ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ ասել է, որ բացահայտված է այն անձանց շրջանակը, որոնք կարող են մեղավոր լինել 6-րդ պաշտպանական շրջանի զինծառայող Աղասի Աբրահամյանի մահվան համար: «Մեդիամաքսը» նշում է, որ ժամկետային զինծառայող Աղասի Աբրահամյանն օգոստոսի 26-ին անգիտակից վիճակում տեղափոխվել էր բուժկետ, այնուհետեւ՝ հոսպիտալ, որտեղ եւ մահացել էր:
Նախարարի խոսքով, հարուցված է քրեական գործ, դատաբժշկական փորձաքննության արդյունքում հաստատվել է, որ զինծառայողի հանդեպ արտաքին ներգործություն է եղել: Սեյրան Օհանյանն ասել է, որ քրեական գործի շրջանակներում լուրջ աշխատանքներ են տարվում եւ շեշտել է, որ «կարվի ամեն ինչ, որպեսզի մեղավորները բացահայտվեն ու պատժվեն»: