Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ 71-ՐԴՆ Է

Օգոստոս 26,2011 00:00

Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային միությունը (ՖԻՖԱ) հրապարակել է ազգային հավաքականների օգոստոս ամսվա վարկանիշային դասակարգման ցուցակը, որում Հայաստանի հավաքականը դիրքերը զիջել է մեկ աստիճանով եւ հանգրվանել 71-րդ հորիզոնականում:
Ֆուտբոլի աշխարհի գավաթի վերջին խաղարկությունից հետո եզրափակչի մասնակից Հոլանդիայի ընտրանին շրջանցել է ցուցակը գլխավորող աշխարհի գործող չեմպիոն Իսպանիային՝ նրան մղելով երկրորդ հորիզոնական: Առաջատարների եռյակը եզրափակում է եվրոպական երրորդ երկիրը՝ Գերմանիան: Իսկ տասնյակում երկրները դասավորվել են հետեւյալ հաջորդականությամբ. 4. Անգլիա, 5. Ուրուգվայ, 6. Բրազիլիա, 7. Իտալիա, 8. Պորտուգալիա, 9. Արգենտինա, 10. Խորվաթիա:
Եվրո 2012-ի որակավորման փուլում 2-րդ խմբի մեր մրցակից հավաքականները գրավում են այսպիսի դիրքեր. 13. Ռուսաստան, 26. Սլովակիա, 31. Իռլանդիա, 90. Մակեդոնիա, 203. Անդորրա:
Հայ ֆուտբոլասերներին արդեն հետաքրքրում են նաեւ 2014 թվականին Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք Աշխարհի գավաթի խաղարկության ընտրական մրցաշարի եվրոպական «B» խմբում մեր մրցակիցների զբաղեցրած տեղերը: Լավագույնը Իտալիան է՝ 7-րդ հորիզոնական: Այնուհետեւ գալիս են՝ 21. Դանիա, 42. Չեխիա, 51. Բուլղարիա եւ 167. Մալթա:
ՖԻՖԱ-ն վարկանիշային հաջորդ ցուցակը կհրապարակի սեպտեմբերի 21-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել