Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ «ՖԱՍԱԴԱՅԻՆ» Է

Օգոստոս 30,2011 00:00

\"\"Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի կարծիքով՝ երկխոսության քողի տակ պաշտոնական եւ ընդդիմադիր կողմերը այդպես էլ ներքին համաձայնության չեկան ապագա նախագահական ընտրությունների գործընթացի, նախագահի անձի շուրջ:

– Ի սկզբանե դրակա՞ն, թե՞ բացասական վերաբերմունք ունեիք երկխոսության վերաբերյալ:
– Ես երկխոսության վերաբերյալ, կարելի է ասել, որեւէ զգացմունքային վերաբերմունք չունեի: Ավելին, ի սկզբանե գտնում էի, որ երկխոսությունն ինքնին մեկ հարցի է նվիրված: Այն խնդիրները, որոնք հրապարակվեցին՝ իբրեւ երկխոսության թեմա, բնավ էլ այդպիսիք չէին եւ չդարձան: Եվ ի սկզբանե, եւ, առավել եւս, հիմա ես համոզված եմ, որ երկխոսության նպատակը ֆասադային է: Բուն նպատակը հետեւում էր՝ պաշտոնական եւ ընդդիմադիր կողմերը պետք է ներքին համաձայնության գային առաջիկա նախագահական ընտրություններում ապագա նախագահի թեկնածուի շուրջ, իսկ մնացյալը երկխոսության շուրջ խոսակցություններ են:
– Դատելով երկխոսության առնչությամբ Ձեր մոտեցումից՝ փաստորեն կարելի է ենթադրել, որ նախագահի անձի շուրջ համաձայնության չե՞ն եկել:
– Այս ամբողջի մեջ ինձ համար տարօրինակ բաներ շատ կան: Հենց ի սկզբանե ինձ համար տարօրինակ էր, որ ՀԱԿ-ի լիդերը հայտարարում էր, թե երկխոսության բուն փաստը շատ ավելի կարեւոր է: Այսինքն՝ երկրում արդեն բոլոր հարցերը լուծվել են, քանի որ երկխոսություն արդեն հնարավոր է: Թե ի՞նչ հարցեր էին լուծվել, ինչպե՞ս էին լուծվել եւ այլն՝ սրանք շատ երկրորդական էին դառնում, բուն
երկխոսության փաստը՝ առաջնային: Անկեղծ ասած, եթե այդպիսին էր դիրքորոշումը, հիմա ինձ համար շատ տարօրինակ է ՀԱԿ-ի զգուշավորությունը կամ երկխոսությունը դադարեցնելու, ձգձգելու, չգիտեմ՝ հեռանկար ծրագիրը ո՞րն է, բայց այս պահին երկխոսությունը կարծես թե ընդհատելու միտումը: Եթե երկխոսության բուն փաստն այդքան կարեւոր էր, դրան արդեն հասել էին, ինչո՞ւ պիտի հիմա դադարեցնեին, եւ այդ «բուն փաստը», «կարեւորագույն խնդիրը» դուրս գար ընդհանրապես: Երկխոսությանը ներկայացվեցին ինչ-որ փաթեթներ, որոնցում իշխանությունն ավելի շատ պատասխանում է ՀԱԿ-ի առաջադրած խնդիրներին, ոչ թե իր ծրագիրն է առաջարկում, ՀԱԿ-ը՝ ինքը, որոշ հարցերում՝ վերլուծություններ, որոշներում հայտարարություններ արեց, բայց այս բոլորը հիմա երկրորդական են դարձել, երկխոսության բուն փաստն անգամ երկրորդական է դարձել՝ ես այս ամենից ուղղակի ենթադրում եմ, որ նախագահի ընտրության պրոցեսի, գուցե նաեւ անձի ընտրության շուրջ համաձայնություն չի կայացվել:
– Այս ընթացքն ի՞նչ ցույց տվեց՝ իշխանությո՞ւնն էր ավելի անկեղծ իր պահվածքով եւ նկրտումներով, թե՞ ՀԱԿ-ը:
– Ես կարծում եմ՝ ոչ ընդդիմությունը, ոչ էլ իշխանությունը:
– Ի՞նչ եք կարծում, աշնանը քաղաքական զարգացումներն ի՞նչ ընթացք կստանան:
– Դե, հիմա խոսում են հանրահավաքային ձեւին վերադառնալու մասին: Հետո, կարծում եմ, նորից կսկսեն ավազակապետական եւ մոնղոլ-թաթարական տերմինալոգիայի ակտիվացումը:
Այժմ ակնհայտ է, որ Ազգային ժողովի եւ առավել եւս՝ նախագահական արտահերթ ընտրությունների մասին խոսակցությունն արդեն հրապարակից դուրս է գալիս: Բայց ընտրություններից մի քիչ առաջ, այնուհանդերձ, ներքին պայմանավորվածություններ կլինեն, որից հետո ավազակապետական եւ մոնղոլ-թաթարական տերմինալոգիան կդադարի ակտիվ լինելուց, եւ կլինեն հանուն երկրի՝ կառուցողական ծրագրերի շուրջ բանակցություններ, հավանական են խոսակցությունները, որ ՀԱԿ-ը Ազգային ժողովում կունենա ընդդիմադիր թեւ ու այդպիսով կհավասարակշռի:
– Իսկ այս ամենում ո՞րն է հասարակության տեղը, դերը, շահը:
– Ես չեմ տեսնում: Կարծում եմ, որ հասարակությունը շատ հստակ հետեւություն արեց. այսօր արտագաղթի տեմպերն են էլ ավելի ակտիվանում, քաղաքականության, դիրքորոշումների շուրջ մարդկանց հետաքրքրություններն են նվազում՝ կապի եւ հետեւելու առումով: Մարդիկ պարզապես հետեւություն արեցին, որ այս բոլորը խաղեր են, որտեղ անձային ու անձնային հարցեր են որոշվում, ոչ թե երկրի եւ բնակչության խնդիրների շուրջ լուրջ մտահոգություններ, ծրագրեր կան կամ դրանց իրականություն դարձնելու ռեալ հեռանկարներ: Մարդիկ ռեալ՝ յուրաքանչյուրն ինքն իր ճակատագիրն է փորձում տնօրինել՝ անկախ երկրի ներքին տնտեսական, քաղաքական, սոցիալական եւ այլ զարգացումներից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել