Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՄԵՐ ՍԵՐՈՒՆԴԸ ԲՈՂՈՔՈՒՄ Է

Օգոստոս 30,2011 00:00

Բաց նամակ՝ հայ քաղաքագետներին,  պատմաբաններին, լրագրողներին

\"\"

Մեր սերունդը ծնվել է 20-րդ դարի 30-40-ական թվականներին, մեծացել ու դաստիարակվել է Խորհրդային Հայաստան կոչվող փոքրիկ երկրում, հպարտացել է նրա յուրաքանչյուր հաջողությամբ, ձգտել է հնարավորինս շատ օգտակար լինել այդ ոչ մեծ, բայց հայի համար նվիրական հողը շենացնելու, բարգավաճ, հարուստ ու զարգացած տեսնելու ակնկալիքով: Այսօր մեր սերունդը, մի տեսակ, դուրս է շպրտվել պատմության թատերաբեմից: Ասես մենք ո՛չ եղել ենք, ո՛չ ապրել ու պայքարել, ո՛չ էլ շենացրել մեր երկիրը: Մի՞թե մեր սերունդը չէր, որ դեռեւս 20-րդ դարասկզբի փոքրիկ, աննշան Երեւան գյուղաքաղաքը դարձրեց հոյակերտ ու գեղեցիկ թամանյանական նախանձելի ոստան՝ իր վեհաշուք շենքերով, լայնահուն պողոտաներով ու կանաչազարդ պուրակներով: Իսկ Հայրենական պատերազմի ամենաթեժ օրերին, 1943թ., հիմնադրեց Գիտությունների ակադեմիա (հայի երազած գիտության կաճառը)՝ իր մեծատաղանդ, աշխարհահռչակ գիտնականներով (Հովսեփ Օրբելի, Վիկտոր Համբարձումյան, Հրաչյա Աճառյան, Մանուկ Աբեղյան, Էզրաս Հասրաթյան, Ալիխանյան եղբայրներ եւ շատ ուրիշներ): Մի՞թե մեր սերնդի մեծ ջանքերով ու տքնանքով չեն երկրում ստեղծվել իր ժամանակի առումով բարձրագնա արդյունաբերություն, զարգացած գյուղատնտեսություն, գիտական եւ արտադրական բազմաթիվ ձեռնարկություններ, որոնց պատերի ներքո մշակվում ու լուծում էին ստանում անգամ այնպիսի հիմնախնդիրներ, որոնք մեծ հետաքրքրություն էին առաջացնում եվրոպական զարգացած շատ երկրներում: Իսկ այդ տարիներին շարք մտած արդյունաբերական հսկաներ՝ Սինթետիկ կաուչուկի («Նաիրիտ»), Էլեկտրամեքենաշինական եւ այլ գործարանների համբավը շատ արագ տարածվեց Հայաստանի սահմաններից դուրս՝ պանծացնելով հայոց տաղանդավոր մասնագետներին ու բարձր գնահատականի արժանացնելով նրանց տված արտադրանքը: Ե՞րբ է Հայաստանն ունեցել այդքան ականավոր երաժշտական գործիչներ, կոմպոզիտորներ (Արմեն Տիգրանյան, Արամ Խաչատրյան, Առնո Բաբաջանյան, Էդվարդ Միրզոյան, Աշոտ Սաթյան եւ շատ ուրիշներ), այնպիսի մեծատաղանդ բանաստեղծներ, ինչպես Ավետիք Իսահակյանը (ով 30-ական թթ.-ից Հայաստանում էր), Հովհաննես Շիրազը, Պարույր Սեւակը, Սիլվա Կապուտիկյանը, Համո Սահյանը եւ էլի շատ շատերը, ձեւավորել բարձր մակարդակի թատերական արվեստ՝ իր անկրկնելի, եվրոպական բեմերը զմայլեցնող դերասաններով (Վահրամ Փափազյան, Հրաչյա Ներսիսյան, Գուրգեն Ջանիբեկյան, ապա եւ՝ Խորեն Աբրահամյան, Ֆրունզիկ Մկրտչյան, Սոս Սարգսյան եւ շա˜տ ու շատ երեւելիներ): Մեծ հարգանքով ու երախտիքով պետք է նաեւ հիշենք այդ տարիներին ստեղծագործող աշխարհահռչակ գեղանկարիչներ Մարտիրոս Սարյանին, Մինաս Ավետիսյանին, քանդակագործներ Երվանդ Քոչարին, Արա Սարգսյանին ու դարձյալ՝ շատ շատերին:
1933թ. Հայաստանի նորաստեղծ օպերային թատրոնն իր վարագույրը բացեց Ալ. Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի ներկայացմամբ՝ ներկայիս Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի շենքում: Իսկ 1940-ական թվականների վերջերին, ի թիվս այլ խոշոր կառույցների, շարք մտավ Ալ. Թամանյանի նախագծած՝ Երեւանի օպերայի եւ բալետի (որ նախապես կոչվում էր՝ Ժողտուն) հսկայածավալ շենքը, որը ցայսօր հիացնում է բոլոր դիտողներին, հատկապես օտար հյուրերին ու զբոսաշրջիկներին՝ իր ճարտարապետական մոնումենտալ կերտվածքով: Այդ փառահեղ կառույցի ներսում ստեղծագործել ու երգել են նույնքան փառահեղ երգիչներ Պավել Լիսիցյանը, Շարա Տալյանը, Հայկանուշ Դանիելյանը, Տաթեւիկ Սազանդարյանը, ապա եւ՝ Գոհար Գասպարյանը, Միհրան Երկաթը, Նար Հովհաննիսյանը եւ շատ ու շատ ականավոր վարպետ-կատարողներ:
Քսանական թվականներին հայ ժողովրդի այն հատվածը, որ դաժան կոտորած ու գաղթ էր տեսել ու իր փրկությունը գտել փոքրիկ Հայաստանում, ոչ միայն սկսեց վեր հառնել կյանքի փլատակներից, այլեւ մտավ լուսավորության բնագավառ. այն է՝ բացվեցին բազում ուսումնական հաստատություններ, դպրոցներ, որոնց հիմնական կարգախոսն էր՝ «Վերացնենք անգրագիտությունը»: Այդպես էլ եղավ: Ժողովրդի լայն զանգվածները (եւ՛ տեղաբնակները, եւ՛ որբանոցներում ու գաղթական ընտանիքներում ապրող հայ մանուկները) շուտով դարձան ոչ միայն գրաճանաչ, այլեւ ուսյալ, կրթյալ, գրագետ քաղաքացիներ: Դրան մեծապես նպաստեց նաեւ 1919թ. Առաջին Հանրապետության կողմից հիմնադրված եւ 1921 թվականին Երեւանում իր դռները լայնորեն բացած Պետական համալսարանը:
Երկրորդ Հանրապետության տարիներին, հատկապես 1946-49թթ. սկսվեց հայրենադարձության մի հզոր ալիք: Մեծ քանակությամբ սփյուռքահայեր, աշխարհի տարբեր ծագերից, ժամանեցին Հայաստան: Մի հանգամանք, որ զգալիորեն փոխհարստացրեց ու բարձրացրեց եւ՛ մեր՝ տեղացիներիս, եւ՛ ներգաղթածների աշխարհընկալման ընդհանուր մակարդակը, ավելացնելով նաեւ հայ բնակչությունը քանակապես: (Փակագծերում ասենք, որ այսօր, ի տարբերություն նախկինի, երկրում գերիշխում է արտագաղթը, ըստ որում՝ հեռանում են ամենատաղանդավոր, ամենավառ անհատականությունները):
Իսկ ովքե՞ր էին այդ 70 տարիներին ղեկավարում հանրապետությունը. հայ ժողովրդի հոգսերով եւ մտահոգություններով ապրող ազնիվ հայորդիներ Ալ. Մյասնիկյանը, Ա. Խանջյանը, Գր. Հարությունյանը, Յա. Զարոբյանը, Ա. Քոչինյանը… ապա եւ՝ Երկրորդ Հանրապետության «վերջին մոհիկան» Կարեն Դեմիրճյանը: 1960-80-ական թվականներին վերոհիշյալ ղեկավարների, ինչպես եւ վարչապետ Բադալ Մուրադյանի, Երեւանի քաղաքապետ Գր. Հասրաթյանի եւ այլոց անձնվեր, անգամ՝ տիտանական ջանքերի շնորհիվ Երեւանում կառուցվեցին «Հրազդան» հսկայական մարզադաշտը, «Ռոսիա» կինոթատրոնը, «Անի» եւ այլ հարմարավետ հյուրանոցները, թանգարաններ, բազմաթիվ բնակելի ու վարչական շինություններ, վեր խոյացավ Մարզական եւ համերգային հոյակապ համալիրը, շարք մտավ Մետրոպոլիտենն իր կայարաններով եւ, վերջապես, ստեղծվեց հայ ժողովրդի մեծ ցավի ու ողբերգության՝ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող ու հարգող այն անկրկնելի հուշակոթողը, որի խոնարհված կամարների ներքո, անմար կրակի մոտ, ամեն տարի ծաղիկներ են դնում հարյուր հազարավոր մարդիկ:
Ճիշտ է, Երկրորդ Հանրապետությունը Խորհրդային Միության տիրակալության տակ էր եւ չէր համարվում «անկախ», «ազատ», ինչպես 1918-20թթ. երկամյա եւ այսօրվա մեր 20-ամյա Հայաստանը, բայց նա եւս Հայկական Հանրապետություն էր, պետություն, որի մասին դարեր շարունակ երազել էր հայ ժողովուրդը՝ զրկված լինելով հայոց թագավորությունից ու պետականությունից: Փաստորեն, հաղթահարելով խորհրդային վարչակազմի բոլոր վայրիվերումները, բռնապետական դաժան արարքները, այդ հանրապետությունը, այն է՝ հայ ժողովուրդը, հասավ մեծ, ավելի ստույգ՝ հսկայական նվաճումների՝ գիտության ու մշակույթի, արդյունաբերության ու գյուղատնտեսության, կրթության ու շինարարության եւ բազմաթիվ այլ բնագավառներում: Իրողություններ, որ չի կարելի ուրանալ կամ անտեսել:
Մինչդեռ այսօր այդ շրջանի մեծագործություններն անտեսվում են, իսկ հայ նվիրյալ անձինք եթե հիշվում են, ապա ոչ թե իբրեւ Հայաստանի Երկրորդ Հանրապետության լավագույն ներկայացուցիչներ, այլ պարզապես անվանի հայեր: Հատկապես մոռացության շղարշով են պատվում այդ տարիներին հանրապետությունը ղեկավարած հայ գործիչները: Ուրեմն, ի՞նչ, մենք այդ տարիներին ո՞վ ենք եղել, հայեր, որ չե՞նք ունեցել երկիր ու հանրապետություն (նաեւ օրհներգ, զինանշան եւ այլն), չե՞նք արարել, ստեղծագործել, չե՞նք պայքարել հանուն մեր ժողովրդի բարօրության, հանուն հայոց հողի բարգավաճման…
Մենք սիրով ու հարգանքով ենք նշում 1918-1920թթ. Հայաստանում ծնունդ առած Առաջին Հանրապետության գոյության փաստը, հանրապետություն, որը, ցավոք, գոյատեւեց ընդամենը 2 տարի: Բայց ինչո՞ւ ենք անմիջապես թռիչք-անցում կատարում դեպի Հայաստանի 3-րդ Հանրապետություն, ի բաց առնելով ու անտեսելով դրանց արանքում 70 տարի գոյություն ունեցած եւս մեկ Հայաստան՝ նվիրյալ, ստեղծագործ հասարակությամբ, որը բազում դժվարություններ հաղթահարելով ու սիրահոժար ձգտումով շենացրել է իր երկիրը:
Հարգելի հայ պատմաբաննե՛ր, քաղաքագետնե՛ր եւ լրագրողնե՛ր: Դուք չպետք է հայոց պատմության էջերից կուրորեն հանեք ու անտեսեք ձեզ համար անցանկալի այս կամ այն հատվածը, այլ ձգտեք պատմական իրադարձությունները ներկայացնել ճշգրիտ ու արդարացի մեկնաբանություններով: Պետք է սթափ հայացքով նայեք պատմական բոլոր ժամանակահատվածներին, նշեք ո՛չ միայն յուրաքանչյուր պատմաշրջանի արգահատելի ու անընդունելի կողմերը, այլեւ տեսնեք ու գնահատեք այն առավելություններն ու դրական իրողությունները, որոնք եղել են ու նպաստել հայ ժողովրդի բարգավաճմանը:
Մեր երիտասարդ սերունդը պետք է ճանաչի եւ գնահատի ոչ միայն 1918-20թթ. հայ ազատագրական շարժումները ղեկավարած եւ հայկական անկախ պետականություն ստեղծած մեծագործ հայորդիներին, այլեւ այն անձանց, ովքեր 1920 թվականից մինչեւ 90-ականները իրենց անձնուրացությամբ, ոչ պակաս պայքարով, անգամ սեփական կյանքը զոհաբերելով (Ա. Խանջյան եւ ուրիշներ) ծառայել են հայ ժողովրդին:
Քսաներորդ դարասկզբից մինչեւ 21-րդ դարը մենք ունեցել ենք երեք հանրապետություն եւ, անտեսել դրանցից մեկը՝ արդարացի չէ:

ԹԵՐԵԶԱ ԳԱԼՍՏՅԱՆ
բանասիրական գիտ. թեկնածու
ՍԵԴԱ ՍԱՐԳՍՅԱՆ
պատմաբան
ՍՈՒՐԵՆ ՄԵԼԻՔ-ՍԱՐԳՍՅԱՆ
ճարտարագիտական համալսարանի դասախոս
ՌՈՒԲԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ինժեներ-մետալուրգ եւ ուրիշներ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել