Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ԱԿԱՆՆԵՐՆ ԷԼ ԱՊԱՀՈՎԱԳՐՎԱԾ ՉԵՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՃՆՇՈՒՄՆԵՐԻՑ

Օգոստոս 27,2011 00:00

«Հին Էրիվան հոլդինգ» ՍՊԸ-ն օգոստոսի 25-ին տարածել է հաղորդագրություն «Յունիբանկի» եւ ոստիկանության կողմից իրենց ղեկավարի նկատմամբ կատարվածի վերաբերյալ: Ըստ այդմ՝ «Յունիբանկի» եւ «Հին Էրիվան հոլդինգի» միջեւ 2007-2008թ.-ին կնքվել են վարկային պայմանագրեր: Եվ ըստ հաղորդագրության՝ այս տարվա մայիսին իրենք ամբողջությամբ ու վաղաժամկետ մարել են վարկը, բայց երբ խնդրել են տրամադրել «հաշվարկված տոկոսների հետ կապված հարկային պարտավորությունները կատարված լինելու վերաբերյալ տեղեկանք», կասկածելով, որ բանկը 2 տարվա տոկոսների մասով հարկ չի վճարել՝ «բանկի ղեկավար Վարդան Աթայանը տեղեկանք տրամադրելու փոխարեն հարձակման գործընթաց է սկսել ընկերության դեմ՝ ընկերությունից պահանջելով ամբողջ վարկի գումարը, իբրեւ թե ընկերությունը սխալ համաձայնագրերի գրաֆիկով է ղեկավարվել»: Աթայանը նաեւ դիմել է ՀՀ ոստիկանությանը՝ մեղադրելով ընկերության ղեկավար Մանվել Տեր-Առաքելյանին համաձայնագրեր կեղծելու մեջ. «23.08.2011թ. 6-րդ վարչության 1-ին վարչության աշխատակից Էդգար Մնացականյանը բացատրություններ ստանալու պատրվակով կանչել է Մանվել Տեր-Առաքելյանին, ու մինչեւ գիշեր (ժամը 22-ի սահմաններում) չէին թույլատրում դուրս գալ ոստիկանատնից, մինչեւ չգրի, որ պարտք է «Յունիբանկ»-ին: Ընդ որում, Մանվել Տեր-Առաքելյանի գրած յուրաքանչյուր նախադասության համար ոստիկանը դուրս էր գալիս հեռախոսազանգի միջոցով ճշտումներ անելու բանկի ղեկավար Վարդան Աթայանից»: Նշված է նաեւ, որ Մանվել Տեր-Առաքելյանը 6-րդ վարչությանը ներկայացրել է փորձագետի եզրակացությունը նշված համաձայնագրերի իրական լինելու վերաբերյալ, բայց «կրկին չի կարողանում ազատվել «Յունիբանկ»-ի՝ Վարդան Աթայանի միջոցով ոստիկանության ճնշումներից»:
Մեր կողմից նշենք, որ Մանվել Տեր-Առաքելյանը ՀՀԿ անդամ է, եւ ընտրությունների ընթացքում միշտ «Հին Էրիվանի» կողքին կանգնեցնում էր Սերժ Սարգսյանի պատկերով ավտոբուս: Ավելին՝ 2008-ի մարտին արտակարգ դրության պայմաններում, երբ ընդդիմությունը զրկված էր պատասխանելու հնարավորությունից՝ նա մամուլում վիրավորանքներ էր շաղ տալիս ՀՀ առաջին նախագահի հասցեին. «Նա եւ իր թիմակիցները ոհմակից ետ մնացած թափթփուկներ են»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել