Լրահոս
Օրվա լրահոսը

Դոլար չէր, դրամ էր

Օգոստոս 26,2011 00:00

«Առավոտի» 11.08.2011-ի «Ջուր՝ մալուխի խողովակներով» հրապարակմամբ անդրադարձել էինք Նոր Խարբերդի «Պոլիվինիլացետատ» այգետարածքի խմելու ջրի խնդրին: Հրապարակման մեջ մասնավորապես նշված էր, որ այդ թաղամասի մոտ 150 տուն 4-րդ ամիսն է՝ զրկված է խմելու ջրից:
«Պոլիվինիլացետատ» կոոպերատիվի նախագահ Վարազդատ Մանուկյանը «Երեւան-ջուր» ընկերության հետ 2008-ին պայմանագիր է կնքել, որով պարտավորվել է բնակիչներին ժամանակին եւ նորմալ պայմաններով ջուր մատակարարել: Սակայն, ինչպես բնակիչներն «Առավոտին» պատմել էին, ջուրը տեղ է հասցրել ջրամատակարարման համար ոչ պիտանի խողովակներով, ինչի հետեւանքով պարբերաբար վթար էր լինում:
Ըստ բնակիչների, ջրագծեր գնելու եւ խողովակաշարը տեղադրելու համար կոոպերատիվին, բարեգործության նպատակով, մի քանի միլիոն դոլար է հատկացրել «Վերջին օրերի սրբեր» եկեղեցին: Նյութում նաեւ նշված էր, որ բնակիչներից մեկը դժգոհել էր, որ «Վարազդատը փողերը կերել է՝ էժան ու անորակ խողովակների հաշվին»:
Արձագանքելով այս հրապարակմանը՝ կոոպերատիվի նախագահ Վարազդատ Մանուկյանը «Առավոտի» խմբագրություն ներկայացավ որոշ փաստաթղթերով, ըստ որի՝ խողովակները գնել են «Վեդի պլաստ» ընկերությունից, եւ խողովակների որոշ մասն իսկապես անորակ է եղել, որոնք հետագայում փոխվել են: Ինչ վերաբերում է բնակիչների այն պնդմանը, որ եկեղեցին մի քանի միլիոն դոլար է տրամադրել, ապա, ըստ ներկայացված փաստաթղթերի, եկեղեցին տրամադրել է ոչ թե դոլար, այլ 60 մլն դրամ, իսկ դրանց օգտագործմանը հենց եկեղեցին էլ «հետեւում» է: Այս պահին, Վարազդատ Մանուկյանի վստահեցմամբ, խողովակաշարերն ամբողջովին տեղադրված են, եւ ինքը հրաժարվել է ջրամատակարարումն իրականացնել. «Բնակիչները պետք է «Երեւան-ջուր» ընկերության հետ պայմանագիր կնքեն, որպեսզի ջրամատակարարումը վերականգնվի: Իսկ բնակիչները հրաժարվում են կնքել պայմանագիր, քանի որ որոշակի վճարումներ պետք է կատարվեն: Բայց ես ի՞նչ մեղք ունեմ այստեղ, որ բնակիչներն իրենք չեն ուզում համագործակցել «Երեւան-ջրի» հետ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել