Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՊ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ՄԵՂԱԴՐՈՒՄ Է ԿԳՆ-ԻՆ

Օգոստոս 27,2011 00:00

«Գիտության եւ կրթության նախարարությունը հանրակրթական դպրոցի դասագրքերի մրցույթի ընթացքում խախտել է մաթեմատիկայի դասագրքի հեղինակի իրավունքը, քանի որ մրցույթին ներկայացվել եւ հաղթող է ճանաչվել մրցութային հանձնաժողովի անդամի գիրքը: Շահագրգիռ անձի ներգրավումը մրցութային հանձնաժողովում անհավասար պայմաններ է ստեղծել մրցույթի մասնակիցների միջեւ»,- ասվում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի երեկ տարածած հայտարարության մեջ:
«Բողոքի հիման վրա կատարված ուսումնասիրության ընթացքում ՀՀ գիտության եւ կրթության նախարարությունն ընդունել է, որ հանրակրթական դպրոցների դասագրքերի մրցույթների կազմակերպման եւ անցկացման իրավական հիմքերը, այդ թվում՝ շահերի բախումը բացառելու երաշխիքները, ներկայումս հստակ կանոնակարգված չեն:
Մարդու իրավունքների պաշտպանն առաջարկում է ՀՀ գիտության եւ կրթության նախարարությանը՝ մշակել եւ օրենքով ամրագրել համապատասխան ընթացակարգեր, որոնք կվերացնեն եւ կբացառեն կոռուպցիոն ռիսկերը նշված գործընթացներում: Միեւնույն ժամանակ, առաջարկվում է անվավեր ճանաչել արդեն իսկ անցկացված մրցույթի արդյունքները՝ մարդու խախտված իրավունքը վերականգնելու եւ նրա համար մրցութային հավասար պայմաններ ապահովելու նպատակով»:
ՀՀ ԿԳՆ-ն իր հերթին հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է.
«Հետաքրքրությամբ ընթերցեցինք ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տարածած հայտարարությունը, ցավով արձանագրելով իրականությանը չհամապատասխանող, ոչ ճշգրիտ եւ ոչ պրոֆեսիոնալ որակումներ: Կրկին տեղեկացնում ենք՝ «Մաթեմատիկա» առարկայի 5-6-րդ դասարանների համար դասագրքերի մրցույթի արդյունքները չեն վիճարկվել: Գուցե, ՄԻՊ գրասենյակը, խորամուխ չլինելով մրցույթի ընթացակարգի եւ բովանդակության մեջ, նկատի է ունեցել «Հանրահաշիվ 7-9 դասարանների համար» դասագիրքը, որի մրցույթում հաղթող է ճանաչվել Ռուսաստանի Դաշնության «կՐՏրՉպքպվՌպ» հրատարակչության Ս. Մ. Նիկոլսկու դասագիրքը:
Հեղինակը՝ ՌԴ Գիտությունների ակադեմիայի անդամ, Մ. Վ. Լոմոնոսովի անվան համալսարանի վաստակավոր պրոֆեսոր Ս. Մ. Նիկոլսկին,  բնականաբար՝ չէր կարող լինել Հայաստանում դասագրքերի մրցութային հանձնաժողովի անդամ: Որպես ՀՀ քաղաքացիներ, անհանգստություն ենք հայտնում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից տրվող գնահատականների, հապճեպության եւ պակաս արհեստավարժության կապակցությամբ: Կարծում ենք, նման գործելաոճի շարունակումը կարող է վտանգի տակ դնել մարդու իրավունքների պաշտպանության ողջ ինստիտուտի կայացումը եւ զարգացումը մեր երկրում: ՄԻՊ գրասենյակը, կարծում ենք, պետք է բարձրացնի մատուցվող ծառայությունների որակը, ինչը բխում է ՀՀ բոլոր քաղաքացիների շահերից:
Պատրաստ ենք աջակցել մեր գործընկեր Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի գործունեությունը նոր որակի եւ մակարդակի բարձրացնելու հարցում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել