Ընդամենը 2000 եվրոյով երիտասարդը լիարժեք մարդ կզգա իրեն
«Խնդրում եմ՝ տվեք ինձ ձեռքեր, քանի որ չեմ կարող լիարժեք ապրել եւ սովորել առանց ձեռքերի»: Այս խնդրանքով 21-ամյա Արտյոմ Առաքելյանը դիմում է ԱԺ պատգամավոր, գործարար Գագիկ Ծառուկյանին: Գործարարը տղայի միակ հույսն է, քանի որ բազմաթիվ պետական կառույցների եւ գործարարների է դիմել, սակայն բոլորի կողմից մերժում է ստացել:
Արտյոմը 13 տարեկանում էլեկտրահարվելու հետեւանքով զրկվել է ձեռքերից: Վիրահատության ժամանակ անդամահատել են մինչեւ արմունկը: Երբ առաջին անգամ նրան պրոթեզավորել են, այնքան անհարմար ու դժվար է եղել պրոթեզը շարժել, որ հետո որոշել են գերմանական շարժական պրոթեզ տեղադրել: 2003 թվականին, չնայած տեղական արտադրության պրոթեզը փոխարինվեց գերմանականով, բայց դա էլ երկար չդիմացավ: Դեռ 6 ամիսը չլրացած՝ ձախ ձեռքի պրոթեզը վնասվեց. մասնագետները վստահեցրել են, որ ինչ-որ փոքրիկ սարք է վնասվել, որը կարելի է նորով փոխարինել: Սակայն Արտյոմի հարազատներն ի վիճակի չեն վճարել պրոթեզի վերանորոգման համար, այն, ճիշտ է, գործարարների համար, կարելի է ասել, կոպեկներ կարժենա՝ մոտ 2 հազար եվրո, բայց Արտյոմի ընտանիքի համար դա հսկայական գումար է: 21-ամյա տղայի՝ մեզ ուղղված նամակում նշված է, որ մայրը վատառողջ է եւ անաշխատունակ, տատիկն էլ՝ առաջին կարգի հաշմանդամ՝ օնկոլոգիական հիվանդություն ունի: Եղբայրը զինվորական ծառայության մեջ է, քույրն էլ անչափահաս է, եւ որքան էլ շատ ցանկանա, ոչնչով չի կարող օգնել եղբորը: Հայրն էլ վաղուց մահացել է:
Քանի որ վնասվել էր Արտյոմի աջ ձեռքի պրոթեզը, ուստի դիմել էին մասնագետներին, որպեսզի գոնե ձախ ձեռքի պրոթեզից անհրաժեշտ սարքը հանելն եւ տեղադրելն փչացած աջ պրոթեզին, սակայն բժիշկները վստահեցրել էին, որ դա անհնար է:
Մեզ հետ զրույցում Արտյոմի հարազատները պատմեցին, որ թեեւ այսօր նա ճարահատյալ օգտագործում է իր նախկին՝ տեղական արտադրության անշարժ ու անհարմար պրոթեզը, բայց դա բավականին դժվարություններ է առաջացնում: Այդ պրոթեզով նա չի կարողանում նորմալ շարժել ձեռքերը, հագնվել կամ տրանսպորտ նստել, քանի որ երթուղային տաքսի բարձրանալու համար այդ պրոթեզով չի կարող դուռը բացել, իսկ եթե նրա փոխարեն բացեն էլ, նա չի կարողանում պրոթեզավորված ձեռքով ինչ-որ տեղից բռնել ու բարձրանալ տրանսպորտ: Թեեւ երթեւեկելու տարբերակն Արտյոմը գտել է՝ մետրոյից է օգտվում, բայց ձեռքերը երբեք մարդկանց ներկայությամբ գրպանից չի հանում: Այս բոլոր դժվարությունները խոչընդոտ չեղան, որպեսզի Արտյոմն ընդունվի Բրյուսովի անվան օտար լեզուների համալսարան եւ գերազանցությամբ սովորի: Այս տարի Արտյոմն արդեն 3-րդ կուրս է եւ որոշել է համալսարանն ավարտելուց հետո մագիստրատուրայում էլ սովորել:
Արտյոմի հորեղբոր պատմելով՝ օգնության համար 2009 թվականից սկսած՝ բազմաթիվ անգամ դիմել են Ազգային ժողով, մի շարք նախարարություններ, բայց, որպես կանոն, իրենց դիմումներն ուղարկվում էին աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն: Այստեղից էլ նրանց վստահեցրել են, որ խնդրին լուծում տալու համար պետպատվեր չկա: Իսկ ոչ պետական գումարներով խնդիրը լուծելու եւ օգնություն ստանալու համար, Արտյոմի հարազատի պատմելով, դիմել են մի շարք մեծահարուստների ու բարեգործությամբ զբաղվող կազմակերպությունների, սակայն ոչ մի պատասխան չեն ստացել: Ու թեեւ Արտյոմին մերժել են օգնել մի շարք գործարարներ, նա իր հույսը դրել է Գագիկ Ծառուկյանի վրա: Գործարարին ուղղված Արտյոմի նամակում գրված է. «Խնդրում եմ՝ հաշվի առեք մեր ընտանեկան ծանր վիճակը եւ օգնեք ինձ: Ես չեմ կարող ապրել առանց պրոթեզների: Կանխավ շնորհակալություն: Աստված Ձեզ պահապան»: