Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԳՈՌ ՄԻՆԱՍՅԱՆԸ ՆՎԱՃԵՑ ՀՆԱՐԱՎՈՐ ԲՈԼՈՐ ՊԱՐԳԵՎՆԵՐԸ

Օգոստոս 30,2011 00:00

\"\"Լեհաստանում անցկացված ծանրամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունը Հայաստանի համար ավարտվեց մեդալների եւ տիտղոսների բացառիկ առատ բերքահավաքով:
Գերծանր (+94 կգ) քաշայինների պայքարում գյումրեցի Գոռ Մինասյանը երկամարտի 390 կգ (181+209) արդյունքով ոչ միայն Սինգապուրի պատանիների անդրանիկ օլիմպիական խաղերի արծաթե մեդալին եւ այդ տարիքային խմբի աշխարհի չեմպիոնի կոչմանն ավելացրեց Հին Աշխարհամասի ուժեղագույն պատանի ծանրորդի տիտղոսը (երկրորդ տեղն զբաղեցրած ռուսաստանցի Եգոր Իվանովը նրանից ետ մնաց ամբողջ 48 կիլոգրամով), այլեւ պոկում վարժությունում բարձրացնելով նաեւ 181 կգ ծանրաձողը՝ գահընկեց արեց չինաստանցու աշխարհի ռեկորդը՝ թարմացնելով նաեւ Եվրոպայի բարձրագույն նվաճումը: Եվ սա դեռ բոլորը չէ: Գոռը Սինգլերի աղյուսակով նաեւ Եվրոպայի լավագույն պատանի ծանրորդ ճանաչվեց: Ուրախալին այն է, որ պատանի դյուցազնը պոկում, հրում վարժություններում (հետեւաբար, նաեւ երկամարտում) չեմպիոնի տիտղոսները նվաճեց ընդամենը մեկական մոտեցում կատարելով, իսկ երկրորդ մոտեցումներն արդեն ռեկորդին ու լավագույն ծանրորդի տիտղոսին հայաստանյան գրանցում տալու համար էին:
Նվաճած մեդալների ընդհանուր թիմային հաշվարկում մեր երկիրը 6 ոսկե, 1 արծաթե եւ 4 բրոնզե պարգեւներով ճանաչվեց երրորդը: Եվ դա այն դեպքում, երբ մեր աղջիկների թիմը Լեհաստանում ուներ ընդամենը մեկ մասնակից՝ 53 կգ քաշային Իզաբելա Յայլյանը, ով նույնպես իր եւ Հայաստանի անվան դիմաց երեք ոսկի գրանցեց՝ 77+93=170 կգ:
Լուսադեմին «Զվարթնոց» օդանավակայանում ծանրորդներին դիմավորեց նաեւ «Առավոտի» մարզական մեկնաբանը: Ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը, գնահատելով ընդհանուր մասնակցությունը, նշեց, որ մեդալների քանակի եւ գույնի առումով ֆեդերացիայի սպասելիքներն ավելի մեծ էին: «Ոմանք գերազանց հանդես եկան: Եղան նաեւ ձախողումներ: Գոռի մասին խոսել չարժի՝ ինքներդ եք տեսել: Այ, իրեն լիովին արդարացրեց Իզաբելան: Նրա բարձրացրած կիլոգրամներն արդեն աշխարհի մեծահասակների առաջնության չափորոշիչների մեջ են: Ճիշտ է, մեդալների մասին երազելը դեռ շատ վաղ է: Այս առաջնությունը ցույց տվեց, որ մեր մարզաձեւում հերթափոխ կա: Ու եթե նրանց պահենք ուշադրության կենտրոնում եւ ճիշտ աշխատենք, ինչը ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի պահանջն է ու մշտական հոգածության ոլորտներից մեկը, ապագայում նույնպես ձեռքբերումներ եւ մեդալներ կլինեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել