Երեկ ՀԱԿ-ը առկախեց իր մասնակցությունը երկխոսությանը, իսկ կոալիցիան հայտարարեց, որ այդ առկախումը էթիկայի կանոններից դուրս է:
Երեկ չկայացավ կոալիցիա-ՀԱԿ երկխոսության հերթական ռաունդը, եւ չկայացավ այն պատճառով, որ ՀԱԿ երիտասարդ ակտիվիստ Տիգրան Առաքելյանն այդպես էլ ազատ չարձակվեց: Ըստ կոալիցիայի աշխատանքային խմբի ղեկավար Դավիթ Հարությունյանի, երկխոսության հերթական ռաունդը չկայացավ ՀԱԿ-ի դեմարշի պատճառով, որը «էթիկայից դուրս է»: Իսկ Տիգրան Առաքելյանի ազատ արձակումը այս ամենի հետ կապ չունի, քանի որ, ըստ Դավիթ Հարությունյանի. «Սա քաղաքական գործընթաց է, եւ մենք ճիշտ չենք համարում իրավական գործընթացին մասնակցություն ցուցաբերելը: Մեր տպավորությունն այնպիսին է, որ դատական համակարգը գործում է ոչ խտրական»: Դեռ առավոտյան, երբ պարզ դարձավ, որ ՀԱԿ-ի ներկայացուցիչները չեն գալու, լրագրողները հարցրին պարոն Հարությունյանին՝ ստացվում է, որ ամբողջ երկխոսության գործընթացը ՀԱԿ-ի ձեռքի՞ն է: Պատգամավորը հիշեցրեց, որ «տանգո պարելու համար անհրաժեշտ է երկու հոգի, երկխոսությունը չի լինում միակողմանի, եւ այն կախված է յուրաքանչյուր կողմի կամքից եւս: Երկխոսությունը համատեղ է լինում, դա չի նշանակում, որ ՀԱԿ-ն է թելադրում պայմանները: Դա նշանակում է, որ ՀԱԿ-ը քաղաքական կամք չունի, որպեսզի պատշաճ մակարդակով շարունակի այդ գործընթացը: Կարծում եմ, որ այս ձեւով չպետք է արվեր, եթե պետք է այսպես լիներ, գոնե պետք է նախապես զգուշացնեին»: Իսկ արդեն կեսօրին Լեւոն Զուրաբյանը լրագրողների խնդրանքով անդրադառնալով վերը մեջբերված հայտարարությանը՝ իր հերթին ասաց, թե «իշխանությունները քաղաքական կամք չունեն՝ հաստատելու երկխոսության համար վստահության մթնոլորտ, տարրական օրինական պահանջները կատարելու, ինչը ապացուցվեց բազմիցս: Մենք երկու ռաունդ է՝ փորձում ենք փրկել այս երկխոսությունը, եւ մենք գնացինք բոլոր քայլերի, որոնք անհրաժեշտ են, որ երկխոսությունը փրկվի: Եթե ՀԱԿ-ը տալիս է երաշխիքներ՝ Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխելու դիմաց, դա նշանակում է, որ նա կատարելու է օրենքի բոլոր պահանջները, մասնակցելու է բաց դատաքննությանը, եւ եթե դրա ընթացքում պարզվի, որ նա քրեորեն պատժելի արարք է արել, մենք էլ ենք պատրաստ ընդունել, որ այս հարցը քաղաքական հարց չէ: Բայց նրանք մերժեցին մեր երաշխիքները: Ի՞նչ էր իրենցից գնում, որ գնային այս քայլին»: Պարոն Զուրաբյանն ասաց, որ երկխոսության ժամկետը կսպառվի սեպտեմբերին. «Մենք հայտարարել ենք, որ ողջամիտ կոչված ժամկետը կսպառվի սեպտեմբերին, եւ մենք դեռ ժամանակ ունենք, իրենք դեռ ժամանակ ունեն, Հայաստանը դեռ ժամանակ ունի հարցը լուծել երկխոսության միջոցով»:
Ի լրումն ասվածի՝ ՀԱԿ-ը երեկ տարածեց հայտարարություն՝ ներկայացնելով ամբողջական բացատրություն. «Հայ ազգային կոնգրեսի պատվիրակությունը հայտարարում է.
1. Հակառակ փոխադարձ պայմանավորվածությունների եւ տրված հավաստիացումների՝ Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը մինչ օրս փոխված չէ:
2. Օգոստոսի 9-ի միջադեպի հետեւանքով առաջացած քաղաքական լարվածության հաղթահարման նպատակով Հայ ազգային կոնգրեսի քայլերը, որոնք ուղղված են երկխոսության շուրջ վստահության եւ կառուցողական մթնոլորտի ստեղծմանը, չեն արժանանում իշխանությունների կողմից համարժեք ընդառաջ քայլերի:
3. Հայ ազգային կոնգրեսի երաշխիքներով Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը օրենքով նախատեսած անձնական երաշխավորության խափանման միջոցով փոխարինելու մերժումը վկայում է, որ իշխանությունները ցանկանում են օգտագործել Առաքելյանի կալանավորումը որպես Կոնգրեսից քաղաքական զիջումներ կորզելու համար ճնշման լծակ: Դրանով ամրապնդվում է Տիգրան Առաքելյանի՝ քաղաքական բանտարկյալ լինելու հանգամանքը, եւ դրա հետեւանքով երկխոսությունը վերածվում է քաղաքական պատանդների առեւտրի:
4. Մերժելով Հայ ազգային կոնգրեսի երաշխիքները նման հարցում՝ իշխանությունները ցույց են տալիս, որ պատրաստ չեն կառուցել հարաբերությունները վստահության հիման վրա եւ հարցականի տակ են դնում շատ ավելի մեծ փոխվստահություն պահանջող եւ պետության ու ժողովրդի ճակատագրին վերաբերող ներքաղաքական հարցերի շուրջ համաձայնության ձեռք բերման որեւէ հնարավորություն:
5. Չկարողանալով ապահովել ուղիղ եթերով երկխոսության հեռարձակման կամ Կոնգրեսին ամեն ռաունդից հետո կես ժամ ուղիղ եթեր տրամադրելու տարրական պահանջների կատարումը կամ վերացնել Հանրային հեռուստատեսությամբ եւ մյուս հեռուստաալիքներով Կոնգրեսի հանրահավաքների մասին իրազեկող նյութերի հեռարձակման արգելքը, ինչպես նաեւ հանրահավաքներից առաջ իրավապահ մարմինների կողմից բնակչության ահաբեկումը, տարաբնույթ խոչընդոտների հարուցումը, մասնավորապես հանրային եւ այլ տրանսպորտային միջոցների աշխատանքի կազմալուծումը՝ իշխանության պատվիրակությունը կասկածի տակ է դնում իր իսկ պնդումները իր լայն լիազորությունների մասին եւ, ընդհանրապես, իր վստահելիությունը:
6. Վերջին օրերին իշխանությունների ճնշման ներքո մի շարք հանգստյան տների ղեկավարներ չեղյալ են համարել Կոնգրեսի ներկայացուցիչների հետ ձեռք բերված պայմանավորվածությունները՝ օգոստոսի 26-28-ին Հայ ազգային կոնգրեսի երիտասարդների ամենամյա ավանդական հավաք կազմակերպելու մասին:
7. Այս բոլոր զարգացումները վկայում են, որ ձեւականորեն շարունակելով երկխոսությունը՝ իշխանությունները, վախենալով Հայ ազգային կոնգրեսի աճող հեղինակությունից, նորից անցնում են հին՝ բռնաճնշումների, ինչպես նաեւ մարդու իրավունքների եւ ժողովրդավարական ազատությունների ոտնահարման մարտավարության կիրառմանը:
8. Քաղբանտարկյալների առկայությունը անհնար է դարձնում երկխոսության շարունակությունը»:
Օրվա վերջում կոալիցիայի աշխատանքային խումբն էլ իր հերթին հանդես եկավ պատասխան հայտարարությամբ, որով տեղեկացրեց հետեւյալի մասին. «Ցավով ծանոթացանք երկխոսության ընթացքի վերաբերյալ Հայ ազգային կոնգրեսի հայտարարությանը. ցավով, որովհետեւ այն նախ եւ առաջ հարվածեց՝ մինչ օրս համատեղ աշխատանքի ընթացքում մեր գործընկերների հանդեպ ձեւավորված վստահությանը. մի բան, որ իրապես ձեռքբերում էինք համարում: Մենք ցավում ենք ոչ այնքան նրա համար, որ դուք ստում եք, այլ նրա համար, որ մենք սկսել ենք ձեզ չհավատալ:
Մենք՝ քաղաքական կոալիցիան ներկայացնող աշխատանքային խմբի անդամներս, չենք առաջնորդվի ՀԱԿ-ի որդեգրած գործելաոճով եւ ՀԱԿ պատվիրակությանը չենք վերագրի հորինված պարտավորություններ: Իսկ ակնհայտ ստին կպատասխանենք ընդամենը մեջբերում անելով օգոստոսի 23-ի հանդիպումից անմիջապես հետո մեր աշխատանքային խմբի ղեկավարի խոսքից. «Ի պատասխան հարցին՝ արդյոք աշխատանքային խումբը խոստացե՞լ է, որ Տիգրան Առաքելյանն ազատ կարձակվի, պարոն Հարությունյանն ասաց. «Ես արդեն ասացի՝ մենք իրավական պրոցեսին ամենեւին չենք ներգրավվում, ընթանում է քաղաքական գործընթաց, մենք ընդամենը դիտարկել ենք, թե ինչ է տեղի ունենում մեր իրավական համակարգում, եւ վստահություն ենք հայտնել, որ այն ինչպես գործել է, այդպես էլ շարունակելու է գործել՝ բոլորի նկատմամբ ոչ խտրական» («Առավոտ», 24.08.2011թ.): Սա հենց այն դեպքն է, երբ մեկնաբանությունները պարզապես ավելորդ են:
Ինչպես նախորդ հանդիպումների ժամանակ, այսօր եւս կրկնում ենք նույնը. միջադեպին մասնակցած երիտասարդի հարցը մենք չենք կապել, չենք կապում եւ չենք էլ կապելու այս կարեւոր քաղաքական գործընթացի հետ, քանզի այն ամբողջովին իրավական հարթությունում է:
Մենք, ինչպես միշտ, պատրաստ ենք աշխատել մեր երկրում առկա ու մեր ժողովրդին հուզող խնդիրների լուծման ուղղությամբ եւ շարունակում ենք բաց լինել ցանկացած կառուցողական առաջարկության շուրջ երկխոսության համար: Հույս ունենք, որ մեր գործընկերները կկարողանան վեր կանգնել այսպահային գայթակղություններից, եւ մենք հնարավորինս շուտ կկարողանանք շարունակել մեր երկրի համար կարեւոր քաղաքական գործընթացը»: