Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահի այցը անակնկալ էր

Օգոստոս 30,2011 00:00

Երկրորդ օրն էր բոլորում «ՀՀ-ում գիտության ֆինանսավորման ավելացման եւ գիտության ֆինանսավորման դիվերսիֆիկացիայի հնարավոր ուղիները» գիտաժողովը, երբ հանկարծակի իր այցելությամբ ներկաներին զարմացրեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Գիտաժողովը Ծաղկաձորում էր՝ ՀԵՀ-ի շենքում՝ օգոստոսի 27-28-ը, մտահղացումը «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» ֆեյսբուքյան նախաձեռնությանն էր, մասնակցում էին երիտասարդ գիտնականներ, լրագրողներ, գիտական ոլորտի ներկայացուցիչներ եւ կուսակցությունների անդամներ: Նախագահը այնտեղ այլ նպատակով էր, տեսնելու՝ ինչպես են ընթանում շենքի վերանորոգման աշխատանքները, բայց, ըստ նրա, լսելով, որ այստեղ նման բազմություն է հավաքված, որոշեց նրանց էլ այցելել: Հետաքրքրվեց՝ որն է հավաքույթի առիթը եւ լսեց ներկաների խոսքերը: Զարմացավ, երբ իմացավ, որ գիտաժողովի ընթացքում կուսակցություններից 3-ը՝ Դաշնակցությունը, «Ժառանգությունը» ու «Բարգավաճ Հայաստանը» փոխադարձ համաձայնության են եկել գիտության ֆինանսավորումը հասցնել 3%-ի՝ նմանատիպ քննարկումները բնորոշելով կենցաղային: Սերժ Սարգսյանը հիշեցրեց, որ 2012թ. բյուջեն արդեն հաստատվել է դեռեւս նախորդ տարի, բայց խոստացավ, որ առաջիկայում՝ նախագահականում հանդիպմանը շատ հարցեր կքննարկվեն, իսկ երիտասարդ գիտնականներին առաջարկեց խնդրի մեղավորներ փնտրել նաեւ իրենց ներսում: «Գոնե միայն ակադեմիական մակարդակի համար փորձեք տեսնել՝ անհրաժեշտություն կա՞, արդյոք, այնքան հաստատությունների եւ այդ հաստատությունները աշխատո՞ւմ են ամբողջովին, թե՞ հաստատություններ կան, որ թղթի վրա են»,- ասաց նա եւ ավելացրեց, որ կողքից միշտ էլ հեշտ է խոսելը: «Մեր հանդիպման արդյունքում ես կգտնեմ մարդիկ, ովքեր կստեղծեն երիտասարդ գիտնականների համար մի ֆոնդ, դուք փորձեք այդ ֆոնդը կառավարել եւ դրանով ուրիշներին օրինակ ցույց տալ: Երբ որ լավ կառավարեք, այն ժամանակ ֆոնդեր կավելացնենք, այդպես ձեր կառավարման շրջանակներն էլ կավելացնենք»- ասաց Սերժ Սարգսյանը:
«Նախագահի գալը, իհարկե, անակնկալ էր, բայց վերաբերմունքը՝ վիրավորական, որովհետեւ երբ բարձրացրինք այն հարցը, որ գիտնականը չի հարգվում, նրա պատասխանից թվաց, որ հենց այդպես էլ պետք է լիներ, ու դա բնական է: Այնինչ՝ բոլոր զարգացած երկրներում գիտնականը հարգանք է վայելում եւ համարվում բարձր խավ: Այդ վերաբերմունքը երեւում է նաեւ նրան պետության կողմից տրվող աշխատավարձից»,- ասում է Երեւանի Ֆիզիկայի ինստիտուտի աշխատակից՝ 23-ամյա Դանիել Իոաննիսյանը եւ սխալ համարում նախագահի այն խոսքը, որ խնդիրների պատճառները գիտնականները պետք է իրենց մեջ փնտրեն: Նա նախաձեռնության անհրաժեշտությունը զգացել է եւ ստեղծման առաջին օրերից միացել: Կարծում է՝ ամենամեծ աջակիցը պետք է լինի կրթության եւ գիտության նախարարությունը, իրենց նախաձեռնածի հաջողությանը հասնելու համար ամեն ինչ պետք է արվի՝ մինչեւ նույնիսկ պահանջածին հասնել գիտնականների գործադուլի գնով: Արամ Ջիվանյանը, ով Սլավոնական համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետի ասպիրանտ է, կարծում է՝ նախահագի հանկարծակի այցը գիտնականների հավաքին՝ արդեն լավ նշան է, նախաձեռնությունն առաջ կշարժվի: Նա մաթեմատիկա ուսումնասիրելով հանդերձ՝ գիտությամբ գումար չի աշխատում, երկրորդ մասնագիտությունը՝ ծրագրավորումն է նրան «կերակրում»: «Մաթեմատիկայով սիրում եմ զբաղվել, բայց գիտեմ, որ դրանով գումար չեմ կարող աշխատել: Այս նախաձեռնությանն էլ իմ մասնակցությունը դրանով է բացատրվում՝ ցանկանում եմ գիտնականը իրեն արժանին ստանա»,- ասում է նա:
Նախաձեռնության աջակիցներից ֆիզմաթ գիտությունների դոկտոր Արթուր Իշխանյանը գիտաժողովի ավարտին նշեց, որ իր սպասելիքներն այդ գիտաժողովից արդարացան, իսկ նախաձեռնության թափ ստանալն էլ կարեւոր եւ անհրաժեշտ համարեց: «Հանրության մեջ վատագույն վերաբերմունք կա գիտնականի նկատմամբ, որը չի կարող ընդունելի լինել, այն դեպքում, երբ այդ ուղեղներին խլելով՝ տանում են աշխարհի լավագույն գիտահետազոտական կենտրոններ: Մենք վերածվել ենք ուղեղ մատակարարող երկրի: Նույնիսկ պետական տեսակետից անընդունելի է դա. մենք ծախսում ենք ֆինանսներ՝ աճեցնելու կադրեր եւ մատակարում այլ երկրների՝ զարգացնելու նրանց գիտությունը»,- ասում է նա: Պարոն Իշխանյանը կարծում է՝ գիտնականներին տարատեսակ մրցանակներ շնորհելով՝ կարող ենք հասնել նաեւ գիտնականի վարկի բարձրացմանը: «Նման տարատեսակ մանր բաների հասնելը չէ, իհարկե, մեր խնդիրը: Պետությունը կամ տարբեր կառույցներ մրցանակներ շնորհելով՝ չեն կարող անտեսել մեր հիմնական պահանջը՝ գիտության պետական ֆինանսավորումը: Հանրապետության նախագահն այսօր նշեց, որ հանդիպելու է նախաձեռնության անդամների հետ: Ես ունեմ այն համոզվածությունը, որ նախագահի հետ հանդիպումները չեն կարող լինել անարդյունավետ, դա պատվաբեր չի լինի մեր երկրի համար»,- ասում է Արթուր Իշխանյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել