Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ ենք շռայլում բյուջետային միջոցները

Օգոստոս 30,2011 00:00

\"\"Հայաստանում արդեն ավանդույթ է դարձել, որ տարբեր բնույթի մեծամասշտաբ միջոցառումների ժամանակ ծախսվեն ահռելի գումարներ՝ արտերկրից լուսաձայնային սարքավորումների եւ բեմակառույցների ներկրման համար: Իսկապես թանկարժեք սարքավորումներ շատ կան աշխարհում, սակայն պարզվում է, որ կարելի է առավել քիչ միջոցներ ծախսել ու ստանալ նույն էֆեկտները, ապահովել նույն որակը, այսպես խնայելով մեր բյուջեից հատկացվող ֆինանսական միջոցները: Հիպոթետիկ հայտարարություններ անելու փոխարեն՝ «Առավոտը» հետաքրքրվեց, թե, օրինակ, Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում վերջերս կայացած 5-րդ համահայկական խաղերի բացման արարողության շքեղ էֆեկտներին ու միջազգային ստանդարտներին համապատասխանող բեմի համար ինչքա՞ն գումար է ծախսվել: Պարզեցինք, որ նախապես պահանջվել է մոտ 47 մլն դրամ, սակայն շուրջ 10 մլն դրամ ծախսելով, հայաստանցի մասնագետները ունեցած տեխնիկայով ապահովեցին այնպիսի լուսային եւ ձայնային շոու, ինչը փաստեցին ոչ միայն տեղական ԶԼՄ-ները, այլեւ դրա մասին հիացմունքով խոսեցին խաղերի մասնակիցներն ու հյուրերը: Ընդ որում, ապահովվեց նաեւ բարձրորակ հեռարձակում: Ուրեմն, ստացվում է, որ ինքներս մե՞զ ենք կողոպտում կամ սեփական միջոցների հաշվին ուրիշների՞ն ենք հարստացնում, երբ ունենք ե՛ւ տեխնիկական հնարավորություններ, ե՛ւ բարձրակարգ մասնագետներ:
Ընդունված է ասել, որ շքեղ միջոցառումները նույնքան էլ շքեղ ծախսեր են պահանջում, սակայն եթե կարելի է նույն արդյունքը ստանալ առանց շռայլումների, ինչո՞ւ ծախսենք ավելորդ գումար, երբ նույն այդ գումարներով կարելի է այլ խնդիրներ լուծել:
Ի դեպ, հազվադեպ է պատահում, երբ մասշտաբային միջոցառումների անցկացման նպատակով ծախսվող մի քանի հարյուր միլիոնի հասնող գումարը ճիշտ է ընկալվում, այնպես, ինչպես ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի տոնակատարությունների անցկացման համար պետբյուջեից հատկացված 214 մլն դրամը, ինչի մասին հայտնեց միջոցառումների գլխավոր համակարգող, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանը՝ օրերս կայացած ասուլիսում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել