Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵԾԱՆԻՎ ՉԵՆ ՀՈՐԻՆԵԼ, ԸՆԴԱՄԵՆԸ ՀՍՏԱԿԵՑՐԵԼ ԵՆ

Օգոստոս 31,2011 00:00

Վստահեցնում է Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Արման Ծատուրյանը

\"\"

Ավելի քան 6 ամիս է, ինչ կառավարության որոշմամբ ստեղծվել է Կամերային երաժշտության ազգային կենտրոն։ Արդյո՞ք այն արդարացնում է իրեն՝ որպես արվեստի կառավարման նոր ձեւ։ Այս եւ այլ հարցերի պատասխանները ակնկալելու նպատակով «Առավոտը» զրուցեց արվեստագիտության թեկնածու, Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Արման Ծատուրյանի հետ։ Նշենք, որ կենտրոնում ընդգրկված են Սոնա Հովհաննիսյանի, Ռոբերտ Մլքեյանի, Հարություն Թոփիկյանի ղեկավարած կամերային երագչախմբերը, «Տաղարան» եւ Մենակատարների կամերային անսամբլները եւ Վահան Մարտիրոսյանի գլխավորությամբ գործող կամերային անսամբլը։
Արման Ծատուրյանը նախ նշեց, որ կենտրոնի ստեղծմամբ իրենք հեծանիվ չեն հորինել, քանի որ նախկին ԽՍՀՄ երկրներում այսօր էլ գործում են նմանատիպ կենտրոններ։ «Կենտրոնում ընդգրկված կոլեկտիվների մեծ մասը չուներ իրավական կարգավիճակ, օրինակ՝ «Հովեր» երգչախումբը կցված էր Ֆիլհարմոնիկ նվագախմբին, Կամերային երգչախումբը՝ Կամերային նվագախմբին եւ այլն։ Ներկայումս 6 կոլեկտիվներ ունեն տնօրեն, հստակեցվել է իրավական դաշտը։ Եթե կոլեկտիվները նախկինում վճարում էին դահլիճի համար, այժմ, բնականաբար, Կամերային երաժշտության տան սրահն անվճար է։ Իսկ ամենագլխավորը՝ գալիք համերգաշրջանից յուրաքանչյուր երեքշաբթի եւ հինգշաբթի օրերին Կամերային երաժշտության տանը կհնչի զուտ կամերային երաժշտություն, այնպես, ինչպես դասական երաժշտության երկրպագուների համար նորություն չեն Ֆիլհարմոնիկ նվագախմբի ուրբաթօրյա համերգները»,- տեղեկացրեց Ա. Ծատուրյանը։ Հավելեց նաեւ, որ շուտով կհրատարակվի գրքույկ, որից հանդիսատեսը կծանոթանա առաջիկա 6 ամիսների կտրվածքով կայանալիք երեկոների ծրագրին։ Ավելին, շուտով Կամերային երաժշտության ազգային կենտրոնը կունենա իր կայքը, որտեղ, բնականաբար, կտեղադրվի մեր գործունեության ժամանակացույցը, ինչպես նաեւ արտերկրի երաժշտասերը հնարավորություն կունենա օնլայն տարբերակով ձեռք բերել նախընտրելի ստեղծագործությունը։
Վերջին շրջանում կենտրոնի կազմում ընդգրկված կոլեկտիվները խոսում են տարեկան համերգների սակավության մասին։ Արդյո՞ք արդարացված թիվ է դա եւ չի նշանակում, որ բյուջետային կոլեկտիվները, փաստորեն, զրկվում են արտաբյուջետային միջոցներից, ասել է թե՝ աշխատավարձի թվի հավելավճարի հնարավորությունից։ Եթե միջին աշխատավարձը կազմում է 40 հազար դրամ, ապա կառավարության որոշման համաձայն՝ արտաբյուջեն  հնարավորություն կտար այն բարձրացնել 50%-ով։ «Սուբսիդիայի պայմանագրով, օրինակ, հաստատված է կենտրոնում ընդգրկված կոլեկտիվների տարեկան համերգների քանակը։ Երբ այս առիթով մշակույթի նախարարություն էինք ներկայացնում, օրինակ, Ռոբերտ Մլքեյանի ղեկավարած երգչախմբի անցյալ համերգաշրջանում կայացած համերգների քանակը, պարզ դարձավ, որ, ըստ պայմանագրի, 15 բեմելի փոխարեն երգչախումբը հանդես է եկել 38 համերգով։ Այսպես կոչված՝ «պլանից դուրս» տրված համերգների համար տրվում է ելույթավճար»,- հայտնեց մեր զրուցակիցը։
Ժամանակին անվանի երաժիշտներ, այդ թվում՝ Ալեքսանդր Հարությունյանը, Ռոբերտ Ամիրխանյանը, Արամ Սաթյանը եւ այլք մտահոգություն էին հայտնել Հայաստանի պետական կամերային նվագախմբի ծրագրային քաղաքականության առիթով։ Այս դիտարկմանն ի պատասխան՝ պրն Ծատուրյանն ասաց. «Կոլեկտիվների համերգային ծրագրերը, ի վերջո, հաստատվում են մշակույթի նախարարությունում։ Հարցադրման առիթով նշեմ, որ Կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար Վահան Մարտիրոսյանը հանդիպել է հայաստանյան երկու կոմպոզիտորների միությունների առաջնորդների՝ Ռոբերտ Ամիրխանյանի եւ Լեւոն Չաուշյանի հետ, ինչի արդյունքում հոկտեմբերի 30-ին Կամերային նվագախմբի համերգում կհնչեն զուտ հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ»։
Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ Կամերային երաժշտության ազգային կենտրոնը դատական վեճի մեջ է Երեւանի քաղաքապետարանի հետ։ Կռվախնձորը Կոմիտասի անվան երաժշտության տան հարակից տարածքն է։ Այս առիթով Ա. Ծատուրյանը ընդամենը հայտնեց հետեւյալը. «Մենք տարածքում գործող սրճարաններին դեմ չենք, սակայն ուզում ենք առանձնացնել այն տարածքը, որը ժամանակին սահմանագծել է ճարտարապետ Քյուրքչյանը»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել