Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք տոգորված էինք կառուցողական աշխատանքով»

Օգոստոս 30,2011 00:00

ՀԱԿ-իշխանություն երկխոսության մասին ասաց կոալիցիայի ներկայացուցիչ Գագիկ Մինասյանը, վստահեցնելով՝
«եւ դեռեւս տոգորված ենք»:

Կոալիցիայի աշխատանքային խմբի անդամ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը երեկ մամուլի ասուլիսում հույս հայտնեց, որ ՀԱԿ-կոալիցիա երկխոսությունը կշարունակվի. «Երբ սկսվեցին քննարկումները, հասարակության լայն շերտերում հույս արթնացավ, որ քաղաքական կուտակված ներուժը հնարավոր կլինի ուղղել խնդիրների լուծմանը, այլ ոչ թե ուղղել այնպիսի զարգացումների, որոնցից արդյունքներ հնարավոր չէ ակնկալել: Մթնոլորտը եղել է շատ բարյացակամ, եւ ինձ մոտ գերակայել է այն կարծիքը, որ որոշակի հաջողությունների պիտի հասնենք. մի կողմից՝ մեր պատասխանատվությունը, մյուս կողմից՝ այդ մթնոլորտը դրա գրավականն էին: Իրենք էին ասում, որ Հայաստանում չպիտի խառնվեին քաղաքական եւ իրավական հարթությունները։ Այն, ինչ հիմա անում են, հակառակ են այն կոչերին, որոնցով մարդկանց հրապարակ էին հանում»:
Պատասխանելով լրագրողի հարցին՝ հնարավո՞ր է, որ այս անգամ էլ, որպեսզի չտապալվի գործընթացը, իշխանությունները եւս մեկ անգամ հանդուրժողականություն դրսեւորեն, ու…»: Լրագրողը չհասցրեց հարցն ավարտել, Գագիկ Մինասյանն անմիջապես միջամտեց. «Ու միջամտեն իրավական գործընթացին քաղաքական ճանապարհո՞վ. ոչ, ո՛չ»: «Ես կարծում եմ՝ մենք գտնվում ենք բավականին լուրջ փուլում, ՀԱԿ-ի մեր գործընկերները առկախել են իրենց մասնակցությունը եւ՝ ընդամենը, ընդամենը առկախել են: Ես կարծում եմ՝ իրենք կվերագնահատեն իրենց որոշումները, կգան ավելի կառուցողական լուծումների»:
«Առավոտը»՝ հիշեցնելով ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի՝ մամուլի ասուլիսում արտահայտած միտքը, թե իրենք կոալիցիայի անդամների հետ շախմատ էին խաղում, մինչդեռ երկխոսության ընթացքում կոալիցիայի անդամները ոտքով հարվածում էին ՀԱԿ անդամների ոտքերին, փորձեց հստակեցնել, թե կոնկրետ ով եւ ում ոտքերին էր հարվածում եւ ինչո՞ւ: Գագիկ Մինասյանը ժխտեց ոտքով հարվածելու մասին լուրերը. «Մենք շախմատ չէինք խաղում, մենք երկխոսում ենք, եւ ես չեմ նկատել, որ որեւէ մեկը… (այս պահին լրագրողները անկեղծորեն ծիծաղում էին-Մ. Ե.)… մենք իսկապես երկխոսում էինք: Իհարկե, կարելի է նաեւ այդպիսի այլաբանական ձեւերով մոտենալ այդ ամեն ինչին, որպեսզի պատկերն ավելի հյութեղ լինի, սակայն ես կգերադասեի ամեն ինչ իրենց անուններով կոչել: Մենք երկխոսում էինք, բավականին ծանր աշխատանք էր դա, եւ, կարծում եմ, այդ ընթացքում երկխոսությունն ունեցել է լուրջ դրվագներ»:
Գագիկ Մինասյանը նաեւ ասաց, թե երբ «մեծ ճանապարհ եք գնում, այդ մեծ ճանապարհին միշտ չէ, որ ձեր գործընկերն անում է ճիշտ այն քայլերը, որոնք ձեզ համար ընկալելի են: Լինում են նաեւ այսպիսի դրվագներ: Սակայն եթե գերակայում է մեծ նպատակը, ապա միշտ հնարավոր է վերադառնալ ճիշտ հուն, եւ ես կարծում եմ՝ այժմ էլ դրա հնարավորությունները բնավ սպառված չեն»:
«Առավոտը» Գագիկ Մինասյանին հարցրեց՝ արդյոք կոալիցիայի աշխատանքային խմբի անդամներն իրենք իրենց վիրավորված չե՞ն զգում այն փաստի կապակցությամբ, որ ՀԱԿ-ի ներկայացրած 85 էջանոց փաստաթուղթը իրենք համբերատար լսեցին մինչեւ վերջ, իսկ ՀԱԿ-ը չուզեց մինչեւ վերջ լսել կոալիցիայի ներկայացրած 131 էջանոցը: Արդյոք դրանում կայի՞ն բաներ, որ ՀԱԿ-ի սրտով չէին, եւ Տիգրան Առաքելյանի ազատ արձակման թեման լոկ պատրվակ էր այդ փաստաթղթի ծանոթությունն ընդհատելու համար:
Ի պատասխան այս հարցի՝ պարոն Մինասյանն ասաց. «Իհարկե, ես համոզված եմ, որ մեր փաստարկները շատ ավելի համոզիչ են, քան իրենցը, բայց նաեւ ենթադրում եմ, որ իրենք պետք է ակնկալեին այդպիսի լուրջ փաստաթուղթ լսել: Եվ չեմ ուզենա մտածել, որ իրենք այդ լուրջ մտքերի բախումից խուսափելու համար այդ ճանապարհով գնացին: Ես հեռու եմ այն մտքից, որ ՀԱԿ-ի մեր գործընկերներն այդ բանավեճից խուսափելու համար գնացին այդ ճանապարհով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել