձում է ներկայացնել ՀՔԾ քննիչը, այլ բացառապես այն զինվորականներինը, որոնք այդ օրը Երեւանում զենք են կրել: Այդ մասին ժամանակին պնդել էր Փաստահավաք խմբում ՀԱԿ ներկայացուցիչ Անդրանիկ Քոչարյանը՝ ասելով, որ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը խմբում հարցաքննության ժամանակ հայտարարել էր, թե մարտի 1-ին ոչ միայն զինվորական հագուստ է բաժանվել, այլեւ՝ զենք: «Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանն ինքն է Փաստահավաք խմբին հայտնել, որ ՊՆ-ն 2008-ի մարտի 1-ին ավտոբուսներ է տրամադրել, եւ ըստ նրա տված պարզաբանումների՝ յուրաքանչյուր ավտոբուս ուղեկցել են ավտոմատավոր զինվորականներ: Դա նշանակում է, որ ավտոբուսների հետ եկել են ավտոմատավոր զինվորականներ, իսկ սա էլ նշանակում է, որ նախաքննության մարմինը պարտավոր է այդ բոլոր ինքնաձիգներն ուղարկել փորձաքննության, որը չի արել»,- երեկ էլ Վ. Հարությունյանի հայտարարության առնչությամբ «Ա1+»-ի հետ զրույցում հավելյալ պարզաբանում է տվել Ա. Քոչարյանը: Մինչդեռ «Մարտի 1»-ի վարույթն իրականացնող ավագ քննիչ Հարությունյանը երեկ հայտարարել է, թե՝ առաջին անգամ է լսում Փաստահավաք խմբում հարցաքննության ժամանակ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի հայտարարության մասին, թե «Մարտի 1»-ին ոչ միայն զինվորական հագուստ է բաժանվել, այլեւ՝ զենք: Հիշեցնենք, որ նույն Վ. Հարությունյանն ավելի վաղ, ըստ «Ազատություն» ռ/կ-ի օգոստոսի 15-ի հաղորդման, իր ասուլիսում խոսելով 2008թ. մարտի 1-ին ոստիկանությանը ավտոմեքենաներ եւ զինված բանակայիններ տրամադրելու մասին՝ ինքն էր հայտարարել, թե՝ «առավոտյան ոստիկանապետի խնդրանքով պաշտպանության նախարարության բազմաթիվ տրանսպորտային միջոցներ՝ իրենց վարորդներով, տրամադրվել են ոստիկանությանը: Բոլոր ավտոմեքենաները վարել են զինվորականներ, նաեւ, այո՛, զինված են եղել»: Խոսքը հենց այդ զինված մարդկանց զենքերը փորձաքննության ենթարկելու պահանջին էլ վերաբերում է:
Ի դեպ, ըստ ՀՀ գլխավոր դատախազության կայքում տեղադրված հաղորդագրության, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը միջնորդություններ է ներկայացրել միջազգային կառույցների ներկայացուցիչներին՝ 2011թ. մայիսի 23-ին youtube.com-ում «martimek2008» անվամբ գրանցված կայքի բաժանորդի կողմից տեղադրված տեսաձայնագրության «Ահա թե ինչպես են կրակում 2008թ. մարտի              1-ին…» վերնագրով հատվածը միջազգային մասնագետների ներգրավմամբ փորձաքննության ենթարկելու հարցում աջակցություն ստանալու խնդրանքով: ՀՀ գլխավոր դատախազը նաեւ պատրաստակամություն է հայտնել «ապահովել փորձագետների աշխատանքների իրականացման համար բոլոր անհրաժեշտ պայմանները՝ փորձաքննությունն ինչպես ՀՀ-ում, այնպես էլ արտերկրում անցկացնելու համար: Պատրաստ ենք հոգալ նրանց՝ ՀՀ ժամանելու, այստեղ գտնվելու եւ մեկնելու բոլոր ծախսերը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել