Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, երեկ անդրադառնալով վերջին օրերի աղմկահարույց գործերին, լրագրողների հետ զրույցում հերքեց մամուլում հրապարակված այն տեղեկությունները, թե ոստիկանապետը այդ չարաշահումները վեր է հանել, քանի որ ցանկանում է աշխատանքից ազատել Ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանին: «Մարգար Օհանյանի հետ երկար տարիների ամենալավ մարդկային հարաբերություններն ենք ունեցել: Այսօր էլ իրար թշնամի համարվել չենք կարող, դրա կարիքը ընդհանրապես չկա, բայց համապատասխան ինֆորմացիա ենք ստացել, որ լուրջ չարաշահումներ կան Ճանապարհային ոստիկանության գործունեության մեջ: Հանձնարարել եմ 6-րդ գլխավոր վարչությանը եւ այլ համապատասխան ծառայությունների համատեղ միջոցներ ձեռնարկել, ստուգել օպերատիվ ինֆորմացիան: Ստուգման արդյունքում բացահայտվեցին մի քանի հանգամանքներ, որոնք ոչ ներելի էին, ոչ թաքցնելու, ոչ էլ ես իմ տեսակով դա կարող էի մարսել»,- ասաց ոստիկանապետը: Թե արդյոք բենզինի մեծ չափերի հասնող այս յուրացումները եւ կաշառքի դիմաց վարորդական վկայականներ տրամադրելու գործերը կհանգեցնե՞ն Մարգար Օհանյանի պաշտոնանկությանը, ոստիկանապետը ասաց, որ իր կողմից Ճանապարհային ոստիկանության պետի պաշտոնանկության հարցը դրված չէ: «Մարգար Օհանյանի գործունեության, անձամբ նրա անձի հետ կապված որեւիցե ցուցմունք չկա: Առայժմ Մարգար Օհանյանի հետագա պաշտոնավարման խնդիրը դրված չէ իմ կողմից, որովհետեւ պիտի կարողանանք հիմնավորել՝ նա այս ամեն ինչից տեղյակ եղե՞լ է, թե՞ ոչ», – ասաց Ալիկ Սարգսյանը: