Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ ՄԵԹՈԴԱԿԱՆ ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՆ ԳՑՈՒՄ»

Օգոստոս 31,2011 00:00

\"\"Կշարունակվի՞ երկխոսությունը, թե՞ ոչ.  Կարապետ Ռուբինյանի համար սկզբունքային չէ

Զուգադիպությո՞ւն էր, միտո՞ւմ, թե՞ պատահականություն, որ Wikileaks-ի բացահայտումների նոր փաթեթը, որտեղ բավականին շատ էին Հայաստանին վերաբերող տեղեկությունները՝ սկսած պաշտոնական փաստաթղթերի հրապարակումից, մարտիմեկյան իրադարձությունների մասին տեղեկություններից մինչեւ հայաստանյան օլիգարխների ապրելակերպին վերաբերող հարցեր, զուգադիպեց իշխանություն-ՀԱԿ երկխոսության ընթացքի կասեցման հետ: Մանավանդ, որ այդ երկխոսության կնքահայրը հենց Արեւմուտքն էր: «Առավոտի» այս դիտարկմանը ՀՀՇ վարչության նախկին անդամ, ներկայումս անկուսակցական քաղաքական գործիչ Կարապետ Ռուբինյանը հակադարձեց. «Ես կարծում եմ, որ Արեւմուտքը երկխոսության կնքահայրը չէր, պարզապես միջնորդական ֆունկցիա է իրականացրել, որովհետեւ եթե իշխանությունների վրա երկու էական լծակներ, ենթադրենք՝ ունի, ապա ընդդիմության վրա ոչ մի լծակ էլ չունի: Հետեւաբար, չի կարող պարտադրել: Իսկ որպես միջնորդ իր մասնակցությունը կարող է շարունակել եւ հիմա: Որեւէ բան չի փոխվել»: Ինչ մնում է Wikileaks-ի հրապարակումներին, մեր զրուցակիցը դրանցով առանձնապես չի հետաքրքրվել, բայց չի կարծում, որ հատուկ Հայաստանի համար այդպիսով ինչ-որ ծրագիր էր իրականացվում, քանի որ «բավականին մեծ փաթեթ է շպրտվել տեղեկատվական դաշտ»:
Պատասխանելով «Առավոտի» հարցին՝ ի՞նչ տպավորություն թողեց իշխանություն-ՀԱԿ երկխոսության ընթացքն իր վրա, ՀԱԿ նախկին անդամն ասաց. «Երկխոսության ընթացքն ինձ վրա ոչ մի տպավորություն չթողեց: Ընդհանրապես, չեմ կարծում, որ այդ երկխոսությունը որեւէ օգուտ կարող էր բերել հայ հասարակությանը եւ, մասնավորապես, դրա մի մասնիկ Կարապետ Ռուբինյանին, դրա համար առանձնապես ոչ մի հետաքրքրություն չունեի էլ երկխոսության ընթացքի վերաբերյալ: Որ հիմա ընդհատվել է, ես կարծում եմ՝ ինչ-որ ձեւեր կգտնեն վերսկսելու համար: Արդեն ինչ-որ նախանշաններ կան, ինչ-որ պատգամավորներ ինչ-որ այլ ուղիներ են մատնանշում. չգիտեմ՝ ոնց կլինի, բայց դա ամենեւին սկզբունքային չի ինձ համար»: Երկխոսության հետագա ընթացքը կուլիսայի՞ն կլինի, թե՞ «հրապարակային»՝ Ռուբինյանը դարձյալ անկարեւոր է համարում. «Խոսքը նրա մասին է, որ հասարակությանը մեթոդական թյուրիմացության մեջ են գցում, թե երկխոսության արդյունքում կարող են իրական փոփոխություններ լինել Հայաստանում, կամ այլ խոսքով ասած՝ որ իշխանությունը սպանությունների, հալածանքների գնով բռնազավթած Սերժ Սարգսյանը կարող է հանկարծ երկխոսության արդյունքում, առանց որեւէ պարտադրանքի, հրաժարական տալ: Եվ այս անիմաստ լոզունգի շուրջ հիմա ինչ-որ բանավեճեր են գնում, ինչ-որ մարդիկ վստահություն են հայտնում, որ այդպես էլ կլինի, հետո էլ ավելացնում՝ լավ, այդպես չլինի էլ՝ ի՞նչ ենք կորցրել որ, նորից կսկսենք մեր հին մեթոդներով պայքարը: Ցավալի է, բայց կորցրել ենք շատ բան, այդ թվում նաեւ՝ տարեսկզբին թավշյա հեղափոխություն անելու հնարավորությունը»: Հետաքրքրվեցինք՝ նկատի առնելով երկխոսության առկախված եւ դրա շարունակականության հավանականության վերաբերյալ առայժմ ՀԱԿ-ի կողմից «թե»-ական մոտեցումը, հանրահավաքային պայքարին վերադառնալու միտումը՝ հնարավո՞ր է տարեվերջին էլ հեղափոխական իրավիճակների հնարավորություններ լինեն: Ռուբինյանը նման զարգացումներին այդքան էլ չի հավատում. «Շատ քիչ: Չգիտեմ՝ ինչպիսի՞ փոփոխություններ պետք է լինեն, ինչքա՞ն կտրուկ պետք է վերանայվեն Կոնգրեսի մոտեցումները խնդրին, ի՞նչ վերադասավորումներ պետք է լինեն, որ Կոնգրեսը հանկարծ նորից սկսի արմատական ընդդիմության դերում հանդես գալ»:
Եթե քաղաքական զարգացումները այլ ընթացք չորդեգրեն, եւ առաջիկա խորհրդարանական ընտրություններին գնանք ներկայիս քաղաքական դաշտով, մեր զրուցակցի կարծիքով՝ առանձնակի ակնկալիքներ չարժե ունենալ. «Կունենանք նույն տիպի՝ ինչ-որ կոսմետիկ բարելավումների ենթարկված անձնակազմի, պատգամավորների՝ անձնական առումով, բայց նույն որակի խորհրդարան: Ավազակապետությունը լիովին կպահպանի իր վերահսկողությունը պառլամենտի նկատմամբ»: Ի դեպ, ներկայումս շրջանառվող այն համոզմունք-խոսակցությունները, որ երկխոսության արդյունքում ՀԱԿ-ը ապագա ԱԺ-ում ընդդիմադիր թեւ կձեւավորի, մեր զրուցակիցն այդքան էլ միանշանակ չի ընդունում. «Քանի որ նման դեպքում արդար ընտրությունների մասին խոսելն ավելորդ կլինի, ապա՝ կամ կունենա, կամ չի ունենա: Դա մեծամասամբ արդեն կախված կլինի իշխանավորների քմահաճույքից»:
Ի հեճուկս իր նախկին կուսակից եւ գործընկեր Ալեքսանդր Արզումանյանի, Կարապետ Ռուբինյանը չի շտապում ՀՀՇ-ից հեռացած կորիզի հիմքով նորաստեղծ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությանն անդամագրվել: «Առավոտի» հարցին՝ հայաստանյան քաղաքական դաշտի ո՞ր ուժերի հետ է համագործակցության եզրեր տեսնում՝ պատասխանեց. «Բոլոր այն ուժերի հետ, որոնք անկեղծորեն կպայքարեն ռեժիմի դեմ՝ հանուն Հայաստանի ժողովրդավարացման»: Իսկ թե որոնք են դրանք՝ «ՀԱԿ-ի համախոհների եւ աջակիցների մի ստվար զանգված, ովքեր անկեղծորեն ձգտում են դրան, «Ժառանգություն», «Ազատ դեմոկրատները» դեռ սաղմնային փուլում են, բայց՝ այո»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել