Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՔՈՂԱՐԿՎԱԾ ԱՃՈ՞ՒՐԴ

Օգոստոս 26,2011 00:00

Կառավարության որոշումից հետո Մինասի  որմնանկարները առայսօր մնում են կռվախնձոր

\"\"

«Այդ ինչպե՞ս է, որ կառավարությունը 20 միլիոն դրամ ունի Մինասի որմնանկարները վերականգնելու ու կառավարական տանը կախելու համար, բայց նույն գումարը չունի որմնանկարները վերականգնելու ու Գյումրիում թողնելու համար»,- «Առավոտի» հետ զրույցում զարմանում է Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը: Կառավարական տանը գտնվող Մինասի երկու որմնանկարների վերականգնման մասին մանրամասներ պարզելու համար, պարոն Բարսեղյանը հավաստիացրեց, որ ինքը ժամանակին դիմել է մշակույթի նախարարին ու դարձյալ զարմացել, որ կառավարությունը դրանք վերականգնելու նպատակով հատուկ պատվեր չի տվել: Պարզվում է, կառավարությունն ընդամենը 20 միլիոն դրամ է հատկացրել «Մինաս Ավետիսյան» հիմնադրամին՝ որմնանկարները վերականգնելու ու Երեւան տեղափոխելու համար: «Իրականում վերականգնումը պետք է լիներ պատվեր: Ծառայության պատվերն էլ սովորաբար մրցույթով է որոշվում, թե ով կարող է լավագույնս, ինչու չէ՝ էժանագույնս վերականգնել: Ոնց որ հիմա գիրք պատվիրեմ, բայց ոչ թե պատվեր ձեւակերպեմ, այլ նվիրատվություն, ու տպարանն էլ պարտավորվի դա իրականացնել: Հավատացած եմ, որ անմիջապես հաջորդ օրը կգան ու հերս կանիծեն: Բայց արի ու տես, որ կառավարությունը դա իրեն թույլ է տվել: Սա, իմ գնահատմամբ, խարդախություն է…»:
 Վերջերս, մայրաքաղաք տեղափոխված Մինասի հերթական երկու որմնանկարներին անդրադառնալով, պարոն Բարսեղյանը նկատեց, որ կառավարությունը կրկին նույն հիմնադրամին է թույլատրել այս անգամ «Զվարթնոց» օդանավակայանի միջոցների հաշվին իրականացնել որմնանկարների վերականգնման աշխատանքները: Պարոն Բարսեղյանը հաշվել է, թե 4 որմնանկարների վերականգնման համար հիմնադրամն ինչքան գումար է ծախսել: «Առաջին երկու որմնանկարի վերականգնմանը հատկացված 20 միլիոն դրամը բաժանում ենք երկու նկարների ծավալի վրա, 1 քմ համար պահանջվում է մոտ 570.000 դրամ: Մյուս զույգը, որ տարվել է օդանավակայան, քմ-ն արժեցել է մոտ 900.000 դրամ: Որմնանկարները նույնատիպ են, վերականգնող վարպետը, տեղափոխող հիմնադրամը եւ տեղափոխման վայրը նույնն են: Ինչպե՞ս է ստացվել, որ առաջին զույգի վերականգնումն արժեցել է 570.000, իսկ մյուս զույգը՝ 900.000 դրամ: Մինչդեռ, սա շահույթ հետապնդող գործունեություն չպետք է լինի»,- բացատրում է պարոն Բարսեղյանը ու հավելում, որ մինչ երկրորդ զույգ որմնանկարները Երեւան տեղափոխելը Արման Ավետիսյանը, մշակույթի նախարարը շուրջ կես տարի նամակագրական ու բանավոր կապի մեջ են եղել Գյումրու քաղաքապետի հետ, որ գոնե վերջին երկու որմնանկարները վերականգնվեն ու մնան Գյումրիում: «Բայց, չգիտես ինչու, դրանից անցնում է մեկ ամիս, եւ կառավարությունը մարզպետից ստանում է թույլտվություն՝ նկարները Երեւան բերելու մասին: Կասկածներ ունեմ, որ որմնանկարների վերականգնման քողարկված աճուրդ է տեղի ունենում, ով շատ փող տվեց, լոբբինգն էլ փող տվողի ուղղությամբ է արվում»,- ասաց մեր զրուցակիցը: Նրան զարմացրել է նաեւ այն, թե ինչու կառավարության նիստի ժամանակ մշակույթի նախարարը վարչապետին չի տեղեկացրել, որ Գյումրիի քաղաքապետարանի հետ արդեն կես տարի բանակցություններ են վարել, ավելին՝ կնքել համաձայնագիր, որ այդ որմնանկարները վերականգնվելու են Գյումրիում: Իսկ կառավարության որոշումից հետո էլ նախարարը չի բարեհաճել տեղեկացնել Գյումրիի քաղաքապետարանին: Ի դեպ, հենց այս վերջին երկու որմնանկարների տեղափոխման ժամանակ էլ գյումրեցի արվեստագետները մեծ աղմուկ բարձրացրին: Վերջինիս արդյունքում «Մինաս Ավետիսյան» հիմնադրամի նախագահ Արման Ավետիսյանն էլ «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահի տարածած հաղորդագրություններից ու հոդվածներից հետո հասցրեց վիրավորվել: Չնայած, հիմնադրամի նախագահի պատասխան պարզաբանումը տպվել է «Ասպարեզի» կայքէջում: Հավանաբար, Արման Ավետիսյանը մոտ մեկ ամիս մտածելուց հետո էլ «վերանայելով» իրեն հասցված վիրավորանքը, որոշել է Բարսեղյանին իրեն զրպարտելու ու վիրավորելու համար դատի տալ՝ պահանջելով 2 միլիոն 200 000 դրամ: Դատական առաջին հայցը սեպտեմբերի 9-ին է:
Արման Ավետիսյանը հրաժարվեց այս ամենի մասին «Առավոտին» որեւէ մեկնաբանություն տալ, ընդամենն ասելով. «Ժամանակը ցույց կտա, ով է ճիշտ, ով՝ սխալ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել