Վճռաբեկ դատարանից հետո Մարդու իրավունքների պաշտպանը երեկ էլ բանավեճի մեջ ներքաշվեց կրթության եւ գիտության նախարարության հետ: Հայտարարությունները հաջորդում էին միմյանց, ընդ որում՝ մեկի մեջ ՄԻՊ-ը նշել էր ԿԳՆ-ի հաղորդագրության մեջ «նոր սերնդի որոշ առաջնորդներին բնորոշ դեմագոգիան ու խորհրդային որոշ առաջնորդներին բնորոշ դատարկ որակումները»: Դրան ի պատասխան էլ՝ ԿԳՆ-ն նոր հաղորդագրություն տարածեց, թե «արդարացան մեր վատագույն սպասումները. ՄԻՊ գրասենյակում իրավիճակը շատ ավելի լուրջ է, քան կարելի էր ենթադրել»: Ի պատասխան «Առավոտի» հարցի՝ ինչպե՞ս են վերաբերվում ԿԳՆ-ի քննադատությանը, Պաշտպանի մամուլի քարտուղար Մարիամ Բարսեղյանն ասաց. «Ես կարող եմ միայն արձանագրել, որ կրթության եւ գիտության նախարարության կողմից չներկայացվեց որեւէ հիմնավոր փաստարկ այն մասին, որ խնդրո առարկա մրցութային գործընթացում չեն եղել մարդու իրավունքների խախտումներ: Ներկայացվեցին ընդամենը դեմագոգիկ հայտարարություններ: Հուսանք, որ ԿԳՆ-ին, անլուրջ հայտարարություններ անելու փոխարեն, ի վերջո կհաջողվի մրցույթները կազմակերպել այնպես, ինչպես ներկայացված է նախարար Աշոտյանի պաշտոնական գրության մեջ: Հուսանք նաեւ, որ նրան կհաջողվի սահմանել արդար մրցութային կարգեր եւ անցկացնել մրցույթներ` առանց մարդու իրավունքների խախտումների»:
Կարդացեք նաեւ՝