Ի պատասխան նախօրեին ասուլիսում «Ժառանգություն» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանի արած այն հայտարարությանը, թե առաջիկա ընտրություններում ԲՀԿ-ի հիմնական մրցակիցը լինելու է ՀԱԿ-ը, եւ նրանք միմյանցից են ձայն տանելու, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Ես, իհարկե, կարող եմ հասկանալ տարբեր քաղաքական ուժերի եւ գործիչների հետեւողական հետաքրքրությունը ԲՀԿ-ի հանդեպ։ Այդուհանդերձ, ընդամենն ուզում եմ նշյալ գործիչներին խորհուրդ տալ այդքան «չանհանգստանալ» ԲՀԿ-ի համար եւ զբաղվել սեփական քաղաքական ուժի խնդիրներով, որոնք վստահաբար բավականին լուրջ են։ Մենք, ի տարբերություն շատերի, հանգիստ եւ խաղաղ պատրաստվում ենք առաջիկա խորհրդարանական ընտրություններին, քանզի միանշանակ վստահ ենք ԲՀԿ-ի քաղաքական կշռի եւ հանրային վստահության վրա, ուստի որեւէ մրցակցությունից չենք անհանգստանում։ Իսկ եթե ոմանք, այնուամենայնիվ, որոշել են իրենց խնդիրները թողած՝ ԲՀԿ-ի երկրպագուների ֆան ակումբներ բացել եւ մեր խնդիրներով զբաղվել՝ իրենց գործն է։ Յուրաքանչյուր ոք ազատ է իր նախապատվություններում»: