Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱԽՇՅԱՆԸ ՊԱՏՎԵ՞Ր Է ԿԱՏԱՐԵԼ

Օգոստոս 31,2011 00:00

\"\"Նոր բացահայտումներ՝ Գյումրիի մանկատնից

ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը վերջերս պատահական օր այցելել էր Գյումրիի երեխաների տուն ու մի շարք խախտումներ գտել. մասնավորապես, պատգամավորին հետաքրքրել էր, թե ո՞ւր են գնում մանկատան երեխաներին հատկացվող գումարները, հսկայական օգնությունները, եթե պետբյուջեից հատկացվող գումարը ծախսվում է սննդի եւ աշխատավարձի վրա, մանկատան գույքն ու փամփերսը տալիս են բարերարները, երեխաների վիրահատություններն էլ կազմակերպվում են անվճար հիմունքներով: Մանկատանը տիկին Բախշյանը զգացել էր գարշահոտություն եւ հասկացել, որ երեխաների փամփերսն առանձնապես հաճախ չեն փոխում, բացի այդ, այս բոլոր խնդիրները տիկին Բախշյանին կասկածելի չէր թվա, եթե այդ մանկատան տնօրեն Ռուզաննա Ավագյանի դեմ 2010-ի հունվարին քրեական գործ հարուցված չլիներ: Ինչպես հայտնի է, այդ գործը կարճվել է համաներմամբ: Այսինքն, տիկին Ավագյանը դատական ճանապարհով չի ապացուցել իր անմեղությունը: «Առավոտի» հետ զրույցում այս ամենի մասին պարզաբանումներ տալիս տնօրենը ուշագրավ հայտարարություն արեց: Նրա մեկնաբանմամբ՝ Անահիտ Բախշյանը, իր մանկատուն այցելելիս, «պատվեր» է կատարել: Պատվիրատուն սփյուռքահայ ռեժիսոր, բարերար Արազ Արթինիանն է, որը նպատակ է դրել իրեն ազատել տնօրենի պաշտոնից. «Պատճառն այն է, որ նա շատ էր քիթը խոթում մեր գործերի մեջ: Մի օր ինձ Արազը զանգեց, ասաց, որ Կանադայից փող է հավաքում՝ մեր մանկատան երեխաներին օգնելու համար, ի՞նչ առնեմ: Ես հիվանդ էի, ասացի՝ զանգիր մանկատուն, տես այս պահին ինչի կարիք կա՝ դա էլ առ: Նա բերել էր զսպանակավոր ներքնակներ եւ փամփերսներ, որոնք ակտավորվել են: Երեւի այդ ճանապարհով ուզում էր ներս մտնել: Մի օր, իմանալով, որ ես մանկատանը չեմ, տորթով գնացել էր մանկատուն՝ իբր երեխաներին ուրախացնելու, ձեռքի հետ էլ նկարել էր երեխաներին: Այդ լուսանկարները նա օգտագործում է՝ երեխաների անունով գումար հավաքելու համար ու այդ գումարներից թե որ մասն է տեղ հասնում՝ պարզ չէ: Ես իմացա, որ գաղտնի նկարել է՝ զայրացա, որովհետեւ երեխաներիս անհայտ միջոցներով օգտագործում է, նկարները գցել է Facebook, երբ ոչ այդ երեխաների ծնողներն են իրենց համաձայնությունը տվել, ոչ էլ ես»: Facebook սոցիալական կայքում մենք գտանք Արազ Արթինիանին, որը ներկայումս արտերկրում է: Նրա կայքում իսկապես մանկատան՝ տարբեր հաշմանդամություն ունեցող երեխաների լուսանկարներն էին տեղադրված: Երբ Արազին տեղեկացրինք, որ նա քրեորեն պատժելի արարք է թույլ տվել՝ երեխաների լուսանկարները առանց խնամակալի թույլտվության զետեղելով իր էջում եւ նրանց անունով փող հավաքելով՝ նա պատասխանեց. «Եթե Ռուզան Ավագյանը երեխաների խնամակալը լիներ, երեխաների առողջությամբ պիտի զբաղվեր: Նա 14 երեխաների բանտարկված վիճակով եւ իրենց հաշմանդամություններով պահել էր ու ոչ մի բան չէր անում, որ նրանք լավանան, քայլեն: Իմ օգնությամբ երեխաները քայլում են, տեսնում են, լսում են: Եթե ինքը մի քիչ մանկատան երեխաներով զբաղվեր, դրսից մարդիկ պետք պիտի չունենային այդ երեխաների առողջությամբ զբաղվելու: Ես էդ երեխաներու համար փող չեմ հավաքում, վիրահատությունները պետպատվերի տակ են, իմ խիղճը հանգիստ է»:
Արազ Արթինիանի եւ Ռուզաննա Ավագյանի հիմնական ընդհարումը եղել է մանկատան երեխաների վիրահատությունից հետո: Տնօրենի պատմելով՝ «Մի օր Արազը եկավ ու ասաց՝ ուզում եմ երեխաներին վիրահատել: ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանն այդ ժամանակ հովանավորում էր Շիրակի մարզի հաշմանդամ երեխաների վիրահատությունը, բայց քանի որ Արազին էլ էինք խոստացել, մի քանի երեխայի էլ թույլ տվեցինք, որ նա վիրահատի: Վիրահատությունից մի քանի օր անց Արազն ինձ սկսեց մեղադրել, թե Ռուզա՛ն, էս ի՞նչ փողեր ես վերցնում վիրահատությունների համար՝ 25 հազար դոլար ես վերցրել Սամվել Բալասանյանից, մինչդեռ վիրահատության գումարը տալիս էին ոչ թե առձեռն, այլ՝ սերտիֆիկատների տեսքով: Ես խնդիրներից հեռու մնալու համար նրան արգելեցի մանկատուն մտնել եւ երեխաներին վիրահատել, որից հետո գործին խառնվեց Անահիտ Բախշյանը: Նա ինձ զանգեց ու հարցրեց, թե ինչո՞ւ թույլ չեմ տալիս, որ մանկատան երեխաները փրկվեն, որ Արազը վիրահատություն անի: Ես էլ ասացի, որ նրա հետ պայմանագիր էլ չունեմ, որ չեմ վստահում, երբ Արազը չկար՝ երեխա չէ՞ր փրկվում: Ես բազմաթիվ ընկերությունների, հիմնադրամների հետ եմ աշխատել, ոչ մեկի մոտ կասկած չի առաջացել, որ ես խաբում եմ: Հարուցված քրեական գործի ընթացքում որեւէ բան իմ դեմ չեն գտել: Իսկ ինչ օգնություն էլ մտել է մանկատուն՝ ակտավորվել է տեղում»:
Իսկ Արազ Արթինիանը վստահեցնում է, որ երբ մանկատանը տեսել է վիրահատության կարիք ունեցող երեխաների, տնօրենն ասել է, որ փող չունեն նրանց Երեւան տանելու ու բուժելու, դրա համար էլ այդ երեխաներով սկսել է զբաղվել ինքը. «Երեխաներին անտեր էր թողել: Ես բուժել եմ Մարիին, Միլենային, Գոհարիկին, Լիլիթին, Երեւանում օգնել եմ մեկ այլ Միլենայի, Սաթենիկին: 5 տարի նա կարող էր բուժել այդ երեխաներին ու ոչինչ չէր արել, նրանց փակել էր սենյակում, երեխաները լքված էին, ահավոր վիճակ էր»:
Նշենք, որ տիկին Բախշյանը «Առավոտի» հետ զրույցում հավաստիացրեց, որ ինքը այդ մանկատնով հետաքրքրվել է՝ զուտ հասարակական եւ պետական շահից ելնելով եւ ոչ մի պատվեր էլ չի կատարել: Պատգամավորի դիտարկմամբ՝ նման անցյալ ունեցող տնօրենին պետք է որ թույլ չտային նույն պաշտոնում մնալ, քանի դեռ նա չի ապացուցել իր անմեղությունը:
«Առավոտը» շուտով կներկայացնի կարծիքներ այլ բարերարներից, ովքեր երբեւէ համագործակցել են տիկին Ավագյանի հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել