Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հերթական անակնկալը՝ հայ ժողովրդին

Օգոստոս 25,2011 00:00

Արդեն մոտ 23 տարի խաղասեղանին է դրված Ղարաբաղյան հարցը եւ բոլորին է հայտնի, թե որքան մարդկային կյանքեր եւ միջոցներ է այն խլել Հայաստանից եւ հայ ժողովրդից: Հայ-ադրբեջանական բանակցությունների ճանապարհին, երբ գոնե մերոնք փորձում են ամեն ինչ անել, որպեսզի այդ հարցը լուծվի խաղաղ ճանապարհով, հանկարծ Վրաստանի նախագահ Սահակաշվիլին իրեն հատուկ ոճով՝ շատ ռիսկային հայտարարություն է անում առ այն, որ ինքը չի սիրում Հայաստանը եւ հայ ժողովրդին, ու եթե Հայաստանը խնդիրներ ունենա Ադրբեջանի հետ, ապա Վրաստանն անպայման կլինի Ադրբեջանի կողքին եւ իրենք միասին՝ եղբայրաբար կլուծեն Ադրբեջանի հարցերը: Ի՞նչ է սա. հերթական չմտածված հայտարարությո՞ւն, թե՞ պատերազմի անուղղակի մարտահրավեր Հայաստանին՝ համարյա ադրբեջանական ոճով: Հատուկ շեշտենք, որ անկախ նրանից, թե ինչքան ժամանակ է անցել այդ հայտարարությունից, այն պայթող ռումբի նման մշտապես կախված է ջավախահայերի գլխին: Վերջին տարիներին ջավախահայերի նկատմամբ Վրաստանի վարած քաղաքականությունը պարզորոշ հուշում է, որ այդ հայտարարությունը պատահականության տարրեր չի պարունակում, այն ուղղակի՝ Վրաստանի կողմից ջավախահայերի նկատմամբ վարվող քաղաքականության արտահայտությունն է: Աշխարհը, այդ թվում՝ Հայաստանն ու Ադրբեջանը, վաղուց արդեն՝ կարծես յուրովի ընտելացել են Ղարաբաղա-ադրբեջանական հրադադարի իրողությանը, եւ Սահակաշվիլին այս աննախադեպ հայտարարությամբ ռմբահարեց կովկասյան տարածաշրջանում առկա հարաբերական հրադադարը եւ կարծես արթնացրեց վերջին տարիներին այնտեղ կուտակված հրաբխային վիճակը: Եթե նրբորեն խորանանք այդ հայտարարության բովանդակության մեջ, ապա կտեսնենք, որ դա արտառոց մարտահրավեր է եւ չի կարելի միամտորեն մտածել. դե, անկանխատեսելի Սահակաշվիլին է, էլի, մի բան էր ասաց: Ասեմ, որ իրականում ամեն ինչ այդպես չէ եւ Ադրբեջանի հետ մեր ունեցած՝ երկարամյա հակասության ֆոնի վրա, Հայաստանի համար այս հայտարարությունը լիովին այլ երանգ է ստանում: Շատերի համար կարող է զարմանք հարուցել, սակայն իմ գնահատմամբ՝ այս հայտարարությունը ոչ ավելի, ոչ պակաս՝ խորքում պարունակում է հետեւյալը. Վրաստանը դեռ չի շտապում Հայաստանին ուղղակիորեն պատերազմ հայտարարել, սակայն եթե իրավիճակը բերի նրան, որ Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ վերսկսվի պատերազմը, ապա Հայաստանը թող իմանա, որ այդ դեպքում ու նաեւ՝ Վրաստանի տարածքում հայերի որոշակի աշխույժ պահվածքի դեպքում՝ ի դեմս Վրաստանի, Հայաստանը ձեռք կբերի պատերազմի երկրորդ ճակատ: Չպետք է կույր լինել եւ պարզորոշ չհասկանալ, որ տարածաշրջանում ինչ-ինչ իրավիճակների փոփոխության պարագայում՝ սա Վրաստանի կողմից Հայաստանին ուղղված պատերազմի պոտենցիալ մարտահրավեր է: Հայաստանը եւ հայերը պետք է սրան շատ սթափ վերաբերվեն եւ լրջորեն նախապատրաստվեն դրան: Այլ կերպ ասած, այդ հայտարարությունը նման է Հայաստանի գլխին կախված մի հզոր ռումբի, որի պայթյունի դեպքում չի լինելու գոնե մեկ հայ, որն անմասն մնա այդ պայթյունի բեկորներից: Վրաստանի կողմից սա շատ նենգոտ եւ կեղտոտ խաղ է, որից պետք է լրջագույն եզրահանգումներ անել: Չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, որ Վրաստանի կողմից Հայաստանը պետք է մշտապես պատրաստ լինի այն նույն վերաբերմունքին, ինչին արժանացավ Ադրբեջանի կողմից: Այսինքն՝ այդ հայտարարությանը նայել զուտ որպես հայտարարություն, շատ մեծ սխալ կլինի Հայաստանի կողմից: Դրանով Սահակաշվիլին տնկեց ջավախահայերի նկատմամբ հետագա բռնությունների ծիլերը: Այդ պատճառով էլ, այդ հայտարարությանն անմիջապես հետեւեց Ռուսաստանում բնակվող ջավախահայերի դիասպորի հայտարարությունը՝ ուղղված Վրաստանի նախագահին:
Իհարկե, հատկապես այս խառնակ օրերին, երբ Հայաստանը եւ նրա ժողովուրդը մի տեսակ ներքին հոգեվարք են ապրում, բազմադարյա քրիստոնյա հարեւանի կողմից արված վերջին «նվերը» չափազանց մտահոգիչ է: Մյուս կողմից, սա մեր ժողովրդին բաժին հասած ճակատագիրն է եւ այսպիսի փշոտ ճանապարհ անցած ժողովրդի համար նման հայտարարությունը չի կարելի չափազանց անակնկալ քայլ համարել, քանզի՝ գոնե վերջին տարիներին Վրաստանում դեռեւս կանգուն մեր եկեղեցիների հետ կապված խայտառակ պատմությունները շատ պարզորոշ հուշում էին այդ մասին: Ասում են. չկա չարիք, առանց բարիքի, եւ եթե Սահակաշվիլին այդ հայտարարությունն ուղղակիորեն չհնչեցներ, ապա այս առումով հայության կարծիքները կիսվելու էին եւ գոնե մի մասի մոտ միշտ մանեւրելու էր այն թյուր կարծիքը, որ ամեն դեպքում՝ Վրաստանը մեր քրիստոնյա հարեւանն է եւ ինչ-որ տեղ կարելի է ապավինել նրան: Հետեւաբար, փառք Աստծո, որ մենք Սահակաշվիլիի շուրթերից պարզորոշ լսեցինք դրա մասին: Առողջ բանականությունն այս իրավիճակում մեզ միայն մի բան է հուշում. մենք՝ եւ հնարավորինս շուտ, եւ դիվանագիտորեն, եւ քաղաքականապես, եւ տնտեսապես, եւ ֆիզիկապես, եւ բարոյապես, մի խոսքով՝ հնարավոր բոլոր-բոլոր ուղղություններով պետք է շատ լրջորեն՝ որպես երկրորդ ճակատ, նախապատրաստվենք ամենաանցանկալի իրադարձությունների:
Գաղտնիք չէ, որ այս պահին Հայաստան երկիրն առանց բացառության՝ բոլոր ոլորտներում ապրում է իր ամենավատ օրերը եւ բոլոր չարիքներով հանդերձ, սա հայ ժողովրդի ճակատագրական պահերից հերթականն է, երբ ամեն ինչից շատ՝ նրան միասնականություն ու ամրություն է անհրաժեշտ, քանզի այդ մարտահրավերը՝ նույնպես կյանքն է առաջադրել, եւ մենք չենք կարող նրան շրջանցել ու պարտավոր ենք այն պատվով եւ միասնաբար ընդունել: Սա մեր ճակատագիրն է, մեր անցնելիք ճանապարհի խորհուրդը, եւ ուզած, թե չուզած՝ պարտադրված ենք այն հպարտորեն անցնել, քանզի եղեռնի երկրորդ կանչը՝ հարազատ մոր պես մեզ նորից իր գիրկն է առնելու եւ աշխարհի աչքին հերթական անգամ նայվելու ենք՝ եղեռնը մշտապես որպես փրկության դրոշակ դարձրած ազգ: Հետաքրքիր է, այդ դեպքում ի՞նչ պետք է ասենք սերունդներին:
 Եթե մենք մեր հողը միշտ պետք է արցունքներով ջրենք, այդ դեպքում՝ ավելի լավ է չորանա այդ հողը, հետեւաբար՝ նաեւ մենք:

ԱՆԱՆԻԱ ՄԱՂԱՔՅԱՆ
«Ժողովրդավարություն եւ ընտրական գործընթացներ»
միջազգային կենտրոն հ/կ նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել