Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՆՏԵՍՎԱՐՈՂԻՆ «ԱՆԱԿՆԿԱԼ» ԵՆ ՄԱՏՈՒՑԵԼ

Օգոստոս 31,2011 00:00

\"\"Հարկայինը նրա վրա մոտ 14 միլիոն դրամի պարտք է դրել

Բյուջեն լցնելու պատրվակով Պետական եկամուտների կոմիտեն օրը մի խորամանկ հնարք է կիրառում եւ տնտեսվարողներին, այսպես ասած, «փոսը գցում»: Մեր երկրում գործարարը պարտավոր է լիարժեք հարկ վճարել՝ անգամ իր բիզնեսը ողջ հզորությամբ չաշխատեցնելու դեպքում եւս: Եվ այնքան ժամանակ հարկային մարմինը տնտեսվարողին տեղյակ չի պահում նրա՝ տուգանքներ «շալակելու» մասին, մինչեւ դրանք չեն հասնում միլիոնների, ինչից հետո կամ գործարարը ստիպված է լինում բիզնեսը փակել, կամ ունեցած-չունեցածը գրավ դնել՝ հարկայինի պարտքի տակից դուրս գալու համար:
Թիվ 98 երթուղագիծը շահագործող «Հակո» արտադրական կոոպերատիվը ճիշտ այդ վիճակում է հայտնվել: «Հակո» կոոպերատիվը երթուղին սպասարկելու մրցույթը շահել է 27 մեքենաներով, որոնցից 5-ը պահուստային է: Սակայն ժամանակի ընթացքում որոշ մեքենաներ շարքից դուրս են եկել, որոշ վարորդներ էլ իրենց սեփական մեքենաներով աշխատանքից են դուրս եկել, ուստի՝ ընկերության տնօրեն Վլադիկ Աբրահամյանը 2009թ. դիմել է Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչություն, որպեսզի թվով 6 միկրոավտոբուսների շահագործումը ժամանակավոր դադարեցվի: Տրանսպորտի վարչությունն էլ բավարարել է գծատիրոջ դիմումը եւ տրամադրել համապատասխան փաստաթղթեր, ըստ որի՝ այդ մեքենաներն իսկապես չեն շահագործվում: Որպեսզի չշահագործվող մեքենաների համար հաստատագրված հարկ չվճարվի, ընկերության տնօրենը տրանսպորտի վարչության կողմից տրված տեղեկանքը ներկայացրել է Մալաթիա-Սեբաստիա համայնքի հարկային տեսչություն: Ամիսներ շարունակ հարկային տեսչությունից ոչ մի նախազգուշացում չի եղել, որ, ասենք՝ հարկերի թերվճարում է կատարվում, ուստի Վ. Աբրահամյանը կարծել է, որ հարկայինն իր դիմումն ի գիտություն է ընդունել եւ ընթացք է տվել: Սակայն այս տարվա մայիսին ընկերության տնօրենը տհաճ անակնկալի է գալիս. նրան հրավիրել են հարկային եւ հայտնել, որ կոոպերատիվը 2009 թվականից հաստատագրված հարկերը վճարել է օրենքով սահմանվածից պակաս չափով, ինչի պատճառով կազմակերպության նկատմամբ նշանակվել է տուգանք՝ մոտ 5 միլիոն դրամի չափով: «Ես եռամսյակը մեկ հաշվետվություն եմ ներկայացնում եւ մնացած բոլոր հարկերը ժամանակին վճարում եմ, եթե անգամ սոցվճարը կամ եկամտահարկից, գույքահարկից, կամ այլ հարկատեսակից պակաս էի վճարած լինում, ինձ զգուշացնում էին այդ մասին: Սակայն ՊԵԿ-ը ինձ ոչ մի անգամ չի զգուշացրել, որ թերվճարումներ ունեմ հաստատագրված հարկի մասով, ես էլ մտածել եմ, որ չշահագործող մեքենաներն ազատված են հաստատագրված հարկից»: Հետաքրքիրն այն է, որ հարկայինը ընկերության տնօրենից կրկին փաստաթղթեր է պահանջել չշահագործվող մեքենաների վերաբերյալ: Երբ Վ. Աբրահամյանը հիշեցրել է, որ դրանք դեռեւս 2009-ին է ներկայացրել հարկային տեսչություն, վերջիններս իրենց վրայից ցրելով պատասխանատվությունը՝ հերքել են, իբր թե իրենց տրամադրության տակ նման փաստաթղթեր գոյություն չունեն: Չնայած որ Վ. Աբրահամյանը «Երեւանտրանսից» վերցրել է այդ փաստաթղթերի պատճենները եւ ներկայացրել հարկային, այնուամենայնիվ, մի քանի օր հետո ՊԵԿ-ը ստուգումների արդյունքներն ուղարկել է կոոպերատիվին, որով պարտավորեցնում է 14.655.112 դրամ վճարել։ Փաստորեն, մինչ ընկերության ղեկավարը հանգիստ գլուխը բարձին էր դնում՝ «վճարիր հարկերդ եւ քնիր հանգիստ» սկզբունքով, հարկայինը հսկայական պարտքեր է բարդել նրա վրա: Ընդ որում, 14.655.112 դրամից 7 միլիոնը մայր գումարն է, որը ընկերությունը վճարել է, որպեսզի ավելի տուգանքներ չգրվեն:
Վ. Աբրահամյանը վստահ էր, որ պարտքեր չունի ոչ միայն այն պատճառով, որ հարկայինը 2 տարի չի նախազգուշացրել, այլեւ մի առիթով իրավապահ մարմինները «Հակո» ընկերության հարկային հաշվետվությունների մասին հարցում են պահանջել, որին ի պատասխան՝ հարկայինը 2010 թվականի հոկտեմբեր եւ նոյեմբեր ամիսներին գրավոր վստահեցրել է՝ տնտեսվարողը բոլոր հարկատեսակները վճարել է եւ որեւէ «պարտք ու պահանջ» չունի: Ավելին՝ հարկայինը նշել է նաեւ, որ կոոպերատիվը իր հարկերը դեռ մի բան էլ ավելի է վճարել եւ այդ պահի դրությամբ 70 հազար դրամի հավելավճար է ունեցել:
«Հակո» կոոպերատիվի տնօրենի խոսքերով՝ երթուղի էր դուրս գալիս հիմնականում 17-19 մեքենա. «Հարկայինի ներկայացրած ակտում նշված է, որ ստուգել են եւ հայտնաբերել, թե իբր 21 մեքենա է եղել գծում: Իրենք 1 օր են ընդամենը ստուգել, այնինչ՝ առնվազն 10 օր շարունակ պետք է ստուգեին: Գուցե էդ մի օրը 21 մեքենա է եղել, դա չի նշանակում, որ ամբողջ տարին այդ քանակով են մեքենաները սպասարկել: Մի օր մեքենա է փչանում, մյուս օրը վարորդն է աշխատանքից ազատվում, էն մյուս օրը էն մյուս վարորդը հիվանդ է եւ գիծ դուրս չի գալիս: Ես, ի՞նչ է, պետք է ժամը մեկ գնամ հարկայի՞ն, մեկ՝ բժշկի թուղթ տանեմ, մեկ՝ անսարք մեքենայի մասին թուղթ: Մի խոսքով՝ չաշխատելու համար էլ պետք է հարկ վճարեմ»:
Այս առնչությամբ ՊԵԿ-ից «Առավոտին» հայտնեցին. «Եթե միկրոավտոբուսների քանակը, որոնց վերաբերյալ վճարողի կողմից սահմանված կարգով նախապես ներկայացվել են հայտարարություններ, պակաս է կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնելու համար տվյալ երթուղու սպասարկման անհրաժեշտ միկրոավտոբուսների (առանց պահուստային տրանսպորտային միջոցի) քանակից, ապա տվյալ ամսվա համար հաստատագրված վճարի չափը որոշվում է տվյալ երթուղու սպասարկման համար անհրաժեշտ միկրոավտոբուսների (ներառյալ պահուստային տրանսպորտային միջոցները) քանակով: Այսինքն՝ չաշխատող մեքենաների համար պարտավոր է վճարել»: Ինչ վերաբերում է հարկատուին նախազգուշացնելուն, ՊԵԿ-ից հայտնեցին, որ նման պարտավորություն օրենքով սահմանված չէ:
Վ. Աբրահամյանը պատրաստվում է դիմել Վերահսկիչ պալատ, որպեսզի ստուգեն թե իր եւ թե հարկայինի գործունեությունը:
Նկատենք, որ Վ. Աբրահամյանը մեծ ներդրում ունի մեր երկրի կայացման գործում: Արցախյան պատերազմի ժամանակ հաղթական դրոշը հենց նա է կանգնեցրել Աղդամի ալրաղացի տանիքին: Նա նաեւ 1988-ի երկրաշարժի գոտում՝ որպես կամավոր, մասնակցել է վերականգնողական աշխատանքներին եւ այլն:
Հ. Գ. Տնտեսվարողը, ճիշտ է, մայր գումարը վճարել է, սակայն դեռեւս մի քանի միլիոն տույժ ու տուգանքների գումար է մնացել: Նա դիմել է հարկային մարմնին՝ բիզնեսը վերջնականապես չկործանվելու համար, գոնե այդ տույժ-տուգանքների գումարները ներեն, սակայն պատասխանը եղել է բացասական:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել