Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դադարից առաջ. կրկին առաջատար է փոխվում

Օգոստոս 30,2011 00:00

\"\"

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում «բնավորության» է վերածվել՝ ամեն տուրից հետո մրցաշարային աղյուսակի վերին մասում փոփոխություններ գրանցելը: Մեկ «Գանձասարն» է միանձնյա առաջատար, մեկ՝ կիսում է իր 1-ին հորիզոնականն «Ուլիսի» հետ, մեկ էլ՝ ընդհանրապես զիջում վերջինիս…Ու հետո շրջանը կրկին վերականգնվում է:
Հանգստյան օրերին կայացած 20-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը կրկին ունի միանձնյա առաջատար. «Գանձասարը» սայթաքեց «Իմպուլսի» հետ խաղում՝ հանդիպումն ավարտելով ոչ-ոքի՝ 1:1: Հետաքրքիր է, որ այս մրցաշրջանում մարզային այս թիմերի հանդիպումներն այդպես էլ հաղթողին չեն որոշել՝ երեք խաղերն էլ ավարտվել են ոչ-ոքի: Չնայած հանդիպման հաշիվը բացեցին կապանցիները՝ 24-րդ րոպեին Կեյտայի խփած գնդակի շնորհիվ, բայց արդեն երկրորդ խաղակեսի միջնամասում Տիգրան Դավթյանը հաշիվը հավասարեցրեց՝ «Իմպուլսին» պարգեւելով կարեւոր մեկ, իսկ «Գանձասարից» տանելով առաջին հորիզոնականի գին ունեցող 2 միավոր: Այդ նույն ընթացքում կապանցիների ու դիլիջանցիների գլխավոր մրցակիցները՝ «Ուլիսն» ու «Միկան», հանդիպեցին երկրորդի հարկի տակ, որտեղ հաջողությունն ուղեկցեց հյուրերին: 78-րդ րոպեին Արտյոմ Ադամյանի խփած միակ գնդակը հաղթական էր Սեւադա Արզումանյանի թիմի համար:
Երրորդ հորիզոնականում ընթացող «Փյունիկը» 20-րդ տուրում հանդիպեց առաջնության ետնապահ «Արարատի» հետ՝ եւ երրորդ անգամ այս մրցաշրջանում նվազագույն հաշվով հաղթանակ տոնեց: Մրցաշարային աղյուսակի ստորին հատվածում «Արարատի» մոտակա հարեւաններ «Շիրակն» ու «Բանանցն» էլ մրցեցին տուրի վերջին խաղում: Առաջնության մեկնարկը ձախողած «Բանանցը» 3:1 հաշվով հաղթեց գյումրեցիներին՝ 12 միավորի հասցնելով տարբերությունը: Արդեն հաջորդ տուրում «Բանանցի» մրցակիցը «Գանձասարն» է լինելու, իսկ «Շիրակին» լուրջ փորձություն է սպասվում՝ ի դեմս «Արարատի»: Հենց այդ խաղում, գուցե, որոշվի վերջին հորիզոնականի «արժանի» տերը: Մյուս խաղերում կմրցեն «Փյունիկն» ու «Միկան» եւ «Ուլիսն» ու «Իմպուլսը»: Սակայն մինչ այդ հայկական ակումբային ֆուտբոլը տեղը երկու շաբաթով կզիջի հավաքականներին: Հայաստանի ու երիտասարդականի մարզիչներն արդեն հրապարակել են թիմերի կազմերը՝ 2012թ. Եվրոպայի առաջնության ընտրական հանդիպումներին Անդորրայի (սեպտեմբերի 2-ին) եւ Սլովակիայի (սեպտեմբերի 6-ին) ու 2013թ. Եվրոպայի առաջնության ընտրական հանդիպումներին Անդորրայի (սեպտեմբերի 3-ին) եւ Չեխիայի (սեպտեմբերի 6-ին) թիմերի հետ խաղերին ընդառաջ:
Հավաքականների ուսումնամարզական հավաքներն արդեն սկսվել են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել