Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. ՉԵՆՔ ՎԱՐԱՆԻ ՊԱՐՏԱԴՐԵԼ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ

Օգոստոս 31,2011 00:00

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ելույթ ունենալով ՀՀ արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի եւ արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների խորհրդակցության ընթացքում՝ ասել է. «Այս տարի ականատես եղանք, թե ինչպես Հարավային Սուդանը, տասնամյակներ տեւած պայքարից հետո, ձեռք բերեց իր անկախությունը՝ հարստացնելով ինքնորոշման իրավունքի իրագործման համաշխարհային փորձը եւս մեկ նախադեպով: Արցախի պարագայում այդօրինակ ելքը նույնպես անխուսափելի է, չնայած այսօր դեռեւս չեմ կարող խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում Ադրբեջանի դիրքորոշման մեղմացման մասին»: ՀՀ նախագահը նաեւ ասել է. «Մենք հասել ենք նրան, որ միջազգային հանրությունն ընդունում է մեր մոտեցումները՝ որպես առավել իրատեսական եւ խաղաղությանը նպաստող: Դրա մասին են վկայում վերջին շրջանում ԼՂ վերաբերյալ արված բարձր մակարդակի հայտարարությունները: Հստակ է նաեւ, թե ում են հասցեագրված դրանցում պարունակվող ուղերձները»: Անդրադառնալով Կազանի հանդիպմանը՝ նա նշել է, թե այն «յուրատեսակ փորձաքար էր հակամարտությունը խաղաղ բանակցային ճանապարհով եւ հնարավորինս արագ կարգավորելու կողմերի անկեղծությունն ու հաստատակամությունը գնահատելու համար: Ինչպես տեսանք, Ադրբեջանը Կազանում հետքայլ կատարեց՝ հրաժարվելով ընդհանուր հայտարարի գալուց եւ նոր խոչընդոտներ ստեղծելով հետագա համաձայնության համար»:
ՀՀ նախագահը հայտարարել է. «Թող ոչ ոք չկասկածի մեր դիրքորոշման հաստատակամությանը եւ հստակությանը. մենք ունենք կարմիր գիծ, որ չենք կարող երբեք հատել»: Նաեւ համոզմունք է հայտնել, թե Բաքուն պատրաստ չէ խաղաղության, «քանի որ հնարավոր չէ խաղաղություն հաստատել՝ պատերազմ քարոզելով, հաշտեցնել հասարակություններին` հայատյացություն սերմանելով, վստահություն կառուցել՝ սպառազինության մրցավազք հրահրելով: Ադրբեջանի նման վարքագիծն անընդունելի է, եւ մեր քայլերը կլինեն համարժեք: Համոզված եղեք՝ նոր ռազմական արկածախնդրության պարագայում Հայաստանը չի վարանելու կրկին հակառակորդին խաղաղություն պարտադրել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել