Լրահոս
Օրվա լրահոսը

Առանց տրիբունայի մարզադաշտ

Օգոստոս 31,2011 00:00

Մարզասերներին մոռացել են

\"\"

Նոյեմբերյան քաղաքում մի քառամյակ է՝ ընթանում է ֆուտբոլի մարզադաշտի վերակառուցումը: Կատարվող շինարարության պատճառով արդեն 4 տարի՝ այստեղ մարզումներ կամ ֆուտբոլային խաղեր չեն կայանում: Նախկինում, մինչեւ վերակառուցման աշխատանքների մեկնարկը, այդ խաղադաշտում հանդիպումներ էր անցկացնում հանրապետական առաջնությանը մասնակցող քաղաքի մանկապատանեկան թիմը: Արդեն 4 տարի այդ թիմը հարկադրված տան հանդիպումներն անցկացնում է Տավուշի մարզի Կողբ կամ Հաղթանակ գյուղերի մարզադաշտերում:
Նոյեմբերյանի խաղադաշտի վերակառուցումը սկսվեց 2007 թվականի աշնանը՝ 2007-ի սեպտեմբերին կառավարությունը հրատապ հիմնախնդիրների լուծման նպատակով պետական բյուջեով նախատեսված պահուստային ֆոնդից Տավուշի մարզպետարանին հատկացրեց 196,772 միլիոն դրամ՝ Նոյեմբերյանի ֆուտբոլի մարզադաշտի վերանորոգման համար: Առաջին փուլում պետբյուջեից հատկացվեց 50 միլիոն դրամ: 48 միլիոն դրամ առաջարկով շինարարական աշխատանքների մրցույթը շահեց Իջեւանի «Հայկ եւ որդիներ» արտադրական կոոպերատիվը: Սկսվեցին աշխատանքները, խաղադաշտը 6 մետր ընդլայնվեց, խաղադաշտի եզրին կառուցվեց հենապատ եւ 27 մ երկարությամբ ու 6 մ լայնությամբ շինություն: Այդ շենքում թիմերի հանդերձարանները պիտի լինեն եւ երկու փոքր մարզադահլիճ: Կառույցի երրորդ հարկը բաց է՝ օթյակ, որպեսզի այդտեղից մարզական ղեկավարները եւ պատվավոր հյուրերը հետեւեն ֆուտբոլային մրցավեճերին: 2007 թվականի վերջին մարզադաշտի հենապատն ու երկհարկանի շենքը կառուցված էին, սակայն երկրորդ հարկի բետոնե առաստաղը կիսով չափ բաց էր մնացել, ներքին հարդարման աշխատանքները կատարված չէին: 48 միլիոն դրամն այդքան էր բավարարել: Մարզադաշտի շինարարության երկրորդ փուլը իրականացվեց 2009-ին, այդ նպատակով պետբյուջեից հատկացվեց 28 միլիոն դրամ: Քանի որ մարզադաշտի վերակառուցումը «Հայկ եւ որդիներ» արտադրական կոոպերատիվն էր սկսել, այդ կազմակերպությանն էլ հնարավորություն տրվեց շարունակելու եւ ավարտելու գործը: 2010թ. իրականացվեց ծրագրի երրորդ փուլը, բյուջեից հատկացվեց 20 միլիոն դրամ: Այժմ ընթացքի մեջ է ծրագրի 4-րդ փուլը, այս փուլի համար պետբյուջեից հատկացվել է 61,485 միլիոն դրամ: Ներկայումս խաղադաշտի տարածքում ջրահեռացման խողովակներ են տեղադրված: «Հայկ եւ որդիներ» արտադրական կոոպերատիվի ղեկավար Ժորա Ղազումյանի խոսքով, խաղադաշտի ներքեւի մասը ընդլայնվելու է, որպեսզի այն համապատասխանի ֆուտբոլային մարզադաշտերի ընդունված չափերին: Այդ հատվածում կառուցվելու է հենապատ: Ժորա Ղազումյանը հայտնեց, որ աշխատանքների ավարտին խաղադաշտը ծածկվելու է որակյալ խոտածածկույթով: Նախատեսված է մարզադաշտի վերակառուցման 4-րդ փուլը ավարտել ընթացիկ տարվա հոկտեմբերի վերջին: Չորս փուլով տեսքի բերվող խաղադաշտը, սակայն, տրիբունա չի ունենալու: Նոյեմբերյանի խաղադաշտի վրա պետբյուջեից 4 տարվա ընթացքում 157,485 միլիոն է ծախսվելու, սակայն մարզասերները տեղ չեն ունենալու: Ի՞նչ մարզադաշտ՝ առանց տրիբունաների: Նոյեմբերյանի մարզադաշտի դիրքն այնպիսին է, որ ֆուտբոլասերների համար տրիբունա կարող է կառուցվել միայն խաղադաշտի վերեւի հատվածում: Իսկ այստեղ, արդեն 20 տարի՝ որպես խանութ ծառայող վագոն-տնակներն են՝ կրպակներ: Դրանց տերերը տարածքի վարձակալության պայմանագրեր ունեն Նոյեմբերյանի քաղաքապետարանի հետ: Ուրեմն Նոյեմբերյանը կարգին, ֆուտբոլասերների նստելատեղերով մարզադաշտ չի ունենալու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031