Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԼՈՃՈՎ ՄԱՆԿԱԿԱՆ ԿԵՐԵՐ՝ «ԵՐԵՎԱՆ ՍԻԹԻՈՒՄ»

Օգոստոս 27,2011 00:00

Վիտամիններով հարուստ հերկուլեսը սուպերմարկետում հագեցած է նաեւ անցանկալի «մսամթերքով»

\"\"

Օրերս «Երեւան Սիթի» սուպերմարկետների ցանցի հետ կապված մի խնդիր առաջացավ. սպառողներից մեկը՝ Տաթեւիկ Ղարիբյան անունով, «Հետքին» դժգոհել էր, որ աղիքային խնդիրներով հիվանդանոցում պառկած իր 4 տարեկան երեխայի համար Ծերեթելի-Բագրատունյաց խաչմերուկի «Երեւան Սիթիից» գնել է «Preston» ֆիրմայի վարսակի շիլա ու հայտնաբերել, որ այն, մեղմ ասած, փչացած է, վատ հոտ է եկել, դառնահամ է եղել եւ այլն: Ավելի ուշ սպառողը հայտնաբերել էր, որ շիլայի տուփի վրա սոսնձված ժամկետի տակ այլ ժամկետ կա՝ ավելի քան 1 տարվա վաղեմության: Այս դեպքից հետո սուպերմարկետի պատասխանատուները արդարացել են, որ հնարավոր չէ իրենց մոտ մանկական կեր վաճառեն՝ ժամկետի խախտումով, որ ամեն ինչ ստուգվում է, երբեւէ որեւէ բողոք այդ առումով չեն ստացել եւ այլն, թեեւ ժամկետանց շիլայի տուփն էլ կա, գնումներն էլ, այդ մասին վկայող լուսանկարներն ու տեսանյութերն էլ:
Այդ շիլայի պատմությունը դեռ թեժ քննարկումների փուլում էր՝ Սեբաստիա 141/5 հասցեի «Երեւան Սիթիից» գնեցի «ՀցրրՍՌռ տՐՏՊցՍՑ» ապրանքանիշի վարսակի փաթիլներ՝ արագ պատրաստման, իմ 3 տարեկան երեխայի համար: Այն ժամկետի մեջ էր՝ 19.07.11թ. արտադրության եւ ժամկետի տակ այլ ժամկետ, բարեբախտաբար, սոսնձված չէր: Սակայն եփելուց հետո, երբ արդեն երեխաս ախորժակով ուտում էր իր համար շատ օգտակար, վիտամիններով հագեցած այդ հերկուլեսը, տեսողությունս լարելուց հետո նկատեցի, որ այն հագեցած է նաեւ չնախատեսված «մսամթերքով»՝ ոջիլանման բլոճներով. 1 աման եփված շիլայի մեջ մոտ 1 տասնյակի չափ բլոճներ կային:
Ինչպես պարզեցինք, «ՀցրրՍՌռ տՐՏՊցՍՑ» ընկերության այդ վարսակի փաթիլները Հայաստան ներմուծողը «Մելդավ» ընկերությունն է: Երբ բլոճների համար պարզաբանումներ խնդրեցինք, ընկերության ներկայացուցիչը վստահեցրեց, որ խնդիրը ոչ թե իրենցից է, այլ՝ վաճառող խանութից. «Դուք կարող եք գալ, մեր ամբողջ պահեստը ստուգել, այն «Սուրմալուի» 23 պահեստն է, ոչ մի բլոճ այստեղ չեք գտնի. ես գիտեմ դա ինչ բլոճի մասին է, եթե պահեստի պայմանները ճիշտ չեն լինում, այդ բլոճը կարող է մտնել տուփի մեջ ու արագ զարգանալ: Հավանաբար՝ «Երեւան Սիթիի» պահեստն է վարակված եղել»: Իսկ սուպերմարկետից հորդորեցին կտրոնով դիմել իրենց: Նույն օրը մինչ մենք կհասնեինք Սեբաստիա փողոցի վրա՝ նախկին «Լուս աստղ» կոչվող սուպերմարկետը, նկատեցինք, որ ողջ հերկուլեսների տեսականին փոխված էր. հուլիսի արտադրության «ՀցրրՍՌռ տՐՏՊցՍՑ»-ի հերկուլեսների փոխարեն տեղադրված էին ավելի վաղ արտադրված, բայց չորդնած հերկուլեսներ, որովհետեւ երբ նմուշի համար գնեցինք վաճառքի հանված արդեն հունիս ամսվա արտադրանքը, այն եփելուց հետո անցանկալի մսամթերքներ չհայտնաբերեցինք: Սովորաբար առողջ տրամաբանությունը հուշում է, որ պետք է վաճառքի հանվեն ավելի վաղ արտադրված ապրանքները, որպեսզի ժամկետը չանցնի, մինչդեռ, ստացվում է, որ «Երեւան Սիթիում» հակառակն են անում:
Մենք բլոճով մանկական կերերի մասին տեղյակ պահեցինք նաեւ գյուղնախարարության Սննդամթերքի անվտանգության տեսչությանը, որտեղից խոստացան հետքերով գնալ: Ինչպես գիտենք, առեւտրային կետերում ստուգումներ անցկացնելու համար պետք է ՀՀ վարչապետի թույլտվությունը: Ավելի ուշ տեսչության աշխատակիցները փոխանցեցին, որ արդեն մոնիտորինգ են սկսել մայրաքաղաքի բոլոր «Երեւան սիթիներում», ուսումնասիրությունները շարունակվելու են մինչեւ օգոստոսի 30-ը եւ որեւէ խախտում գտնելու դեպքում ընկերությունը պատասխանատվություն կկրի: Արդեն սուպերմարկետների վաճառքից հանվել են մանկական ժամկետանց շիլաներն ու կերերը:
Նշենք, որ հերկուլեսը այն սննդամթերքն է, որը համարվում է միանգամայն անվտանգ, անվնաս, մանկաբույժներն այն խորհուրդ են տալիս աղեստամոքսային խնդիրներ ունեցող, հյուծված, վիտամինի պակաս ունեցող երեխաներին: Հենց կոնկրետ վարսակի փաթիլների տուփերի վրա նշվում է, որ այն բարձրորակ կոմբինացված արտադրանք է, որը կարելի է անվանել առողջ սննդի հիմք, որովհետեւ պարունակում է մեծ քանակությամբ համալրված սպիտակուցներ, վիտամիններ, հանքային նյութեր, բջջանյութ եւ այլ օգտակար տարրեր:
Հ. Գ. «Երեւան Սիթիից» կատարված գնումների ՀԴՄ կտրոնները, ինչպես նաեւ բլոճներով լի հերկուլեսը մեր ձեռքի տակ են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել