Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի՝ ՀՊՃՀ Կապանի մասնաճյուղն այս տարի առաջին կուրս չի ունենա: Բուհին երեք մասնագիտությունների համար՝ ձեռնարկությունների տնտեսագիտություն եւ կառավարում լեռնամետալուրգիական ճյուղում, տեղեկատվական տեխնոլոգիաներ, օգտակար հանածոների հետախուզում եւ մշակում, հատկացվել էին 60 վճարովի եւ 14 անվճար տեղեր, սակայն 74 տեղերն էլ թափուր են մնացել: Համալսարանն այս տարի ընդամենը 7 դիմորդ է ունեցել, որից մեկը բանակից վերադարձած քաղաքացի է եւ նախքան բանակ գնալն էր քննությունը հաջողությամբ հանձնել ու ընդունվել, իսկ այս տարվա 6 դիմորդներն էլ միասնական քննություններն անհաջող են հանձնել եւ բացասական գնահատական ստացել: ՀՊՃՀ Կապանի մասնաճյուղի տնօրեն Սեյրան Բալասանյանի փոխանցմամբ՝ համալսարանն այս տարի առաջին կուրս չի ունենալու, իսկ ընդունված միակ դիմորդը, որը պետք է ուսուցում ստանար Երեւանում, հրաժարվել է մայրաքաղաք մեկնել եւ, ամենայն հավանականությամբ, կսովորի Կապանի մասնաճյուղի հեռակա բաժնում: «Համալսարանի գործունեության 14 տարվա ընթացքում սա առաջին դեպքն է, որ մենք առաջին կուրս չենք ունենա: Բայց դասախոսների կրճատումներ չեն լինի մասնաճյուղում, հեռակա ուսուցման հաշվին կկարողանանք մեղմել ֆինանսական վիճակը, ուղղակի զարգացում չի լինի: Եթե 15-20 տոկոսով աշխատավարձի բարձրացում էր լինում, ապա 2-րդ տարին է՝ հնարավորություն չկա աշխատավարձերը բարձրացնելու», – «Առավոտի» հետ զրույցում նշեց տնօրեն Սեյրան Բալասանյանը:
Թափուր տեղեր այստեղ եղել են նաեւ անցած տարի: Նախատեսված 110 տեղի համար դիմել է 88 քաղաքացի, ընդունվել՝ 30-ը: Հեռակա ուսուցումը ավելի մեծ պահանջարկ է վայելում: Անցած տարի հեռակա ուսուցմամբ 80 տեղի համար 102 դիմորդ էր եղել:
Այժմ բուհն ունի 343 ուսանող, որից 209-ը սովորում է առկա, 134-ը՝ հեռակա բաժիններում: Ուսանողները հիմնականում Կապանից ու Քաջարանից են, կան նաեւ ուսանողներ Մեղրիից ու Գորիսից, մարզի գյուղերից: Այս տարի բուհը 104 շրջանավարտ է ունեցել, որոնցից 3-ը հնարավորություն է ստացել անվճար հիմունքներով ուսումը շարունակելու մայր բուհի մագիստրատուրայում: Շատ շրջանավարտներ էլ մագիստրատուրայում կսովորեն վճարովի հիմունքներով:
Բուհն ունի հանրակացարան, որտեղ ապաստանել էին Ադրբեջանից փախստական ընտանիքներ: Նրանք բոլորը ազատել են հանրակացարանը, սակայն այն նորոգման խիստ կարիք ունի, բայց, բուհի ֆինանսական խնդիրների պատճառով, նորոգումն ու շահագործումը առաջիկա 4-5 տարիների ընթացքում հնարավոր չեն լինելու:
Այս տարի ՀՊՃՀ Կապանի մասնաճյուղն իրականացնելու է երկու մասնագիտությունների գծով քոլեջային ուսուցում՝ 9-ամյա կրթության բազայի վրա, վճարովի հիմունքներով: Չորս մասնագիտությունների գծով այս տարի կիրականացվի նաեւ հեռակա ուսուցում: