Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՅՐԸ ՆՈՐԱԾՆԻՆ ԹՈՂԵԼ Է ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ ԵԿԵՂԵՑՈՒ ՄՈՏ ՈՒ ՓՈՐՁԵԼ ՓԱԽՉԵԼ

Օգոստոս 30,2011 00:00

22-ամյա Մարիամն արդարանում է, որ «գժված» է եղել եւ  չի հասկացել՝ ինչ է անում

\"\"
Մարիամը «Լայթհաուսում» է սովորել, թե ինչպես պետք է սիրել, կերակրել ու քնեցնել երեխային: Մինչ այդ նա նորածնին հագցրել է վախենալու չափ կոպտությամբ, քնեցրել ծեծի պես հարվածներով:

\"\"
Մարիամը տնօրենի չափսերն է վերցնում, որ նրա համար
զգեստ կարի:

Մոտ 1 ամիս առաջ՝ հուլիսի 25-ին, Արտաշատի Մխչյան գյուղի բնակչուհի Մարիամ Մանուկյանը իր մի քանի ամսական երեխան գրկին շրջում է Սուրբ Սարգիս եկեղեցու տարածքում, հարմար պահ է ման գալիս: Բայց մտածածը չի կարողանում իրականացնել: Ոստիկանության հատուկ նշանակության ջոկատի աշխատակից Վարդան Պետրոսյանը, այսպես ասած, բռնում է Մարիամի ձեռքը եւ իմանալով, որ նա անօթեւան է, երեխային ու մորը տանում է «Զանգակատուն» բարեգործական հ/կ, այնտեղից էլ՝ բռնության ենթարկված կանանց ու հղիների ապաստարան՝ «Լայթհաուս», որը գտնվում է Պտղունք գյուղում: Մենք այցելեցինք կենտրոն եւ տնօրինությունից թույլտվություն ստացանք Մարիամի հետ առանձին զրուցելու ու պարզելու, թե ինչը կարող էր ստիպել նոր-նոր մայրացած կնոջը երեխայից հրաժարվելու:
Մարիամի խոսքերով՝ «մտածում էի՝ գոնե երեխես ապագա կունենար, սոված չէր մնա, իսկ ես ուզում էի երեխուն թողնելուց հետո վերջ տալ կյանքիս, ասենք, գնալու էի մոստ, ըտենց էի որոշել»: Մարիամն այն աստիճան է հիասթափված եղել կյանքից, որ նույնիսկ իրեն ապաստան տված կենտրոնում փորձել է ժավելի սպիրտ խմել ու իրար է խառնել «Լայթհաուսի» ողջ աշխատակազմին: Կենտրոնի տնօրեն Նաիրա Մուրադյանի պատմելով՝ «Հենց 2-րդ օրն էր, որ մեզ մոտ էր, մեկ էլ իրեն տեսանք ժավելի տարան ձեռքին, ասում էր, որ խմել է եւ ուզում է մեռնել: Մենք ուշ գիշերով բժիշկ կանչեցինք, լուրջ միջոցներ ձեռնարկեցինք՝ օրգանիզմը մաքրելու համար, բայց հետո հասկացանք, որ Մարիամը պարզապես այդ միջոցով ուզում էր հասկանալ՝ ո՞վ ենք մենք իր համար, կփրկե՞նք, թե՞ անտարբեր կլինենք»:
«Զանգակատանը» Մարիամի անօգնական փոքրիկին տեսնելով՝ երեխային արագ տեղափոխել են «Արմենիա» բուժկենտրոն: Ու ոչ ոք դեռ չի հասկանում, թե ինչ հրաշք է եղել, որ փողոցում հայտնված անխնամ նորածինը՝ Ժորիկը, ոչ միայն ողջ է մնացել, այլեւ շատ ամուր առողջություն ունի, բուժանձնակազմը երեխայի վիճակը գնահատել է, այսպես ասած՝ 10 բալանոց, լիարժեք առողջ: Սա զարմանալի էր հատկապես այն պարագայում, որ Մարիամը, ինչպես ասաց տիկին Մուրադյանը, երբեմն երեխային որպես սնունդ ծորակի սառը ջուր է տվել՝ շաքարավազով խառնած: Հետո նա կենտրոն է եկել «լրիվ անջատված, ինչ-որ դեղերի ազդեցության տակ», բացի այդ, Մարիամը ծխելու հետ էլ սեր ունի, եւ արդեն կարելի է ենթադրել, որ հղիության ընթացքում չի զսպել իր ծխելու ցանկությունը: Կերակրող մայր լինելով՝ կենտրոնի պատասխանատուներից Մարիամը խնդրել է զիջել իր մի խնդրանքը եւ իրեն անպայման ծխախոտ տալ: Երբ հարցրել են, թե քանի՞ գլանակ է օրական ծխում՝ ծննդկան մայրը պատասխանել է՝ «Դե, մի 4 պաչկա»:
Մարիամն իր քույրիկի հետ մեծացել է մանկատանը, այնուհետեւ տեղափոխվել է Նորքի գիշերօթիկ. «Մամաս մահացավ, պապաս կապվեց ուրիշ կնկա հետ, մեզ գիշերօթիկից շաբաթ-կիրակի տատիկս էր վերցնում, էն էլ՝ փողի համար, մենք փող էինք ստանում խնամակալության, բայց երբ չափահաս դառանք, տատս հանեց դուրս, էլ չպահեց: Սկզբում գնացինք հորս տուն, խորթ մերս մեզ ծեծում էր, ասում էր՝ պտի սղկեմ, որ իմանաք՝ խորթ մերը որն ա, մեզ վռնդեցին, ըտենց ընկանք փողոցները: Բայց մենք խուժանություն…բան չենք արել, մեր քրտինքով, հավաքարարությամբ, սրա-նրա հողը մշակելով, գոմ մաքրելով՝ մի կերպ ապրել ենք, քուրս մատուցող էր աշխատում, տուն վարձեցինք, մեր համար ապրում էինք: Ես ու քուրս մի ամիս սոված-ծարավ մնացել ենք, ցուրտ տեղը հիվանդացել, բայց կյանքում փողոցում չենք կանգնել ու մեզ չենք ծախել: Ես ազապ-ազապ հավաքարար եմ եղել, չեմ ամաչել: Ես զարմանում եմ էն աղջկերքի վրա, որ ասում են՝ նեղությունից եմ արել, մենք էդ քայլին չէինք կարա դիմել»: Հաշվի առնելով, որ մանկատան երեխաներին հաճախ են օգտագործում, բռնաբարում, նրանց ներքաշում զանազան ստվերային գործերի մեջ՝ մենք Մարիամից հետաքրքրվեցինք, թե իր դժվար կյանքի ընթացքում նման դեպք չի՞ եղել: Շատ անկեղծանալով՝ նա պատմեց, թե Իջեւանում ինչպես է մեկը փողոցում իրեն դաժան ծեծի ենթարկել ու փորձել բռնաբարել. «Իմ ձեներից հարեւանները, մարդիկ եկան, ինքը չհասցրեց»:
Ապագա ամուսնու հետ Մարիամը ծանոթացել է շատ պատահական, իր ասելով՝ սիրել են իրար. «Մտածում էի՝ քուրիկիս էլ տիրություն կանեմ, ինձ իրանից ոսկե սարեր պետք չէին, խրճիթ էի ուզում ու ասում էի՝ մենակ տունը սիրություն ըլնի: Բայց խմում էր՝ ինձ ծեծում էր, ես հղի էի, ինքը արդեն տուն չէր գալիս, ուրիշի հետ կապվեց, երկրից թողեց գնաց, ես մտածում էի՝ երեխես գոնե իրան կպահի, բայց նոր էի երեխուն ունեցել՝ մորը հրահանգել էր, որ ինձ տնից դուրս անի, ինքը ինձ չի ուզում տեսնել, ուրիշի հետ է ապրում: Հիմա ամուսինս փոշմանել ա, ուզում ա մեզ հետ բերի, ես չեմ գնում»:
 Մարիամն ընդամենը 1 ամիս է, ինչ «Լայթհաուսում» է, եւ տնօրենն արդեն մեծ փոփոխություններ է տեսնում նրա մեջ. նա փոքրիկին կերակրում է միայն մայրական կաթով, հաճախում է աղոթքի դասերի, կարուձեւ է սովորում: Խոստացել է, որ շուտով տնօրենի համար նոր զգեստ է կարելու: Նա վստահեցնում էր, որ քիչ-քիչ ծխելն էլ կթողնի, հիմա օրական ծխում է 4 գլանակ: Նա ասում է, որ դուրս գրվելուց հետո աշխատանքի կընդունվի, ամեն ինչ կանի, զուգարան էլ կմաքրի՝ միայն կարողանա գոնե իր երեխայի համար «4 պատ» ունենալ: Մեր հարցին՝ բա որ այդքան սիրում էիր Ժորիկին, ինչի՞ էիր ուզում ազատվել նրանից ու թողնել եկեղեցու բակում՝ նա պատասխանեց. «Եսիմ, էդ պահին գժվել էի»: Մարիամը համոզված է, որ իր երեխան «սրբի տված» է, եւ մտադիր է երեխայի անունը փոխել՝ դնել Հովհաննես:
Մեր զրույցի վերջում, երբ մաղթեցինք, որ Մարիամը թիկունքում ամուր տղամարդ ունենա, ամուսնանա ու կազմի իր երազած ընտանիքը՝ նա վստահեցրեց, որ դա երբեք չի լինի. «Ես էլ կյանքում չեմ ամուսնանա, զզվում եմ բոլոր տղամարդկանցից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել