ՀՀ հատուկ քննչական ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու կասկածանքով օգոստոսի 30-ին ձերբակալվել է ՀՀ Ոստիկանության «Ճանապարհային ոստիկանության» ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Մարգար Օհանյանը։ Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը օգոստոսի 25-ին պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք բենզինի մեծ չափերի հասնող յուրացումները եւ կաշառքի դիմաց վարորդական վկայականներ տրամադրելու գործերը կհանգեցնե՞ն Մարգար Օհանյանի պաշտոնանկությանը՝ ասել էր. «Առայժմ Մարգար Օհանյանի հետագա պաշտոնավարման խնդիրը դրված չէ իմ կողմից, որովհետեւ պիտի կարողանանք հիմնավորել` նա այս ամեն ինչից տեղյակ եղե՞լ է, թե՞ ոչ: Եթե ըստ քննության բացահայտվի, որ նա տեղյակ է եղել, եւ ցուցմունքներ լինեն, որ այս վառելիքից նա էլ է օգտվել, նրան մասնաբաժին է հասել, Մարգար Մնացականիչը սովորական, մյուս քաղաքացիների նման թող
իր պատասխանը տա»:
Նշենք նաեւ, որ երեկ ՀՀ ոստիկանապետին հրաժարականի դիմում ներկայացրեց Նոր Նորքի ոստիկանության պետ Մուշեղ Օհանյանը, որը Մարգար Օհանյանի
եղբայրն է: