Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ԳՆԱՀԱՏՈՒՄ Է ՀԻՆԸ՝ ՓՆՏՐԵԼՈՎ ՆՈՐ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ

Օգոստոս 26,2011 00:00

\"\"Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հարցազրույցը՝ հեղինակավոր «The Financial Times»-ի «fDi Intelligence» պարբերականի օգոստոս-սեպտեմբեր համարում:

Մինչ Հայաստանի մայրաքաղաք Երեւանն իր առաջին քայլերն է կատարում առանցքային հասարակական ծառայությունների սեփականաշնորհման ուղղությամբ, քաղաքապետ Կարեն Կարապետյանը Քորթնի Ֆինգարին է ներկայացնում այս հնագույն քաղաքի նախապատվությունները եւ հարեւան երկրների հետ հարաբերություններում բարելավումների իր հույսերը:
– Երեւանը գլոբալ առումով այնքան էլ հայտնի չէ, ոչ էլ, ընդհանուր առմամբ, Հայաստանը: Կարծում եք կա՞ իմացության պակաս, թե ի՞նչ պետք է քաղաքը առաջարկի գործարար ասպարեզում, եւ ինչպե՞ս եք մտադիր բարձրացնել նրա գրավչությունը:
-Ճիշտ է, Երեւանը եւ առհասարակ՝ Հայաստանը, այնքան էլ հայտնի չեն: Սակայն ես դրականորեն եմ տրամադրված այն առումով, որ մենք շատ բան ունենք ասելու: Ես չգիտեմ՝ արդյոք Դուք գիտեք, որ Երեւանը 50 տարով մեծ է Հռոմից եւ Բաբելոնից: Մի բան է ասելը, որ Երեւանը 2794 տարեկան է եւ մեկ այլ բան է նշելը, որ նա ժամանակակիցն է այնպիսի քաղաքների, ինչպիսիք են Հռոմը եւ Բաբելոնը: Դեռ ավելին, քաղաքի շրջաններից մեկը՝ Շենգավիթը, ավելի քան 6000 տարեկան է: Այն այս շրջանի ամենահետաքրքիր տարածքներից մեկն է:
Հայաստանն առաջին քրիստոնեական պետությունն է: Համաշխարհային ջրհեղեղից հետո Նոյն իր տապանով կանգ է առել Արարատ լեռան վրա: Ես համաձայն եմ, որ մենք հաղորդակցման ոչ բոլոր միջոցներն ենք օգտագործում եւ մեր մասին քիչ բան է ասվում: Իսկ ի՞նչ է հարկավոր դրա համար: Մենք պետք է օգտագործենք բոլոր հնարավոր տեղեկատվական ուղիները:
Այժմյան տեղեկատվական միջոցները մեծ հնարավորություններ են ընձեռում: Վերցնենք, օրինակ, հայկական սփյուռքը: Երկուսուկես անգամ ավելի շատ հայեր են ապրում Հայաստանի սահմաններից դուրս: Նրանք ունեն իրենց ընկերները, գործընկերները եւ, իհարկե, տեղեկատվական ուղիները՝ լինեն դրանք դիվանագիտական, սփյուռքի կամ համացանցային: Երեւանի քաղաքապետարանն այս հարցում ցանկանում է լոկ բարձրացնել Երեւանի մասին բրենդային տեղեկացվածության մակարդակը: Մենք ցանկանում ենք փոխանցել տեղեկատվության լայն շրջանակ, ներառյալ՝ մեր պատմությունը, բիզնեսը եւ ներդրումները: Այս անելու համար մենք ստեղծել ենք մի նոր վարչություն, որը պատասխանատու կլինի տվյալ աշխատանքների համար: Խնդիրն իրականացնելու համար մենք կօգտագործենք նաեւ որոշ կազմակերպությունների ծառայությունները, աջակցությունն ու օժանդակությունը:
Փաստ է, որ եթե մեր մասին քիչ բան է ասվում, հետեւաբար, քիչ բան է հայտնի: Իսկ եթե մեր մասին քիչ բան գիտեն, ապա քիչ էլ կվստահեն: Ամեն ինչ բխում է այստեղից:
-Ի՞նչ եք զգում՝ որո՞նք են ներդրումային տեսակետից քաղաքի առանձնահատուկ առեւտրային ոլորտները:
– Հաշվի առնելով իրավիճակը՝ Երեւանը խիստ շահավետ շուկա է ներդրում կատարելու համար: Պետք է ասել, որ լավ ժամանակ է ներդրումների համար, քանի որ այն դեռեւս «անմշակ» շուկա է: Որո՞նք են լավագույն ոլորտները ներդրումներ կատարելու համար: Գրեթե բոլոր ոլորտները, որոնք կապված են քաղաքային ծառայությունների հետ: Քաղաքապետարանի խմբի նպատակն է ստեղծել հնարավորինս բաց եւ արդար գործարար միջավայր: Մենք ցանկանում ենք գործարար տրամաբանություն ունեցող ոլորտները տալ մասնավոր ընկերություններին կամ ստեղծել հասարակական-մասնավոր ընկերակցություններ: Այս բնագավառները ներառում են բժշկությունը, հյուրանոցային բիզնեսը, հասարակական տրանսպորտը եւ աղբահանության կառավարումը:
Բացի այդ, մենք պատրաստ ենք փոխանցել մեր պետական ձեռնարկությունների կառավարումը պոտենցիալ ներդրողներին եւ գործընկերներին, ինչը նույնպես տրամաբանական ենք համարում: Օրինակ՝ «Երքաղլույսը», քաղաքային թաղման բյուրոն, ստորգետնյա անցումները, քաղաքային կանաչապատումն ու բարեկարգումը: Մենք ավելի քան համոզված ենք, որ սա կբերի ներդրումային հոսքեր, կնվազեցնի կոռուպցիայի ռիսկը, կզարգացնի այս բնագավառները եւ խնայողություններ կստեղծի մեր բյուջեի համար: Շատ հաճախ մենք բյուջեի միջոցները ծախսում ենք այս բնագավառների վրա ոչ այնքան ճիշտ կամ արդյունավետ, որքան անհրաժեշտ է:
Ծախսերի այս խնայողությունները մեզ հնարավորություն կտան ավելի շատ ներդրումներ անել այն ոլորտներում, որտեղ չկա բիզնես տրամաբանություն, օրինակ՝ ճանապարհային շինարարությունը, կանաչապատումը եւ քաղաքային տնտեսությունների զարգացումը: Մենք ներկայումս ինտենսիվորեն իրականացնում ենք այս քաղաքականությունը: Մեր հիմնական առաջադրանքն է՝ ձեռք բերել ներդրողների վստահությունը, որպեսզի մոտ ապագայում կարողանանք փոխանցել մեր ընկերությունները նրանց:
Իմ կողմից նշված նոր վարչությունը կոչվում է Քաղաքի զարգացման եւ ներդրումային ծրագրերի աջակցման վարչություն: Նրա հիմնական խնդիրը թափանցիկ գործարար միջավայրի ստեղծումն է: Պատրաստ ենք աջակցել մեր ներդրողներին եւ օժանդակել նրանց ցանկացած ժամանակ՝ հաղթահարելու բիզնեսի զարգացման արհեստական արգելքները, լինեն դրանք պետական մարմինների կողմից, մենաշնորհային կամ ցանկացած այլ տեսակի:
Ամփոփելով՝ կարող եմ նշել, որ, իմ կարծիքով, Երեւանն իրոք հետաքրքիր է բիզնեսի համար, հատկապես արտասահմանյան բիզնեսի համար, քանի որ շահութաբերության նորմերը շատ տարբեր են ավելի զարգացած երկրների նորմերից: Քաղաքային կառավարումը տարբեր է բիզնես կառավարումից, քանի որ դժվար է սահմանել առաջնահերթությունը: Մանկապարտեզներն առաջնահերթ են, ճանապարհաշինությունն առաջնահերթ է: Մի խնդրի լուծումը կարող է լինել մեկ այլ խնդրի լուծման հաշվին: Այժմ բոլոր խնդիրները լուծում են պահանջում:
– Որո՞նք են քաղաքը արտասահմանյան ներդրողների համար ավելի գրավիչ դարձնելու գործում բարելավումների առավել թույլ կողմերը եւ Ձեր կողմից նախապատվության արժանացած ոլորտները:
– Չվստահված լինելու փաստը մեր հիմնական թույլ կողմն է: Սա բազմաթիվ գործոնների պատճառով է, գլխավորապես՝ մեր մասին տեղեկատվության պակասն է: Բիզնեսը մի միջավայր է, որտեղ գումար է ներդրվում այն դեպքում, երբ գործարքներում առկա է կայունություն եւ վստահություն:
Ուստի, մեր առաջին մարտահրավերն աշխարհին մեր մասին իրազեկ դարձնելն է: Այնուհետեւ մենք պետք է ստեղծենք ճիշտ գործարար միջավայր: Մենք հասարակայնորեն հայտարարել ենք, որ մտադիր ենք արմատախիլ անել կոռուպցիան քաղաքապետարանում: Կարծում եմ, որ հասարակությունն արդեն ստանում է ճիշտ ազդանշաններ մեր մտադրությունների անկեղծության մասին:
Արդեն համատարած պարզեցվել է թույլտվությունների եւ այլ փաստաթղթերի ձեռքբերումը: Մենք վերացրել ենք բազմաթիվ բյուրոկրատական քաշքշուկներ՝ քաղաքապետարանի աշխատանքը բարելավելու համար: Այնուհետեւ պետք է ստեղծենք այնպիսի մթնոլորտ, որ մեր թիմը մոտիվացված լինի ձգտելու հասնել միեւնույն նպատակին: Սա մի խնդիր է, որ մենք պետք է լուծենք նախ եւ առաջ: Եթե չլուծենք, կա վտանգ, որ գործերը կարվեն անօրինական եղանակով: Մեզ համար շատ կարեւոր է իմանալը, որ մեզ վստահում են, եւ այս վստահությունը կբերի նաեւ ճանաչում եւ անմիջականություն: Ես ավելի քան դրականորեն եմ տրամադրված, որ մենք հաջողության ենք հասնելու այն ձեռք բերելու հարցում:
– Տարածաշրջանը, որտեղ գտնվում է Հայաստանը, քիչ ուսումնասիրված շրջաններից մեկն է՝ բիզնեսի զարգացման, առեւտրի ծավալների եւ արտասահմանյան ներդրումների տեսանկյունից, այնուամենայնիվ, բազմաթիվ առումներով մասնատված է մշակութային տեսանկյունից եւ տնտեսապես: Ի՞նչ եք կարծում, տարածքային ինտեգրումը կարեւո՞ր է Երեւանի հաջողության համար, եւ ի՞նչ չափով է սերտ ինտեգրումը հնարավոր կամ նույնիսկ ցանկալի:
– Ես տարածքային համագործակցությունը համարում եմ եւ՛ անհրաժեշտ, եւ՛ ցանկալի: Մեր տարածաշրջանում չորս երկրներ կան, որոնցից երկուսի հետ չունենք ոչ մի դիվանագիտական հարաբերություն, եւ սա լավ չէ: Մեր տարածաշրջանային առաջնորդների կողմից սրա անհրաժեշտության ըմբռնումը համապատասխան մակարդակի չէ:
Արդյո՞ք անում ենք ամեն ինչ տարածքային համագործակցության բարենպաստ միջավայր ստեղծելու համար: Ես այդ կարծիքին չեմ: Սակայն, ես կարծում եմ, որ շատ հաճախ մենք շատ ավելին ենք անում, քան մեր հարեւան երկրները, բայց դա բավարար չէ: Բոլորս պետք է հետեւողական լինենք եւ չպետք է հոգնենք լրջորեն զբաղվել դրանով: Համագործակցությունը կարեւոր է բոլոր ոլորտներում:
Հայաստանը փոքր երկիր է, եւ նրա շուկան այնքան փոքր է, որ արտադրողները, վաճառքի լուրջ ծավալներ ապահովելու համար, պետք է կենտրոնանան ոչ միայն ներքին, այլ նաեւ արտաքին սպառողների վրա: Իսկ ի՞նչ բնագավառներում է հնարավոր համագործակցությունը: Բազմաթիվ բնագավառներում, ասենք՝ էներգետիկան կամ բժշկությունը: Բժշկության ասպարեզում մենք պետք է տարածքային կտրվածքով համաձայնենք ավելի շուտ ստեղծել փոքր մասնագիտացված կլինիկաներ, քան բազմաթիվ մասնագիտություններով մեծ հիվանդանոցներ, քանի որ շուկան փոքր է:
Երբ բժշկության ոլորտում բանակցում եմ պոտենցիալ ներդրողների հետ, ես նրանց ասում եմ, որ նրանք չպետք է մտածեն Երեւանի մասին պարզապես որպես 1.2 մլն բնակչություն ունեցող քաղաքի, այլ պետք է հաշվի առնեն նաեւ հարեւան երկրները՝ Իրանը, Վրաստանը եւ Ռուսաստանի հարավը: Այս հիմնախնդրին ձեռնամուխ լինելու համար անհրաժեշտ է, որ պետական, քաղաքային եւ գործարար մարմինները քաջություն ունենան բանակցություններ սկսելու:
Նախքան Երեւանի քաղաքապետ դառնալը, ես գլխավորում էի Հայաստանի գազի ընկերությունը, իսկ նախքան այդ՝ Հայաստանի էլեկտրացանցեր ընկերությունը, եւ մենք վճռական էինք առեւտուր սկսելու Թուրքիայի եւ նույնիսկ Ադրբեջանի հետ: Հուսով եմ՝ Դուք տեղյակ եք մեր հարեւանների հետ քաղաքական խնդիրներին: Թվում է՝ այս խնդիրը լուծելու ջանքերում նրանք ավելի շատ բարդույթներ ունեն եւ մեզանից շատ ավելի փակ են:
Արդյո՞ք սա նշանակում է, որ մենք պետք է հիասթափվենք եւ չշարունակենք փորձերը: Իհարկե՝ ոչ: Իսկ արդյո՞ք սա նշանակում է, որ մենք դա պետք է անենք մեր արժանապատվության հաշվին: Իհարկե՝ ոչ: Աստծո կամքն է, որ հարեւան երկրները ապրեն համերաշխության մեջ եւ հասնեն փոխզիջման: Հնարավոր չէ խուսափել դրանից, եւ ոչ ոք չի ընտրում իր հարեւաններին: Անհրաժեշտ է գտնել հաղորդակցման ընդունելի ձեւ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել