Հայաստանցի 17-ամյա թենիսիստուհի Անի Ամիրաղյանը, Իտալիայում մասնակցելով «ITF Femminile Bagnatica 2011» միջազգային մրցաշարին, մտավ եզրափակիչ, որտեղ, սակայն, համառ պայքարում 4:6, 4:6 հաշվով զիջեց Նորվեգիան ներկայացնող Ուլրիկե Էյկերիին: Ինչպես երեկ մրցավայրից «Առավոտին» տեղեկացրեց Ալեքսանդր Ծատուրյանը, սա հայկական թենիսի պատմության մեջ մեծ իրադարձություն է: Մասնագետը հավելեց նաեւ, որ մարզուհին սկսել է արագորեն վեր բարձրանալ կանանց թենիսում եւ նրան մեծ ապագա է սպասվում: Անին այս մրցաշարի ավարտից հետո մեկնեց Սան-Ռեմո՝ հերթական միջազգային մրցաշարին մասնակցելու: Երեկ նա մեկնարկային տուրում ուժերն էր չափելու անգլիացի Լյուսի Բրաունի հետ: