Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻՆ ՉԻ ՏԵՍԵԼ

Օգոստոս 25,2011 00:00

\"\"Իսկ վերջին շրջանի «պարապուրդի» մասին էլ լռում է: Այսուհանդերձ՝ դերասանուհի Գայանե Մկրտչյանը շարունակում է մնալ ճանաչված ու սիրված:

Ճանաչված դերասանուհի Գայանե Մկրտչյանը թատրոնում զբաղվել է դպրոցական տարիներից, հաճախելով Արշավիր Ղազարյանի եւ Պարզանուշ Պարոնյանի թատերական խմբակը, որտեղ իրենց առաջին քայլերն են արել Վահե Շահվերդյանը, Արմեն Մարությանը, Լեւոն Տեր-Պետրոսյանը… Դա ժամանակին ամենահայտնի թատերախումբն էր:
– Իսկ ինչպիսի՞ դերասան էր անկախ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:
– Նա ավագ խմբում էր, մենք մեծերի խմբի հետ չէինք շփվում: Ի դեպ, Լեւոնը ժպտացող, հավաք ու լուրջ տեսքով պատանի էր, փոքր-ինչ ծանր հայացքով: Առիթ չեմ ունեցել տեսնելու նրա խաղը, մեզ ավելի հետաքրքրում էին մեր խմբի աշխատանքները:
1969թ. ընդունվում է Պատանի հանդիսատեսի թատրոն, միանգամից ներգրավվելով նոր բեմադրությունում՝ Դ. Դանչեի «Հեքիաթ չորս նմանակ եղբայրների մասին», Ազատ Գասպարյանի եւ Արմեն Սանթրոսյանի հետ խաղալով գլխավոր դերը՝ Բոնկա: Միայն այս ներկայացումը խաղացվել է շուրջ 400 անգամ: Դա ժամանակին ամենաշատ դիտված ու պատանիների կողմից սիրված ներկայացումներից մեկն էր:
– Ես մինչ օրս էլ հիշում եմ այդ զվարթ ներկայացումը: Մեր սերնդակիցներից երեւի քչերը կան, որ տեսած չլինեն հիշյալ գրավիչ բեմական գործը: Երաժշտական, պարային, իմաստուն հեքիաթի իսկապես հեքիաթային մի ներկայացում էր: Եթե չեմ սխալվում, դուք դեռ ինստիտուտ չէիք էլ ընդունվել:
– Այո, դպրոցը նոր էի ավարտել եւ իմ առաջին քննության ժամանակ ասացին, որ պատրաստի դերասանուհի եմ, ավելին՝ բեմ եմ բարձրանում, հետեւաբար ի՞նչ եմ անում ինստիտուտը: Կարճ ասած՝ առաջին տարին չընդունվեցի, սակայն ամենից մեծ ձգտումս թատերական ընդունվելն էր, որն իրականացավ մեկ տարի անց:
Դերասանուհին ընդունվում եւ 1975-ին ավարտում է թատերականի դերասանական բաժինը՝ Արտաշես Հովսեփյանի արվեստանոցը: Ընթացքում շարունակում է աշխատանքը Պատանի հանդիսատեսի թատրոնում եւ ավարտելուց հետո էլ աշխատում մինչեւ 1993թ.: Ընդ որում՝ այդ տարիներին թատրոնում ամենից շատ զբաղված դերասանուհիներից մեկն էր, ով արժանացել է բարձր մրցանակների, ունեցել ռեկորդային թվով՝ հարյուրից ավելի դերակատարումներ, խաղացել 4000-ից ավելի ներկայացումներ: Ավագ եւ միջին տարիքի թատերասերը հավանաբար հիշում է դերասանուհու մարմնավորած Մոխրոտը (Գաբբե՝ «Մոխրոտ»), Հերդան (Շվարց՝ «Ձյունե թագուհի»), Հերոն (Շեքսպիր՝ «Ոչնչից մեծ աղմուկ»), Սիդը (Մ. Տվեն՝ «Թոմ Սոյերի արկածները»), Ջեմման (Վոյնիչ՝ «Բոռը»)… եւ իհարկե՝ Ժեննի Մարքսի դերակատարումը Մանիենի «Ես մարդ եմ» ներկայացման մեջ:
– 1980-ականների սկզբին Ժեննի Մարքսի դերակատարումը, որքան հիշում եմ, հայտնի դարձավ Խորհրդային Միության թատերական աշխարհում:
 – Իսկապես դա գնահատվեց որպես եւ բացառիկ ներկայացում, եւ բարձրակարգ դերակատարում: Արժանացա այն ժամանակվա միանգամից մի քանի բարձր պարգեւների՝ «ԽՍՀՄ պատվո նշան» շքանշանի, ՀԼԿԵՄ մրցանակի, ԽՍՀՄ արիության մեդալի (ժպտում է): Իսկ ինձ համար ամենա-ամենա մրցանակը խորհրդային եւ հայկական մասնագիտական մամուլի անդրադարձն էր դերակատարմանը:
Մեծ ցանկ են կազմում դերասանուհու մասնակցությամբ ռադիո եւ հեռուստաներկայացումները, այդ թվում՝ Վամպիլովի «Մի անգամ Չուլիմսկում»՝ Գուրգեն Ջանիբեկյանի եւ Խորեն Աբրահամյանի հետ, Շանթի «Հին աստվածներում»՝ Վարդուհի Վարդերեսյանի եւ Լեւոն Ներսիսյանի ընկերակցությամբ, Դրուզեի «Կասամարեում»՝ Մետաքսյա Սիմոնյանի եւ Գուժ Մանուկյանի խաղընկերությամբ, Չեխովի «Քեռի Վանյայում»՝ Վլադիմիր Մսրյանի, Անահիտ Թոփչյանի, Լեւոն Թուխիկյանի մասնակցությամբ: 1990թ. դերասանուհին ներգրավվում Է Նարեկ Դուրյանի «Բոհեմ» թատերախմբի կազմում եւ մինչ 1995-ը հյուրախաղերով հանդես գալիս Ֆրանսիայում: Ի դեպ, Գ. Մկրտչյանի հյուրախաղային աշխարհագրությունը չենք ներկայացնում, քանի որ այն շատ մասշտաբային է:
Դերասանուհին 1997թ. աշխատում է Մայր թատրոնում: Ընդ որում, ինչ-ինչ պատճառներով (տիկին Մկրտչյանն էլ գերադասեց լռել այս առիթով) այդ տարիներին փոքր-ինչ արգելակվեց բեմական նրա առաջընթացը: Փոխարենը՝ հայերեն գրական բեմական լեզվին փայլուն տիրապետող արտիստուհին լայն գործունեություն ծավալեց հեռուստատեսությունում. ձայնագրվեց 100-ից ավելի ֆիլմերում: Ընդ որում, հեռուստատեսային նկարահանումները սկսվեցին Գոռ Վարդանյանի հայտնի ֆիլմերից, ապա Գ. Մկրտչյանը լայն ճանաչում ստացավ «Հ1»-ի «Որբերը» հեռուստասերիալում խաղալով Գայանեի կամ ինչպես ժողովուրդն է կոչում՝ Եվայի մոր դերը, ապա «Արմենիա» հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակվող «Վերադարձ» հեռուստասերիալով՝ Արուսի դերակատարմամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել