Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱՍՏՂԵՐԸ ՀՈՒՇՈՒՄ ԵՆ, ԲԱՅՑ ՉԵՆ ՊԱՐՏԱԴՐՈՒՄ

Օգոստոս 30,2011 00:00

«Առավոտ» օրաթերթի օգոստոսի 27-ի համարում տպագրված «Հայաստանի «երկաթե վարագույրը» հոդվածի կապակցությամբ ԱԺ լրատվության եւ հասարակության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են.
«Ողջունելի է, որ հարգարժան հոդվածագիրը շատ ուշադիր է ՀՀ Ազգային ժողովի դարպասների նկատմամբ եւ այնքան մանրամասն է ուսումնասիրել դրանք: Փորձենք մի քանի տեղեկատվություն ներկայացնել տեղեկատվության բաց աղբյուրներից, մասնավորապես համացանցից, որոնք փաստում են, որ հոդվածի հեղինակին այդքան սարսափեցրած հնգաթեւ աստղը բնավ էլ խորհրդային սիմվոլիկա չէ, այլ ունի ավելի լայն նշանակություն եւ գոյություն է ունեցել Խորհրդային Միության ստեղծումից շատ ու շատ առաջ:
Եվ այսպես, այդ տեսքով առաջին գծանկարները հայտնի են դեռ մոտավորապես մ.թ.ա. 3500 թվականից. դրանք կավի վրա նկարված հնգաթեւ աստղեր են:
Նման պատկեր իրենց տոտեմներում եւ ծիսական գծանկարներում օգտագործել են առաջին մարդիկ եւ ամենատարբեր քաղաքակրթությունների ներկայացուցիչներ՝ որպես պահպանության եւ անվտանգության խորհրդանիշ:
Ըստ մեկ այլ մեկնաբանության, հինգ թեւերը նշանակում էին, որ աշխարհը կառուցված է հինգ փոխկապակցված տարրերից՝ Կրակից, Ջրից, Օդից, Հողից եւ Եթերից:
Հնգաթեւ աստղի գծաձեւը ցույց է տալիս՝ կանգնած մարդը ձեռքերը եւ ոտքերը տարածած վիճակում, ինչպես Լեոնարդո դա Վինչիի նկարներում:
Քրիստոնեական Եվրոպայում հնգաթեւ աստղը ուներ մի քանի խորհրդանշական նշանակություն՝ բացի հին աշխարհից մնացած առողջության խորհրդանիշ լինելուց, այն հինգ ճառագայթներով խորհրդանշում էր հինգ զգացում, հինգ մատ……
Հնգաթեւ աստղը համամարդկային խորհրդանիշ է: Շատ ազգեր այս գծաձեւը կրում են իրենց ազգային դրոշների վրա: Հնգաթեւ աստղեր կան Եվրամիության, ԱՄՆ-ի դրոշների վրա, որտեղ հաստատ տոգորված չեն խորհրդային սիմվոլիկաների նկատմամբ սիրով:
Ինչ վերաբերում է խորհրդային ժամանակներին, նշենք, որ ԽՍՀՄ-ի եւ Կարմիր բանակի խորհրդանիշը հնգաթեւ կարմիր աստղն էր: Բայց սա էլ դեռ պատճառ չէ ՀՀ Ազգային ժողովի դարպասների վրա պատկերված աստղերը դիտարկել միայն այդ տեսանկյունից, որովհետեւ կարմիր աստղ կա ԱՄՆ- Կալիֆոռնիա նահանգի, Վաշինգտոնի, Նոր Զելանդիայի եւ մի շարք այլ երկրների ու քաղաքների դրոշների վրա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել