Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Արվեստում իրավիճակ փոխելը մեկ մարդու գործ չէ»

Օգոստոս 26,2011 00:00

\"\"Հարցազրույց կինոբեմադրիչ, Ազգային կինոկենտրոնին կից կինոարվեստի ստուդիայի ղեկավար Հենրիկ Մարգարյանի հետ։

– Մեզանում անցկացվող միջոցառումները, մասնավորապես՝ «Ոսկե ծիրանը» ո՞ւմ տոնն է: Այն անհրաժեշտությո՞ւն է…
– Վստահ եմ, որ այլեւս կասկածողներ չկան, որ հայ կինոն հանգուցյալի կարգավիճակում է։ Այս համապատկերում սեփական կինոփառատոնի անցկացումը շքեղություն է, թե շռայլություն՝ ինքներդ որոշեք։ Եթե նույնիսկ ընդունենք, թե այն ճաշակավոր միջոցառում է ու մի առանձին շուք է հաղորդում մեր անմշակույթ իրականությանը, նույնն է՝ թե ավերակի վերականգնումը սկսենք ոսկեզօծ տանիքի տեղադրումից ու հրճվանք ապրենք տանիքից եկող փայլից։ Մշակութային ներսուդուրսերը, կինոաշխարհի նորություններին մոտիկից ծանոթանալու եւ սեփական կինոժառանգության հետ վերստին շփվելու հնարավորությունն ինքնին լավ է, բայց եթե այս ամենի պարբերական առկայությամբ անգամ տիրապետող են մնում բութ ու մշակութապես անթափանց հեռուստասերիալները, այլեւս ինչ տարբերություն՝ ինչ բնութագրում կստանա այս կամ այն կինոմիջոցառումը։
Եվ, վերջապես, արվեստում իրավիճակ փոխելը մեկ մարդու կամ նույնիսկ խմբի գործ չէ։
– Երանելի ժամանակներում հայ կինոն որքանո՞վ էր մրցունակ։
– Եթե հասկանալի պատճառներով հանգիստ թողնելու լինենք «Մոսֆիլմը», ապա անգամ մյուս հանրապետությունների կինոարտադրությունների շարքում մենք ամենահայտնիներից չէինք: Սովետի մասշտաբներով հանրահայտ էին հայ կինոյի առանձին ներկայացուցիչները, նրանք՝ ովքեր նկարահանվեցին դրսում՝ Ֆրունզիկ Մկրտչյանը, Սոս Սարգսյանը, Արմեն Ջիգարխանյանը, Վլադիմիր Մսրյանը։ Բայց չէ՞ որ այս մարդիկ աճել ու գրավիչ են դարձել հենց «Հայֆիլմում»: Այն հանգամանքը, որ Միության ընդամենը հինգ քաղաքներում՝ Մոսկվայում, Լենինգրադում, Օդեսայում, Թբիլիսիում ու Երեւանում նույնպես կինոդերասանի դպրոց բացվեց, վկայում է մեր կինոյի բարձր հեղինակության մասին։ Ի դեպ, դա տեղի ունեցավ Ձեր խոնարհ ծառայի «Տերտերին ուխտը» կարճամետրաժի՝ Կաննի կինոփառատոնում եւ ապա եվրոպական մյուս քաղաքներում ցուցադրումից անմիջապես հետո եւ հենց ինձ էլ վերապահվեց դպրոցը ղեկավարելու պատիվը։ Մեր հանդիսատեսին լիուլի կրթել ենք ու նրա մեջ բարձր գեղագիտական ճաշակ սերմանել… Այսօր մենք առհասարակ հայ մշակույթին պատուհասած աղետից ազատագրվելու կարիք ունենք։ Ու վատ չէր լինի, եթե Սովետական Միության հոտից ու հաղթական իննսունականների մութ ու ցրտից տրտնջացող որոշ դեղնակտուցներ նախ դադարեին այսօրվա գարշահոտը տարածողների ամենաուղղակի մունետիկները լինել։
– Որո՞նք են Ձեր ներկայիս մասնագիտական ուրախությունները:
– Պնդաճակատ դիլետանտիզմի հաղթարշավի պայմաններում թվում էր՝ պետք է վաղուց ձեռքներս վեր բարձրացրած լինեինք, իսկ մենք դեռ կանք եւ շարունակում ենք անել ինչ հնարավոր է: Այսօր կրկնակի պատասխանատվությամբ եմ ղեկավարում կինոդերասանի ստուդիան: Մեր սաներից ոմանք օրահաց են վաստակում արվեստ մեռցնող հեռուստասերիալներում, իսկ որքան տխուր կլիներ նրանց ստեղծագործական ապագայի պատկերը, եթե մեր կամ մյուս համապատասխան հաստատությունների մասնագիտական քուրայով չանցնեին:
Վերջին սերնդի մեր սաներից Արտակ Բաղդասարյանը նկարահանվում է Հոլիվուդում, Աննա Պետրոսյանը առաջին քայլերն է անում Բոլիվուդում, իսկ նախկին սունդուկյանցի Աշոտ Բաբայանը այժմ Գերմանիայում պահանջած արտիստ է… Այս մարդիկ, արդեն հեռվից քանիցս հիշատակել են մեր ստուդիայի անունը որպես մայր կրթօջախի եւ վաղը նրանք որքան էլ հանրահայտ դառնան, կմնան որպես հայ կինոյի ներկայացուցիչներ: Երբ մեր կյանքն ու արվեստը անհրաժեշտ համամասնության մեջ լինեն, ստուդիայի սաներից Սեւակ Հարությունյանը, Սերգեյ Հայրապետյանը, Մերի Հակոբյանը, Արարատ Գուլանյանը, Վահե Ենգիբարյանը, Աստղիկ Գրիգորյանը եւ էլի շատ ուրիշներ մեր նոր կինոյի շարժիչ ուժերից կլինեն:
– Ժամանակին կանաչ լույս եք վառել շատ դերասանների առջեւ. «Նվագախմբի տղաներով» կինոասպարեզ իջավ արտիստների մի ողջ աստղաբույլ, «Տերտերին ուխտը» կարճամետրաժում իր շշմեցուցիչ դեբյուտով Գուժ Մանուկյանը մեկեն հայտնվեց Կաննի կինոէկրանին: Ո՞վ էր նրանց մեջ ամենալուսավորը:
– Հայ կինոյի գլխավոր լուսատուն Հրաչյա Ներսիսյանն է, բայց նրա դերասանական հանճարը առանձնակի մոլեգնում էր թատրոնի բեմում…
– Վաստակի Ձեր դիրքերից ի՞նչ կպատգամեիք:
– Ո՞վ եմ ես, որ պատգամներ հղեմ… Պետք է նախեւառաջ պարտավորված զգանք մեր երկիրը ժառանգած հատկանիշներով փայփայել ու փոխանցել եկող սերունդներին։ Կհաջողվի՞, ուրեմն կշարունակենք, չի՞ հաջողվի՝ մեզանից բացի մեղավորներ չեն լինի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել