Երեւանում օգոստոսյան թեժ արեւը ամենավառը շողում է պողոտաներից «ամենապաշտոնականում»՝ Բաղրամյանում: Պողոտան երիզող պարիսպները այստեղ միայն վերջերս են ներկվել եւ «կոսմետիկան» դեռ չի հասցրել խամրել: Այն շպարվել է սեւով եւ ոսկեգույնով, ինչը, արեւի ճառագայթների ներքո, կարծես էլ ավելի է ընդգծում պողոտայի «ամենապաշտոնյաների» ոսկեզօծ անհասանելիությունն ու անթափանց խորհրդավորությունը: Սակայն, եթե ուզում եք տեսնել, թե պողոտայում արեւը հատկապես որտեղ է ամենապայծառը փայլում, քայլեք անկախ եւ ինքնիշխան Հայաստանի խորհրդարանի պարիսպների երկայնքով: Այստեղ հաջորդաբար հառնում են խորհրդային լուսապայծառ սիմվոլները՝ իրենց դասակարգային խորհրդանշաններով եւ ամբողջատիրական ոճաբանությամբ: Անցյալի վերամբարձ զարդաքանդակների խիստ հայացքների ներքո քայլելիս կհասնեք ամենակենտրոն եւ խորհրդարանի կենտրոնական դարպասներից իր արեւային ժպիտով ձեզ կդիմավորի Կրեմլի ամենակարող ու «ամենակարմիր» աստղը: Այն կարծես հուշում է՝ անցնելիս բոլորի հայացքները անպայմանորեն պետք է ուղղված լինեն դեպի հյուսիս, քանի որ նախկին կայսրության այս գողտրիկ անկյունում խորհուրդների աստղը դեռեւս չի մարել:
Հետխորհրդային մի շարք երկրներ, հասնելով ժողովրդավարության որոշակի աստիճանի, որոշեցին ազատվել մերժելի եւ հակամարդկային ամբողջատիրության անցյալից: Այս ճանապարհի կարեւորագույն քայլերից մեկն էլ այդ երկրներում խորհրդային սիմվոլիկայի գործածության արգելումն էր՝ որպես ավտորիտարիզմ ենթադրող խորհրդանշաններ: Մասնավորապես, Լվովի քաղաքային խորհուրդը այս տարվա ապրիլին ընդունեց որոշում, որն արգելում է խորհրդային սիմվոլիկայի օգտագործումը, որպես «այլեւս գոյություն չունեցող ամբողջատիրական երկրի սիմվոլիկա»: Նույնը տեղի ունեցավ Իվանո-Ֆրանկովսկում, որտեղ արգելվեց կարմիր դրոշների ծածանումը անգամ տոնական օրերին: Նմանապես, լիտվական Սեյմի որոշմամբ՝ երկրի ամբողջ տարածքում դեռ 2008 թ. արգելվում է խորհրդային եւ ֆաշիստական սիմվոլների հանրային կիրառությունը, այդ թվում՝ ԽՍՀՄ դրոշի, մուրճ ու մանգաղի, կարմիր աստղի ցուցադրումը եւ հիմնի կատարումը: Իսկ Լեհաստանում, ըստ 2009 թ. ընդունված օրենքի, կոմունիստական սիմվոլների տիրապետման, վաճառքի եւ տարածման համար սահմանված է տուգանք եւ մինչեւ 2 տարի ազատազրկում: Ռուսաստանը 2007թ. տնտեսական պատժամիջոցներ կիրառեց Էստոնիայի նկատմամբ, որը համարձակվել էր խորհրդային զինվորի արձանը Տալինի կենտրոնից տեղափոխել արվարձան: Այս արշավի վերջին ակորդը Վրաստանում վերջերս ընդունված «Ազատության խարտիան» էր, որը խորհրդարանի կողմից ընդունվեց որպես «Գաղտնազերծման եւ սովետական սիմվոլիկայի արգելման մասին օրենք»:
Հայաստանում կարմի աստղը ոչ թե պարզապես զարդարում է որեւէ պատմաճարտարապետական շինություն, այլ անկախ եւ ինքնիշխան երկրի ներկայացուցչական ժողովրդավարության կոթողը հանդիսացող խորհրդարանի պարիսպները: Այն դեռեւս պսպղում է բոլորովին այլ արժեհամակարգ որդեգրած պետության գլխավոր ժողովրդավարական ամբիոնի վրա:
Թերեւս ՀՀ Ազգային ժողովի պարիսպները այն երկաթե վարագույրն է, որտեղով ներկայումս անցնում է հայ-խորհրդային սահմանը: Եվ դա պատահական չէ. հենց այստեղ են «պաշտոնավարում» մեր քաղաքական երկնակամարի անմար «աստղերը»: