Փաստորեն ԱՄՆ դեսպանատանը հետաքրքրում է ամեն ինչ՝ ավտոմեքենաների համարանիշներից մինչեւ մեր գործիչների մականունները
Օգոստոսի 26-ին WikiLeaks կայքը հրապարակեց տարբեր երկրներում ԱՄՆ դիվանագիտական առաքելությունների 133 887 գաղտնի փաստաթղթեր, որոնցից շուրջ 1000-ը վերաբերում են Հայաստանին: Այս նոր զեկուցագրերը թվագրված են 2003 թվականից մինչեւ 2009-ը:
Ասենք, 2003-ի մի փաստաթղթում մեջբերված է, որ Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը ԱՄՆ դեսպանատան ներկայացուցչին պատմել է, թե ոստիկանները հիմա փոխել են իրենց մարտավարությունը եւ ավելի քիչ բռնություն են գործադրում միասեռականների հանդեպ, փոխարենը՝ ստիպում են նրանց տեղեկություններ տրամադրել կառավարությունում բարձր պաշտոններ զբաղեցնող միասեռականների կամ ամուսնացած, բայց ոչ ավանդական կողմնորոշում ունեցող խոշոր գործարարների մասին:
2003-ի դեկտեմբերի 9-ին թվագրված մի փաստաթուղթ ներկայացնում է մեր օլիգարխների ունեցվածքի մասին տվյալներ: Եվ քանի որ դրանց որոշ մասը հիմնված է ոչ պաշտոնական լուրերի վրա՝ մատուցման ձեւով դեսպանատան այս տեղեկանքը շատ նման է այն տեղեկություններին, որոնք ժամանակին հավաքում էր «Դրո» կառույցը իշխանական գործիչների մասին, կամ այն տվյալներին, որոնք 1998-ի հոկտեմբերի 30-ին հրապարակեց ՀՅԴ-ն հանրահավաքում, եւ վերջապես՝ պատգամավորների ունեցվածքի մասին այն տեղեկություններին, որոնք վերջերս ՀԱԿ-ը ներկայացրել է կոալիցիային: Զարմանալի տարբերությունը միայն այն է, որ ԱՄՆ դիվանագիտական այս փաստաթղթերում օգտագործված են նաեւ մեր գործիչների մականունները:
Այդպես է նաեւ 2004-ի ապրիլի 4-ի թվագրությամբ մի փաստաթղթում, որտեղ խոսվում է «գոլդ» համարանիշների մասին եւ մականուններով մեջբերվում, թե որ օլիգարխն ինչ համարանիշի մեքենա է վարում: Փաստաթղթում նաեւ հեգնանք կա, թե «Նիվա» ավտոմեքենան արժե 3 հազար դոլար, սակայն 08ԼՏ009 պետհամարանիշով նրա գինը հասնում է 4.5 հազարի:
Զեկուցագրերից դատելով՝ ԱՄՆ դեսպանատունն անում է բավական ճշգրիտ կանխատեսումներ: Ասենք՝ 2005-ի ապրիլի 13-ի թվագրությամբ մի փաստաթղթում կա եզրակացություն, թե մեր երկիրը չի գտնվում «Նռան հեղափոխության» շեմին, եւ Հայաստանում իշխանափոխություն տեղի չի ունենա մինչեւ 2007-2008 թվականների ընտրություններ:
Իսկ 2008 թվականի ապրիլի 9-ին Հայաստանում ԱՄՆ գործերի հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնը ԱՄՆ պետքարտուղարություն հաղորդագրություն էր ուղարկել, որն ավարտվում է հետեւյալ եզրահանգմամբ. «Թերեւս կարող ենք արձանագրել, որ մարտի 1-2 բախումների մասին լիարժեք ճշմարտությունը ո՛չ Հայաստանի հասարակությունը եւ ո՛չ էլ միջազգային հանրությունը երբեք չեն իմանա: Չնայած իշխանությունների եւ ընդդիմության վարկածներն իրարամերժ են, այդուհանդերձ դրանց բնույթը լուրջ մտահոգության տեղիք է տալիս՝ առկա ճգնաժամին իշխանությունների արձագանքի վերաբերյալ: Մտահոգիչ է նաեւ այն հանգամանքը, որ կառավարությունը հրապարակայնորեն հաշվետու չէ այն կոշտ ու մահվան հանգեցրած միջոցների համար, որոնք ձեռնարկվել են: Քանի դեռ իշխանությունները Հայաստանի քաղաքացիներին անկախ ու թափանցիկ միջոցներով չեն բացատրել, թե ինչ տեղի ունեցավ մարտի 1-ի մութ ժամերին, այս իրադարձությունների խայտառակությունը շարունակելու է հետապնդել իշխանություններին՝ կասկածի տակ դնելով նրանց լեգիտիմությունը»:
Իսկ 2008-ի մայիսի 2-ին ուղարկված մի հաղորդագրության մեջ ասվում է, որ մարտի 1-ի դեպքերից հետո փոխվեց Հայաստանից արտագաղթողների ոչ միայն թիվը, այլ նաեւ որակը՝ սկսել են արտագաղթել նաեւ միջին խավի ներկայացուցիչները:
2009-ին վերաբերող WikiLeaks-յան փաստաթղթերից առանձնացրել ենք մեր ընդդիմադիր ուժերին վերաբերողները: Դրանցից մեկում Ջոզեֆ Փենինգթոնն անդրադարձել է «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի պատգամավորական մանդատից հրաժարվելու քայլին: «Սկզբունքորեն մանդատից հրաժարվելու քայլն իմաստ կունենար, եթե այն աներ իշխանական ուժի ներկայացուցիչը: Սակայն Հովհաննիսյանի դեպքում դեռեւս պարզ չէ՝ ի՞նչ հույսեր ունի նա խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունից միայնակ հեռանալով,- մեկնաբանում է Փենինգթոնը:- Շատ հավանական է, որ Հովհաննիսյանը քայլ է անում դեպի քաղաքական անպատեհություն»:
Ոչ պակաս քննադատական են ԱՄՆ դեսպանատան դիտարկումները նաեւ ՀԱԿ-ի հասցեին: Այսպես, 2009-ի մայիսի 18-ի զեկուցագրում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչն անդրադառնալով ավագանու ընտրությունների մասին ՀԱԿ-ի հայտարարությանը, որ եթե իրենք 75% ձայն չստանան՝ ուրեմն ընտրությունները կեղծված են, մեկնաբանել է. «Շատ քիչ է հավանականությունը, որ ամենաարդար ընտրություններում ՀԱԿ-ը 75% ձայն ստանա»: Իսկ հունիսի 4-ի զեկուցագրում Յովանովիչը «զարմանալի» է որակել ավագանին բոյկոտելու որոշումը. «Հիմա, երբ ՀԱԿ-ը վերջապես հնարավորություն էր ստացել մտնելու կառավարության մեջ, ինչն այդքան ուզում էր, նա որոշել է դուրս մնալ: ՀԱԿ-ը սա անում է ի պատասխան կեղծված ընտրությունների, բայց մեր կարծիքով՝ սա վկայում է նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ իր համակիրների անլրջության մասին»: Wikileaks-ի մեկ այլ փաստաթղթում դեսպանը «չափազանցված» է անվանել ընդդիմության զգուշացումները մեծ հուզումների մասին. «Հնարավոր է, որ նրանք այլեւս չեն կարողանա նշանակալի քանակությամբ մարդ դուրս բերել փողոցներ»:
Նկատենք, որ ՀԱԿ համակարգողն էլ, իշխանության պես՝ WikiLeaks-ի բացահայտումների նկատմամբ որդեգրել է «no comment» մարտավարությունը: Փոխարենը մեկնաբանում են փորձագետները, որոնցից մեկը՝ տեղեկատվության անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, երեկ Facebook-ում հարց էր հրապարակել՝ «Իսկ ձեր մասին WikiLeaks-ում արդեն գրե՞լ են»: «Առավոտի» հետ զրույցի ընթացքում Սամվել Մարտիրոսյանն այսուհանդերձ նշեց, թե WikiLeaks-ի վերաբերյալ սպասումներն ավելի շատ էին, քան իրականությունն է. «Շատ հետաքրքիր է տեսնել, որ ամերիկացիներն ամեն ինչով հետաքրքրվում են՝ օլիգարխների մեքենաների համարներից սկսած, ու ինչ-որ զավեշտական մեկնաբանություններ են անում: Բայց երբ խորանում ես՝ տեսնում ես, որ առանձնապես ինչ որ մի բացահայտում կամ գաղտնիք այնտեղ չկա»: Ըստ նրա՝ ինքը գիտի մանրամասներ մի քանի փաստերի վերաբերյալ, որոնք նշված են այս զեկուցագրերում. «Եվ երեւում է, որ սխալներ էլ կան, այսինքն՝ այդքան ճշգրիտ չեն արձանագրել հանդիպման արդյունքները: Տվյալ պահին կարող ենք ասել, որ այստեղ պարզապես հավաքված է այն ամենը, ինչ Հայաստանի մասին մենք էլ սկզբունքորեն գիտեինք կամ կարող էինք իմանալ, ուղղակի ԱՄՆ դեսպանատունը շատ մանրակրկիտ է հետեւում ամբողջ հասարակական-քաղաքական կյանքին»:
Ի դեպ, WikiLeaks-ի շնորհիվ եւս մի բան բացահայտվեց, որ մեր գործիչները սեփական հանրության հետ պակաս անկեղծ են, քան ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների, որոնց պատմում են բավական հետաքրքրական մանրամասներ՝ իմանալով հանդերձ, որ այդ ամենը զեկուցագրերի տեսքով դրվելու է Վաշինգթոնում՝ համապատասխան սեղաններին: Մեր այս դիտարկմանը Սամվել Մարտիրոսյանն այսպես արձագանքեց. «Ինձ թվում է՝ գործիչները վստահ խոսել են՝ ենթադրելով, թե խոսակցությունը խորհրդապահական է: WikiLeaks-ը դրանով է յուրահատուկ, որ ի հայտ են եկել գաղտնի զրույցները, հրապարակվել է այն, ինչ չպիտի հրապարակվեր: Եվ ակնհայտ է, որ նման զրույցների դեպքում մարդիկ ավելի բաց են խոսում՝ ու ոչ միայն Հայաստանում: Հիշեցնեմ, ասենք, Իլհամ Ալիեւի արտահայտությունները Մեդվեդեւի կամ Պուտինի մասին. նա դրանք իրեն թույլ չէր տա, եթե հաշվի չառներ, որ զրույցը մնալու է գաղտնի: Հավելենք մի գործոն էլ՝ ԱՄՆ-ն երեւի բոլոր փոքր երկրներում էլ ընկալվում է իբրեւ գերտերություն, որին կարելի է բողոքել ուրիշի մասին՝ այստեղ մի քիչ երեւում է «մեծ պապայի» դերը»: