Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՊԱՆՈՒՄ ՈՉ ԹԵ ՌՈՒՍԱԿԱՆ ԳԻՄՆԱԶԻԱ, ԱՅԼ ՌՈՒՍԵՐԵՆԻ ԽՈՐԱՑՎԱԾ ՈՒՍՈՒՑՈՒՄ

Օգոստոս 31,2011 00:00

Թեեւ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը Կապանում ռուսերեն ուսուցմամբ հանրակրթական գիմնազիա ստեղծելու վերաբերյալ Հայաստանում ՌԴ դեսպանի ու Սյունիքի մարզպետարանի միջեւ ստորագրված «նկատառումների արձանագրության» մասին պարզաբանել էր, որ «պայմանագրի առարկան դուրս է մարզպետարանի իրավասության շրջանակից»՝ օրերս տեղեկություններ հրապարակվեցին, թե նման դպրոց, այնուամենայնիվ, բացվելու է: Մանկավարժների կոնֆերանսում Սյունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Լյուդվիգ Հարությունյանն ասել էր. «Կապանի թիվ 13 դպրոցի մեկ մասնաշենքում կգործի ռուսական գիմնազիա, որտեղ 1-4-րդ դասարաններում սովորող աշակերտները ռուսերենը կուսումնասիրեն խորացված ուսուցմամբ, իսկ 5-րդ դասարանից ռուսախոս աշակերտների համար օրենքով սահմանված կարգով կբացվեն համապատասխան դասարաններ»: Ընդ որում՝ հավելվել էր տեղեկություն, թե ռուսերեն լեզվով դասավանդմամբ հանրակրթական գիմնազիան գործելու է ԿԳՆ համաձայնությամբ:
Այս լուրը հրապարակվելուց հետո նախարար Արմեն Աշոտյանին «Ֆեյսբուքում» հիշեցրել էինք այս դպրոցի առնչությամբ իր նախապես արած պնդումը, թե օրենքը կգործի ամեն ինչից վեր: Նա պատասխանել էր. «Նորից կրկնեմ՝ նման դպրոցներ կարող են բացվել միմիայն օրենքով սահմանված կարգով, ինչպես ներկայումս արվում է «Քվանտ» վարժարանի դեպքում: Ինչ վերաբերում է այդ նյութին, հիմա իրողությունը ճշտում եմ մարզպետարանի հետ»:
Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը դրանից հետո երեկ հաղորդագրություն տարածեց, որում Կապանում «ռուսական դպրոց» կամ «ռուսական գիմնազիա» բացելու մասին լուրերն անվանել էր իրականության հետ աղերսներ չունեցող. «Իրականում Կապան քաղաքի թիվ 13 հիմնական դպրոցում առկա նյութատեխնիկական եւ կադրային բազայի հիման վրա նախատեսվում էր ռուսերեն լեզվով խորացված դասընթացների կազմակերպում»: Մեկ այլ ճշտման մեջ, որն արվել էր «Լրագիր» կայքէջի հարցին ի պատասխան՝ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը հայտնել էր. «Մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Լ. Հարությունյանը մանկավարժների օգոստոսյան խորհրդակցության իր ելույթում, իրոք, սխալմամբ օգտագործել է նախկինում շրջանառության մեջ եղած «ռուսական գիմնազիա» արտահայտությունը, ինչը արդարացիորեն թյուրըմբռնումների տեղիք է տվել»: Հավելվել է, թե մեջբերումից իսկ երեւում է, որ խոսքն ընդամենը հայկական դպրոցում ռուսերենի խորացված ուսուցման մասին է. «Այլապես ստացվում է, որ ռուսական գիմնազիայում նախատեսվում է ռուսերենի խորացված ուսուցում՝ 1-4-րդ դասարաններում, իսկ սկսած 5-րդ դասարանից՝ ռուսական դասարանների առկայության հնարավորություն, ինչը, ընդունեք, մեղմ ասած՝ տրամաբանական չէ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել