ՀՀ կառավարությանը մերձ շրջանակներից օրերս «Առավոտին» հայտնի դարձավ, որ Հրազդանի ՊՇԵԿ-ի 5-րդ էներգաբլոկը շահագործման կհանձնվի այս տարի: ՀՀ երրորդ հանրապետության առաջին վարկի ճակատագիրը կապված է հենց այս էներգաբլոկի հետ: Վարկի պայմանագիրը կնքվել է 1993 թվականին, դրա գումարը կազմում էր 57.4 մլն ԱՄՆ դոլար, իսկ վարկատուն Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկն էր: Հիշեցնենք, որ այդ շինարարությունը սկսվել էր դեռ խորհրդային տարիներին՝ 1987-ին, սակայն ԽՍՀՄ փլուզումից հետո կանգ էր առել: Կատարված հաշվարկների հիման վրա կանխատեսվում էր, որ վարկի գումարը բավարար կլինի այն ավարտելու համար, եւ հայաստանցու համար կդառնա իրականություն փակված ատոմակայանի պայմաններում շուրջօրյա հոսանքի մատակարարումը: Բայց 1996-ին բոլոր գումարներն արդեն վատնված էին, իսկ էներգաբլոկը հեռու էր պատրաստ լինելուց: Դատախազության եւ ֆինանսների նախարարության կողմից իրականացված ստուգումների արդյունքում արձանագրվել էին Հայաստանի պատմության մեջ թերեւս ամենածավալուն յուրացումները, գումարների ոչ նպատակային ծախսումները եւ այլ տիպի չարաշահումներ: Մասնավորապես, 1994 թվականին տեղի է ունեցել շինարարության պատվիրատուի փոփոխություն, եւ հանձնման-ընդունման ժամանակ չեն փոխանցվել 2.3 մլն դրամի դեբիտորական մնացորդները (թվերը բերված են պայմանագրերի կնքման պահին գործող փոխարժեքով): Կնքված պայմանագրերի հիման վրա պակաս են ներկրվել մոտ 300 տոննա մետաղական կոնստրուկցիաներ, չեն մուտքագրվել տասնյակ տոննաների մետաղական գլանվածքներ: Մեծ գումարների պայմանագրեր են կնքվել, որոնք չեն կատարվել, սակայն գումարները վճարվել են: Այսպես, միայն «Մարմարիկ» ՊՁ-ի հետ կնքված պայմանագրի արդյունքում չեն առաքվել 231 տոննա սարքավորումներ: Վերոնշյալ ընկերության հետ նաեւ կնքվել է 400.000 դոլարը դրամի հետ փոխանակելու պայմանագիր, որի արդյունքում ստացվել է միայն 50.122 դոլարին համարժեք դրամ: Մնացած գումարը հաշվապահական ձեւակերպումների միջոցով փոշիացվել է: Ստուգման արդյունքում բացահայտվել է 1 մլն ԱՄՆ դոլար գումարի եւ 345 տոննա կաթսաագրեգատի սարքավորումների պակասուրդ: Կնքվել են պայմանագրեր, որոնցում նշված փոխարժեքը եղել է 2 անգամ ցածր, քան այդ պահին գործող պաշտոնականը: 1994 թվականին Հրազդանի ՊՇԷԿ-ի կողմից կնքվել է 418.000 դոլարի պայմանագիր, ընդ որում՝ նույն օրը ստորագրվել է եւս մեկ պայմանագիր՝ նույն համարով՝ 618.000 դոլար գումարով: Այս ամենի հետեւանքով ավելի է փոխանցվել 625.000 դոլար: Արձանագրվել են հարյուրավոր տոննաների ցեմենտի, գաջի եւ այլ շինանյութերի պակասորդներ եւ այլն: Այս խախտումների հիման վրա դատախազությունը հարուցել է մի շարք քրեական գործեր եւ պատասխանատվության ենթարկել տարբեր պաշտոնյաների:
Հ. Գ. «Առավոտը» փորձեց թեմայի շուրջ ստանալ այդ շրջանում ՀՀ վարչապետ Հրանտ Բագրատյանի պարզաբանումները: Վերջինս բացակայում էր հանրապետությունից: «Առավոտը» պատրաստ է հրապարակել հակընդդեմ կարծիք: