Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԵՐ ՄՇԱԿԱԾ՝ ՊԱՏՐԱՍՏԻ ԱՅԳԻՆԵՐԻ ՎՐԱ ԱՉՔ ՈՒՆԵՆ»

Օգոստոս 26,2011 00:00

Երեւանի կենդանաբանական այգին ընդլայնում են պտղատու այգիների եւ մարդկանց տների հաշվի՞ն

\"\"
Լավ լուծումներ խոստացող Ռուբեն Խաչատրյանը
թիկնազորով է ման գալիս:

Երեւանի քաղաքապետարանն արդեն մի քանի օր է՝ չափագրման աշխատանքներ է սկսել Կենդանաբանական այգու հարակից այգիներում:
«Այգու տարածքը ընդլայնելու խնդիր ունենք, ուզում ենք հասկանալ՝ ինչքան է մեր տարածքը»,- նախօրեին հարակից այգիների բնակիչների հետ հանդիպման ժամանակ տեղեկացնում էր Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը՝ նրանց հորդորելով չխոչընդոտել քաղաքապետարանի աշխատակիցներին: Այս հանդիպման նախաձեռնությունը պարոն Խաչատրյանինն էր: Այգեգործներին դեռ օրեր առաջ էր հրավիրել, բայց իր իսկ նշանակած հանդիպմանը տնօրենը եկավ 40 րոպե ուշացած ու անվտանգության 4 աշխատակիցներով: Բնակիչների պատմելով, այգու տնօրենը պաշտոնը ստանձնելու հենց առաջին օրվանից միջազգային տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ պարբերաբար շրջայցեր էր կազմակերպում իրենց այգիներ, ցուցադրում իր գոյությունն ու անընդհատ կրկնում, թե իրենց զբաղեցրած տարածքները Կենդանաբանական այգուն են պատկանում: «Այս նոր տնօրենը երեխայական բնավորություն ունեցող անձնավորություն է, սա անգամ բարեւ չունի տալու մեզ, միայն արհամարհական գալիս էր ու ժողովրդին ահաբեկում՝ էս սարն իմն է, էս ծառն իմն է,- զրույցին միացավ այգեգործ Արտյոմ Նավասարդյանը՝ շարունակելով,- Կենդանաբանական այգին խիստ վնասով աշխատող կազմակերպություն է ու ցանկանում են մեր այգիները աճուրդի հանել, որ այս փչացած հիմնարկը պահեն, սոված շներին կերակրեն: Տնօրենի ախորժակը մեծ թափով բացվում է»:
Ինչքա՞ն է այգու ներկայիս տարածքը եւ այգուն պատկանող հողատարածքի ո՞ր մասն են բնակիչներն օգտագործում, պարոն Խաչատրյանը մեծ դժվարությամբ մտաբերեց. «7 հեկտար է, 35 հեկտար էլ ուրիշներն են օգտագործում»: Նա բնակիչներին չբացատրեց, թե ինչ նպատակով են չափագրումներ անում: «Ես էլ դեռ չգիտեմ, նոր տնօրեն եմ, այս ամենն անում ենք, որ լավ լուծումներ տանք խնդրին: Մեր այգու տարածքը զբաղեցրել են նաեւ հարակից ռեստորաններն ու այլ օբյեկտներ: Բացի այդ էլ, ինչպե՞ս կարելի է, ասենք, առյուծի գլխավերեւում մարդիկ ապրեն»: Բնակիչներն էլ պնդեցին, որ տարիներ շարունակ գազանների գլխավերեւում են ապրել, գազաններից ոչ մի վտանգ չկա: «Մարդն է գազանի համար վտանգավոր»,- հակադարձեց պարոն Խաչատրյանը:
Տնօրենի բացատրողական աշխատանքները շարունակեց նաեւ քաղաքապետարանի նախկին աշխատակից ու տնօրենի ներկայիս լավ ընկերը (նա այսպես ներկայացավ). «Ի՞նչ եք անհանգստացել, հո ձեր հողը չենք առնում ձեր ձեռքից, թողեք հասկանանք, ո՞րն է մեր տարածքը»:
Կենդանաբանական այգու հարակից տարածքներում այժմ 500 հողօգտագործող կա: «40 տարի առաջ, երբ դեռ Կենդանաբանական այգին գոյություն էլ չուներ, մենք այս ժայռերը մաքրեցինք աղբանոցից, ոտքով հող ու ջուր կրեցինք եւ տարիների քրտնաջան աշխատանքի արդյունքում այս ժայռերը պտղատու այգիների վերածեցինք»,- մեզ հետ զրույցում պատմում էր այգեգործ Միքայել Ստեփանյանը: Անահիտ Մարտիրոսյանն էլ շարունակեց, թե դեռ տարիներ առաջ են դիմել քաղաքապետարան՝ իրենց հողերը սեփականաշնորհելու համար: Նրա խոսքով, նախորդ քաղաքապետը՝ Գագիկ Բեգլարյանը, հավանություն էր տվել իրենց խնդրանքին՝ հաշվի առնելով, որ այդ տարածքներում կան մարդիկ, ովքեր նաեւ տներ են կառուցել ու բնակության ուրիշ տեղ չունեն. «Թաղապետարանին հանձնարարել էին մեր տարածքը չափագրել ու գործին ընթացք տալ, բայց քաղաքապետի փոփոխությունը գործընթացը կասեցրեց: Իսկ արդեն նոր քաղաքապետն ու այգու նոր տնօրենը գործը լրիվ այլ ուղղությամբ են տանում: Հիմա էլ չափագրում են, որ իրենց տարածքը պարզեն: Բնական է, որ մեր մշակած՝ պատրաստի այգիների վրա աչք ունեն: Հակառակ դեպքում՝ այգու մյուս կողմում էլ չմշակված հողեր կան, ինչո՞ւ այդ տարածքները չեն չափագրում, կամ ինչո՞ւ այգին չեն ընդլայնում այդ տարածքների հաշվին»:
Այգու բնակիչները բարձրացրին նաեւ մեկ այլ խնդիր, որը միայն վերջերս ու լուրջ պայքարի արդյունքում է մասամբ լուծվել: Բանն այն է, որ այգու հարակից հողամասերի բնակիչների մուտքը իրենց այգիներ՝ միայն Կենդանաբանական այգու ներսով է. «Մեզ մի կերպ անցաթուղթ տվեցին, բայց ախր մենք թոռներ էլ, բարեկամներ էլ ունենք: Նրանք ամեն անգամ Կենդանաբանական այգու մուտքի տոմս պետք է վճարեն՝ 500 դրամ, որ մեզ այցելության գան»: Բնակիչները երբ տնօրենին են այս հարցով դիմել, վերջինս ասել է՝ վաղն էլ կգաք կասեք, թոռներ ու ծոռներ ունենք, Հետո՞:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել