Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՏ ԿԱՆՉՈՒՄԸ ՄԵԶ ՈՉԻՆՉ ՉԻ ՏԱ»

Օգոստոս 26,2011 00:00

\"\"Վստահ է քաղաքագետ Սուրեն Զոլյանը

– Ինչպե՞ս եք վերաբերվում այն պնդումներին, թե Թուրքիայի ստեղծած իրավիճակի պատճառով կամ այդ առիթն օգտագործելով՝ ճիշտ կլինի, որ Հայաստանը ետ վերցնի իր ստորագրությունը հայ-թուրքական հաշտեցման արձանագրությունների վրայից:
– Ոչ, դա ճիշտ չի լինի, առանց այդ էլ այդ պրոցեսը կասեցված է, ինչո՞ւ եւս մեկ անգամ փորփրենք, վերջիվերջո չմոռանանք, որ այդ արձանագրությունները ստորագրվել են երեք ամենաազդեցիկ պետությունների արտաքին գործերի նախարարների միջեւ, ինչո՞ւ եւս մեկ անգամ այդ մարդկանց անհարմար վիճակի մեջ դնել եւ հեշտացնել թուրքերի գործը: Եթե մենք չենք ուզում այդ արձանագրությունները վերակենդանացնել, ապա արդեն իսկ դրանք սառեցված են եւ շատ ամուր ձեւով: Թող թուրքական կողմը բարի լինի ինչ-որ ձեւով ապասառեցման քայլեր կատարելու, այլապես, եթե մենք դա անենք, թուրքերը շատ լավ հնարավորություն կունենան մեղադրելու հայկական կողմին ապակառուցողական լինելու մեջ: Իմ կարծիքով՝ ստորագրության ետ կանչումն այն քայլն է, որը մեզ ոչ մի բան չի տալու, բայց կարող է լրացուցիչ մեղադրանքների առիթ տալ: Իհարկե, բոլորը հասկանում են, որ դրանք կլինեն ոչ լուրջ մեղադրանքներ, բայց դա մեզ բոլորովին պետք չէ: Կարծում եմ՝ արժե, որ մեր արտաքին քաղաքականությունն այսօր կենտրոնանա հենց Ղարաբաղի հարցի շուրջ, եւ միգուցե մենք կրկնենք նույնը, ինչ ասում են թուրքերը. ես միգուցե պարադոքսալ միտք եմ ասում, բայց լավ կլինի, եթե մենք հայտարարենք, որ Թուրքիայի հետ մեր հարաբերությունները կարող են բարելավվել միայն այն դեպքում, եթե Ղարաբաղի հարցը լուծված լինի, այլապես դա միշտ էլ ական է լինելու:
– Բայց Ձեր այդ առաջարկը որքանո՞վ է իրատեսական, ռեալ, մեր կողմից նման հայտարարություն երբեւէ կարվի՞:
– Միգուցե ռեալ չի, բայց դա ճիշտ է, լավ կլինի, եթե անենք:
– Դուք կիսո՞ւմ եք ընդդիմության կարծիքը, որ Թուրքիայի խորհրդարանի այս վերջին որոշումը նշանակում է, որ հայկական դիվանագիտությունը կրեց հերթական պարտությունը:
– Ոչ, բոլորովին, ես չէի ասի, որ այդ պրոցեսը հայ դիվանագիտությունն է սկսել, դա շատ դեպքերում պարտադրված քայլ էր, եւ եթե խոսքը գնում է միջազգային դիվանագիտության մասին, ապա այնտեղ կա չգրված օրենք՝ չի կարելի ասել՝ ոչ: Ինչպես մանկական խաղերում, երբ ով ասում է՝ ոչ, իր համար ստեղծում է անբարենպաստ վիճակ: Իմ կարծիքով՝ մեր դիվանագիտությունը պատվով գնաց մինչեւ վերջ: Շատ կարեւոր էր նաեւ Սահմանադրական դատարանի որոշումը, որը կարծես թե վավերացրեց այն, ինչ մնում է ենթատեքստում, եւ իսկապես թուրքական կողմին հնարավորություն չտրվեց հետագայում մեկնաբանել այնպես, ինչպես ինքն էր ուզում: Այս առումով ես կարծում եմ՝ սա շատ ճիշտ գործընթաց էր:
– Ձեր նշած ազդեցիկ տերությունները այս իրավիճակում անելիք չունե՞ն, կուզենա՞ն կամ կփորձե՞ն ինչ-որ կերպ վերականգնել վիճակը, թե՞ ձեռքերը կլվանան:
– Իրականում այսօր վիճակը փոխվել է, օրինակ՝ Ֆրանսիայի նախագահ Սարկոզիի դիրքորոշումը. գաղտնիք չէ, որ Ցեղասպանության ժխտման դեպքում պատժի սահմանման ծրագիրը տապալեց հենց Սարկոզիի կուսակցությունը, մինչդեռ հենց Սարկոզիի կուսակցությունն էր ժամանակին առաջ քաշել այդ ծրագիրը: Դա, իհարկե, Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման տանող քայլ էր: Հիշեք Սարկոզիի վատ վերաբերմունքը Թուրքիայի հանդեպ, որը նա երբեք չէր թաքցնում եւ միշտ՝ հրապարակավ: Հիմա, կարծես, հենց ինքն էր նախաձեռնել, որ վերը նշված նախագիծը Ֆրանսիայի խորհրդարանում չանցնի: Ռուսաստանի դեպքում տեսնում ենք, որ, կամա թե ակամա, այստեղ ավելի համերաշխ են գործում, որովհետեւ տեսնում են, որ երկուսն էլ դուրս են մղվում տարածաշրջանից: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա այստեղ լուրջ խնդիրներ կան՝ Թուրքիա-Իսրայել, Թուրքիա-Իրան, եւ, հավանաբար, այդ պատճառով էլ հայկական հարաբերությունների հարցը երկրորդ պլան է մղվել: Կա մի կարեւոր բան՝ Միացյալ Նահանգները երբեք չի հրաժարվի իր դոկտրինայից, որը հետեւյալն է՝ տարածաշրջանում իրենք ոչ թե ինքնուրույն են գործելու, այլ Թուրքիայի միջոցով, այդ երկրի ազդեցությունն ընդլայնելով, Ռուսաստանի օրինական շահերը հաշվի առնելով եւ Իրանի ազդեցությունը վնասազերծելով: Դա մի քանի անգամ ամրագրված տեսություն է:
-Իսկ այդ տեսության մեջ Հայաստանին ի՞նչ դեր է հատկացված, ոչ մի՞:
– Հայաստանն այն խանգարող հանգամանքն է, որը խանգարում է հենց Թուրքիային, եւ հենց այդ պատճառով ճնշում եղավ Թուրքիայի վրա, որ այդ երկիրը Հայաստանի հետ բարելավի իր հարաբերությունները: Համենայնդեպս, ինչպես տեսնում եք, Թուրքիայի առաջ պարտադիր պայմանը մնում է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավումը, որի դիմաց Թուրքիան կստանա ավելի մեծ դեր տարածաշրջանում, այլապես իր համար միայն Ադրբեջանն ու Վրաստանն են մնում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել