Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքագետը ինքնասպան չի եղել

Օգոստոս 31,2011 00:00

Բարեբախտաբար, դա միայն բլեֆ էր:

Չեմ հիշում, թե Facebook սոցիալական ցանցում մեկ էլ երբ է եղել կամ եղե՞լ է արդյոք, որ որեւէ կարգավիճակի տակ   ռեկորդային՝ ավելի քան 370, գրառում եղած լինի եւ գերակշիռ մեծամասնությամբ՝ ընդամենը մի 4-5 ժամվա ընթացքում: Երեկ այսքան գրառում եղել է քաղաքագետ, ընդդիմադիր գործիչ եւ «Հանրապետություն» կուսակցության նախկին ներկայացուցիչ Սուրեն Սուրենյանցի՝ «Ինքնասպան է եղել քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը» կարգավիճակի՝ ստատուսի տակ: Գրառումն անողները ավելի քան լուրջ էին ընդունել այդ «գույժը» եւ անհանգստացած՝ փորձում էին այդ գրառումը ճշտող՝ հերքող կամ հաստատող տեղեկություններ ստանալ, հիշեցին Գագիկ Շամշյանին, փորձ արվեց գտնել Սուրենյանցի որեւէ հարազատի հեռախոսահամարը, այցելել նրա բնակարան եւ այլն: Ցավոք, կոնկրետ տեղեկություններ ստանալու բոլոր փորձերն ապարդյուն էին. Սուրենյանցը որեւէ մեկի, այդ թվում՝ իր հարազատների համար հասանելի չէր, ու վատ կանխազգացումները դրանով ավելի էին խորանում: Ի վերջո, ոստիկանությանն ահազանգելու առաջարկներ եղան: Ավելին, նկատի ունենալով իր բլոգում արած Սուրենյանցի այս գրառումը՝ «Գնում եմ Ձեզանից: Պահեք ՎԱԶԳԵՆԻ տեսակը», ոմանք ենթադրեցին, թե նա կարող էր «ինքնասպանություն» գործել Եռաբլուրում: Առաջարկվում էր այս եւ որեւէ հավելյալ տեղեկություն փոխանցել ոստիկանությանը, թեեւ թերահավատություն կար, որ իրավապահ մարմինների աշխատակիցները ահազանգին լուրջ կվերաբերվեն: Քաղաքագետի գրառումից մոտ երկու ժամ անց, երբ Սուրենյանցին հայտնաբերելու ջանքերն արդեն անհույս էին, ահազանգեցինք ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Աշոտ Կարապետյանին՝ խնդրելով նրա անձնական միջամտությունը եւ վերահսկողությունը Սուրենյանցին հայտնաբերելու եւ նրա հնարավոր անխոհեմ քայլը կանխելու համար: Նա խոստացավ ամեն ինչ անել: Կես ժամ անց պարզվեց, որ ահազանգի մասին տեղեկացվել են նաեւ ոստիկանության այլ պատասխանատուները, կապ հաստատեցինք նաեւ Արաբկիրի ոստիկանապետ Արթուր Մեհրաբյանի հետ: Պարզվեց, որ ոստիկանությունը կեսգիշերին «սանրել» էր Եռաբլուրի տարածքն ու Սուրենին չէր հայտնաբերել, ոտքի էին կանգնեցվել ոստիկանության նաեւ Մալաթիա-Սեբաստիայի բաժնի աշխատակիցները, կապ էր հաստատվել նրա կնոջ հետ, որը եւս ամուսնու գտնվելու վայրի ու ճակատագրի մասին ոչինչ չգիտեր ու բոլորիս նման անհանգիստ էր:
Այս ողջ պատմությունը ներկայացնում ենք՝ ընթերցողին փոխանցելու համար այն անհանգստությունն ու իրարանցումը, որ ստեղծվել էր Սուրենյանցի, մեղմ ասած, ոչ հեռատես եւ իր ընկերների, նաեւ հարազատների նկատմամբ անհարգալից ու անպատասխանատու գրառման հետեւանքով: Արդեն որոշվել էր գնալ ոստիկանության բաժին ու հայտարարություն տալ, երբ, գրեթե լուսադեմին, պարզվեց, որ Սուրենյանցի հարազատներից մեկին հաջողվել է կապ հաստատել նրա հետ: Բարեբախտաբար, քաղաքագետը ողջ ու առողջ էր, բայց, ցավոք՝ ոչ սթափ վիճակում: Միայն երեկ ցերեկը նա պիտի խոստովաներ, որ գրառման հեղինակը ոչ թե սոցցանցի իր էջը կոտրած որեւէ հաքեր էր, այլ ինքը, եւ որ գրառումն արել էր, իր ձեւակերպմամբ՝ «անկեղծորեն», իր համար խնդրահարույց վիճակից այլ ելք չգտնելու պատճառով, թեեւ միաժամանակ ներողություն խնդրեց իր համար անհանգստացողներից: Թե ինչ խնդիրների մասին է խոսքը՝ չենք մանրամասնի, որովհետեւ քաղաքագետը մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունք ունի: Լուսադեմին ոստիկանության պատասխանատուները հետաքրքրվում էին նրա ճակատագրով եւ հարցուփորձ անում, թե որտեղ էր նա: Մի բան, որի պատասխանն այդպես էլ չունենք: «Սուրեն, դու ծայրաստիճան անպատասխանատու ու անլուրջ մարդ դուրս եկար։ Հաջորդ անգամ ոչ ոք չի արձագանքի քո բլեֆներին։ Երբ մտածում եմ, որ նման անպատասխանատու մարդը հավակնում էր լինել ապագա ազատ Հայաստանի համար որոշումներ կայացնողներից մեկը, լացս գալիս է։ Ամոթ». ահա այսպիսի գրառում հայտնվեց սոցցանցում Սուրենյանցի գրառման տակ, երբ հայտնի դարձավ, որ դա, բարեբախտաբար, չար կատակ էր, որն անցել էր բարոյականության սահմանը:

Բոլոր դեպքերում այդ էջում գրառումներ անող ավելի քան մեկ տասնյակ մարդ շնորհակալություն հայտնեց ՀՀ ոստիկանության աշխատակիցներին, մասնավորապես՝ Աշոտ Կարապետյանին եւ Արթուր Մեհրաբյանին, այսպես ասած՝ կեղծ ահազանգին արագորեն արձագանքելու եւ կեսգիշերին Սուրենյանցին գտնելու օպերատիվ-որոնողական աշխատանքներ իրականացնելու համար: «Կյանքումս առաջին անգամ նորմալ հայ ոստիկանի հետ շփվեցի։ Փաստորեն 1, 2 մարդ դեռ մնացել ա էդ համակարգում»,- եզրակացրեց ոստիկանության աշխատակիցների հետ մի քանի ժամ շփված օգտատերերից մեկը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031