Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՎԵՊ ՏԵՐՅԱՆԻ ՄԱՍԻՆ

Օգոստոս 25,2011 00:00

\"\"Մեծ գրողների եւ արվեստագետների անձնական կյանքը մշտապես հետաքրքրել է ընթերցողների լայն շրջաններին, եթե, իհարկե, այն ներկայացվել է ժամանակի ազգային, քաղաքական-հասարակական ու մշակութային կյանքի համատեքստում: Այդպիսին է արձակագիր Աշոտ Ավետիսյանի Վահան Տերյանի կյանքին նվիրված «Մենավորի աստղը» խորհրդանշական խորագիր ունեցող կենսագրական վեպը:

Արեւմտաեվրոպական գրականության պատմությունը նման ստեղծագործությունների պակաս չի ունեցել. նկատի ունեմ հատկապես ֆրանսիացի գրող Անդրե Մորուայի կենսագրական վեպերը՝ նվիրված Ժորժ Սանդին, Հյուգոյին, Բալզակին, Բենդժամին Դիզրաելին եւ ուրիշներին: Ժամանակին ֆրանսիացի գրականագետները տարբեր անվանումներ են տվել այս ժանրատեսակին՝ «գեղարվեստական կենսագրություն», «կենսագրական վեպ», «բելետրիստիկ վեպ», անգամ՝ պատմավեպ: Աշոտ Ավետիսյանի վեպի մեջ ժանրային այս բոլոր տարրերը կան, եւ չէին կարող չլինել, բացառությամբ բելետրիստիկայի, որն ամենեւին չի նշմարվում նրա վեպի պատումի շղթայում: Վեպը լույս աշխարհ բերելու համար հեղինակից հսկայական ժամանակ ու աշխատանք է պահանջվել՝ կապված վերջինիս աղբյուրների հավաքագրման եւ նախաքննության հետ. հուշագրություններ, ժամանակի գրական-հասարակական մամուլ, կենսագրական ինտիմությունը պահպանող նամակներ՝ հատկապես նկատի ունեմ Անթառամ Սիսակյանին եւ ուրիշներին հասցեագրված նամակները: Սրանք Տերյանի բազմազբաղ ու դժվար կյանքի այն հավաստի վկաներն են, որոնք ձեւավորել են վիպական սյուժեի տարողունակ շղթան: Վեպը Տերյանի շրջապատը ներկայացնող անձանց մի հարուստ պատկերասրահ է՝ ընտանիքի անդամներ, հայ եւ օտարազգի գրողներ, նկարիչներ, երաժիշտներ, հայտնի ազգային, քաղաքական, պետական ու կուսակցական գործիչներ, բանաստեղծի սիրո հմայքն ու համակրանքը ներկայացնող կանայք: Սրանք բոլորն էլ ինքնատիպ կերպարներ են: Թերեւս ամենից ինքնատիպը Տերյանի հայրն է՝ տեր Սուքիասը, գյուղական լրջմիտ արիստոկրատիայի կյանքով ապրող անձնավորություն, ով ոչինչ չէր խնայում իր երեխաներին կրթություն տալու համար: Մի կողմից հողի աշխատավոր, մյուս կողմից՝ նվիրյալ հավատացյալ: Կարդում էր գլխավորապես գիտական գրականություն: Տառապագին ճիգերով փորձում էր հաշտեցնել կրոնի ու գիտության, բարոյականության իրարամերժ դրույթները՝ այդ ամենը դնելով կենդանի իրականության հողի վրա: Պատահական չէ, որ վեպում Իսահակյանը նրան նմանեցնում էր Լեւ Տոլստոյին:
Կենսագրական վեպը, որպես օրենք, սկսվում է գլխավոր հերոսի պատանեկությունից եւ ավարտվում մահով: Որպես վիպական գործողությունների սկիզբ, պատանի հերոսի հայրենի օջախից հեռանալն է, նոր միջավայրին չմերվելը, կարոտից հոգեկան տվայտանքների մեջ հայտնվելը, տունդարձի ճանապարհը բռնելու ցանկությունը. այսպես ասենք՝ «գիքորականությունը», որ պարտադիր է բոլոր այս բնույթի գործերի համար: Ախալքալաքում առժամանակ սովորելուց հետո, Տերյանը հոր հետ գալիս է Թիֆլիս, ընդունվում տեղի ռուսական գիմնազիան: Թիֆլիսը շարունակում էր զարմացնել 12-ամյա տղային, բայց, միեւնույն է, կարոտը նրան բաց չէր թողնում: Ալեքսանդրյան այգու հեռավոր անկյունում նստած լացում էր: Քաղաքային կյանքի խայտաբղետ իրականության համապատկերը կամաց-կամաց բացվում էր Վահանի աչքի առջեւ: Այն ավելի ընդլայնվեց, երբ նա հայտնվեց Մոսկվայում՝ որպես Լազարյան ճեմարանի աշակերտ, Մոսկվայի համալսարանի պատմա-բանասիրական բաժնի ուսանող: Այստեղ էլ սկսվում է երիտասարդ բանաստեղծի ստեղծագործական որոնումների ու վարանումների շրջանը: Վեպի հեղինակը կարողացել է անթերի գործիմացությամբ ներկայացնել հերոսին շրջապատող մշակութային անհանգիստ աշխարհը: Այստեղ հին աշխարհամտածողության փիլիսոփայությունը բոլոր ասպարեզներում զիջում էր նորին: Հնի անխուսափելի փլուզումից հետո նորի բացակայության անորոշ տարածքում հայտնված գրողներն ու արվեստագետները իրենց հախուռն որոնումների ընթացքի մեջ ձգտում էին հայտնաբերել հենասյունային նշանակություն ունեցող նոր ուղիներ եւ մեթոդներ, առանց որոնց ցանկացած գեղարվեստական համակարգ կարող էր դատապարտվել չկայացման: Վեպում ցույց է տրվում Արեւմուտք-Ռուսաստան մշակութային կապերի այն ինտենսիվ դինամիկան, որ գոյություն ուներ այդ տարիներին: Ֆրանսիական սիմվոլիզմի էքսպանսիան՝ հանձինս Պոլ Վեռլենի, Բոդլերի, Մալարմեի եւ ուրիշների, իր յուրահատուկ դրսեւորումը գտավ ռուս բանաստեղծներ Վեսելովսկու, Բլոկի, Վյաչեսլավ Իվանովի բանաստեղծություններում, Անդրեյ Բելու արձակ գործերում, ինչն իր հերթին փոխանցվեց Տերյանին, որն իր թեմատիկայով, ոճամտածողությամբ տարբերվում էր ինչպես ֆրանսիական, այնպես էլ ռուսական սիմվոլիզմից: Պատահական չէ, որ Իսահակյանը իր նամակներից մեկում ոչ միայն ողջունում է Տերյանի գտածո ուղին, այլեւ ընդգծում, որ Տերյանի «մոդեռնը» բառիս բուն իմաստով տարբերվում է մյուսներից: Տերյանը գտնում էր, որ սիմվոլիզմը չծանրացող, նուրբ ու անրջային պոեզիա է, դա նման է անձայն դողացող տերեւի, կամ մթնշաղի մեջ համրորեն կորչող ստվերների: Տերյանը գրական այս ուղղության մասին հաճախ էր մտքեր փոխանակում Կուսիկյանի, Ծատուրյանի եւ ուրիշների հետ, իր ինքնատիպ գնահատականներն ու բնորոշումները տալիս գրական այդ նրբագեղ ուղղությանը: Ո՞րն էր, այնուամենայնիվ, այն ընդհանուրը, որ երեվակվում էր Տերյանի, ռուս եւ ֆրանսիացի սիմվոլիստների պոեզիայում: Այս ուղղությանը պատկանող բանաստեղծների գործերում կինը սիրային պոեզիայի հիմնական առանցքն էր, կինը նրանց համար դարձել էր հավերժական, ուստի եւ մնայուն ֆենոմեն: Սուրբ Գրքի «Երգ Երգոցից» եկող «քույր իմ, սեր իմ» բանաստեղծական ձեւակերպումն իր արտահայտությունն է գտել համարյա բոլորի գործերում՝ Բլոկ (сестра моя, любовь моя)? Տերյան՝ «քույր իմ նազելի»: Բոլորն էլ կնոջ սիրո մեջ ուզում էին տեսնել նաեւ եղբոր նկատմամբ ունեցած քույրական անդավաճան ու փրկարար սերը: Այդ տարիներին Տերյանը ակտիվորեն մասնակցում էր Բրյուսովի ստեղծած «Ազատ էսթետիկա» ընկերության գործունեությանը: Իր ելույթների մեջ այն միտքն էր զարգացնում, որ ինքը այլեւս չի կարող ապրել դեկադանսով եւ նիցշեականությամբ, խոսում էր իր փայփայած ուղղության օրինաչափ մահվան մասին: Աշոտ Ավետիսյանը վեպում խոսում է Տերյանի ապրած տարիներին ասպարեզ եկած ուրիշ հոսանքների, ուղղությունների մասին՝ ֆուտուրիզմ, կուբիզմ, էքսպրեսիոնիզմ, աքմեիզմ, իմպրեսիոնիզմ: Մոսկվան դարձել էր փորձարարական արվեստի դաշտ: Թարգմանվում էին Կնուտ Համսոնի գործերը, մասնավորապես՝ «Պանը»: Հիմնադրվել էր Կոմիսարժեւսկու իմպրեսիոնիստական թատրոնը: Տերյանին հետաքրքրում էր այն ամենը, ինչ նոր էր: Կլանված կարդում էր Չեխովի աբսուրդի սաղմեր պարունակող դրամաներն ու պատմվածքները:
Տերյանի մշակութային գործունեության կարեւոր մասն էր կազմում նաեւ գրական քննադատությունը: Այդ տարիներին նա հանդես եկավ «Հայ գրականության գալիք օրը», «Հոգեւոր Հայաստան» ծրագրային նշանակություն ունեցող հոդվածներով, հետեւում էր Կովկասի գրական-հասարակական մամուլին: Բարձր էր գնահատում Արտաշես Չիլինգարյանի, Չոպանյանի, Նիկոլ Աղբալյանի, Արսեն Տերտերյանի քննադատական գործունեությունը: Նրա կարծիքով քննադատ լինելը ավելի հեշտ չէ, քան պոետ լինելը: Մերժում էր այն քննադատներին, որոնց համար ազգային ուտիլիտարիզմը դարձել էր չափանիշ, մինչդեռ այդ մտածողությամբ ուղղորդվելը նշանակում էր գրականությունը կանգնեցնել ճգնաժամի առջեւ: Հայ գրողը հայտնվում էր վարժապետի կամ քարոզչի դերում, աննահանջ կանգնել էր անիծյալ օգտապաշտության առջեւ:
Նա երաժշտության մեծ սիրահար էր: Նրա կարծիքով «Երաժշտությունը օրհնյալ արվեստ է, այն, ինչ չեմ կարող ասել խոսքով, հնարավոր է արտահայտել երաժշտությամբ, եւ միայն երաժշտությունն ու պոեզիան կարող են երջանկացնել մարդուն»: Ըստ նրա՝ բոլոր արվեստները կրում են երեւույթների արտացոլման կնիքը, եւ միայն երաժշտությունն է անմիջականորեն արտացոլում «իրը ինքնին», որ հնարավոր չէ արտահայտել այլ կերպ, քան երաժշտությամբ: Խոսքի երաժշտականացումը լեզվի մոգական ֆունկցիան է: Նա սիրահարված էր գեղանկարչությանը, հաճախ էր այցելում Տրետյակովների պատկերասրահները, բարձր էր գնահատում Պոլենովի, Շիշկինի, Լեւիտանի նկարները: Նկարչությունը նույնպես բռնել էր նորի որոնման դժվարին ճանապարհը: Ժամանակի արվեստասերների համար անսպասելի հայտնություն էր Կազեմիր Մալեւիչի «Սեւ քառակուսի» նկարը, որ չդադարող բանավեճերի առիթ էր տվել: Մոսկվան հայ նկարիչների համար նույնպես դարձավ նոր արվեստի անգնահատելի ասպարեզ՝ Բաշինջաղյան, Սարյան, Սուրենյանց, Յակուլով: Զարմանալ կարելի էր, թե ինչպես է Տերյանին հաջողվում հաղորդակցվել այն ամենի հետ, ինչը նոր էր: Կլանված կարդում էր նոր արվեստի տեսությանը վերաբերող գրքեր, իր ձեռքի տակ ուներ ռուս ֆուտուրիստների «Դատավորների որոգայթը», «Էգոֆուտուրիզմի նախերգանքը» գրքերը: Նրա փխրուն մարմնի մեջ հոգու ինչ խորհրդավոր ուժ կար, որ այդ ամենին զուգահեռ զբաղվեր նաեւ հրատարակչական ծանր գործերով: Նա Մակինցյանի, Խանզադյանի, Ծատուրյանի համագործակցությամբ հրատարակում էր «Գարուն» ամսագրի համարները, ստեղծել էր «Պանթեոն» հրատարակչությունը, Բրյուսովի հետ միասին լույս աշխարհ էր բերել «Поэзия Армении» անթոլոգիան, օգնում էր Մաքսիմ Գորկուն իրականացնելու «Հայ գրականություն» ռուսերեն ժողովածուն: Զբաղվում էր նաեւ թարգմանական գործունեությամբ՝ Օսկար Ուալդի «Սալոմե» դրաման, Բոդլերի պոեմները, Շնիցլերի «Տիկին
 Բերտա Գալան», Մառի առաջարկով թարգմանում էր «Ընձենավորը», որ ավարտի չհասցրեց: Ասպարեզի վրա էր նրա «Մթնշաղի անուրջներ» ժողովածուն, որը ընթերցողների առջեւ բացել էր հայոց լեզվի հարստությունն ու նրբագեղությունը: «Օդը շնշում էր Տերյանի բանաստեղծություններով»:
«Մենավորի աստղը» վեպում հարուստ անդրադարձներ կան նաեւ Տերյանի ազգային, քաղաքական եւ պետական գործունեության մասին: Հեղինակին հաջողվել է կենդանի պատկերներով ցույց տալ XX դարասկզբի աննախադեպ իրադարձությունները: Ռուսական եւ Կովկասի հայալեզու մամուլը ահազանգում էր Արեւմտահայաստանում թուրքերի կողմից իրականացվող հայերի սպանդը, Բաքվի ջարդերը: Քաղաքակիրթ Արեւմուտքի աչքի առջեւ նահատակվում էր մի ամբողջ ազգ՝ միայն նրա համար, որ քրիստոնյա էր: Ռուսաստանում մոլեգնում էր հեղափոխական քաոսը, խեղվում էին հազարավոր մարդկանց կյանքեր: Տերյանը խոր մտահոգության մեջ էր՝ ի՞նչ դժվար է հայ լինելը: Նրա հոգու մեջ երերում էր այն միտքը, թե հեղափոխությունը կարող էր փրկել իր անօգնական ժողովրդին: «Ոգեւորվեցինք, կամավոր գնդեր կազմեցինք, ցանկացանք ռուսների հետ ազատել Տաճկահայաստանը: Վանը գրավելուց հետո էլ հետ քաշվեց, իբրեւ ֆրոնտի գիծը ուղղել էր պետք: Ֆրոնտի գիծը ուղղել պետք չէր, Վասպուրականը հայերից մաքրել էր պետք… Թուրքերը մի կողմից էին մաքրում, ռուսները՝ մյուս կողմից»: Ո՞ւմ հավատալ: Շատ տարիներ հետո այդ ամենը տեսած Դեմիրճյանը «Մեսրոպ Մաշտոց» վեպի համար այսպիսի գրառումներ է արել. «Ոչ մի կողմնակալություն. ո՛չ պարսիկներին, ո՛չ հույներին: Մի կողմնակալություն պիտի ունենանք… Մենք… այո՛ Մենք, Մենք ամենից քիչ ենք: Մենակ ենք, թերեւս ամենից անզոր, բայց մենակ մենք կարող ենք ամենից լավ զգալ մեր ցավը: Մենք կարող ենք միայն մինչեւ մահ (ի մահ) կանգնել մեր պաշտպանության: Օտարը չի կանգնի մեզ համար: Մենք կարող ենք միայն ամենից շատ սիրել մեզ: Մենք ենք մեր անձը: Մենք ենք Մենք, ոչ թե օտարն է Մենք: Սա ունի մեծ նշանակություն: Մտածի՛ր այդ մասին»: Տերյանը վեպում խնդիրը մի այլ ձեւով է մեկնաբանում. «Ազգը միայն արտաքին ուժերի զորությամբ, իրերի արհեստական դասավորությամբ չի ստեղծվում, այլ իր անդամների ներքին մտահոգեական կապերով: Պետք է արտաքին հնարավորություններից ունենա ներքին զորություն, մի հոգեւոր մղում, որ մարդկանց համախմբում, ազգ է դարձնում»: Տերյանը թոհուբոհի այդ տարիներին շատ էր ընկճված, սկսել էր մտածել՝ ճիշտ արեց, որ միացավ բոլշեւիկներին: Ռուսաստանը՝ ցարական, թե խորհրդային, կապրեր, էլի կմնար Ռուսաստան: Իր ներքին ապրումների ծանրությունը թեթեւացնելու համար ուզում էր ինչ-որ մեկի հետ կիսվել: Նրան խորհուրդ էին տալիս թողնել այդ ամենը, զբաղվել բանաստեղծությամբ: «Ես մարքսիստ չեմ, եւ չեմ կարող լինել, բայց կարող եմ նաեւ լինել, գուցե եմ արդեն: Հոգով սոցիալ-դեմոկրատայինը ընդունում եմ, նրանց սոցիալական եւ քաղաքական հիմնական գաղափարները (ծրագրերը) ընդունում եմ: Բայց չեմ ընդունում նրանց փիլիսոփայությունը եւ մատերիալիզմը»: Բերդյաեւը մի այլ ձեւով էր բացատրում խնդիրը. «Ոչ թե նրա գիտական, գաղափարական կողմը, այլ նրա փրկչական-առասպելաստեղծական եւ կրոնական կողմը: Լենինը հեղափոխություն արեց Մարքսի անունից, բայց ոչ՝ ըստ Մարքսի»: Տերյանը մանրամասն կարդացել էր Մարքսին, մինչդեռ փիլիսոփայությունը մի բան էր, հեղափոխությունը՝ մեկ այլ բան: Խաղաղության եւ Ռուսաստանի ժողովուրդների իրավունքների մասին դեկրետների ընդունումից հետո հայկական գրավյալ տարածքների վիճակը դարձավ անորոշ, ինչը խորապես հուզում էր Տերյանին, ինչպես նաեւ հայ քաղաքական ուժերին: «Խորհրդային իշխանությունը մենակ չի թողնի հայությանը»,- մտածում էր նա: Իսկ Կոստանյանի կարծիքը ավելի ռեալ էր. «Քաչալը դեղ ունենա, իր գլխին կքսի»: Այդ օրերին գերմանացիների բանակը մոտենում էր Պետերբուրգին, բոլշեւիկները տագնապի մեջ էին: Տերյանը աշխատում էր ազգությունների կոմիսարիատում, որը ղեկավարում էր Հովսեփ Ջուղաշվիլին: Մեծ բանաստեղծը Ավանեսովի խորհրդով էր անցել աշխատանքի եւ այն պատճառով, որ նրա տնտեսական վիճակը շատ ծանր էր, հոգնել էր սրանից, նրանից փող խնդրելուց: Ընտանիք, կին ու երեխա ուներ: «Անշուշտ ինձ համար նյությանը մեծ նշանակություն ուներ ներկա նեղ օրերում, բայց լոկ այն չափով, որ չափով կարիքն է ճնշում»: Իհարկե նրա համար առաջնային պայման էր բոլշեւիկների միջոցով փրկել սովի ու մահվան ճիրաններում խարխափող իր ժողովրդին: Հույսը վերջում է մեռնում: Տերյանը շարունակում էր աշխատել: Այդ օրերին Ստալինը հանձնարարում է Վահանին մի զեկուցագիր ու դեկրետի նախագիծ կազմել: Այդ նպատակով նա խորհրդակցում է Ավանեսովի, Կարախանի, Ռոստոմ Զորյանի եւ Պետերբուրգում գտնվող մյուս դաշնակցականների հետ: Տերյանը, հանդիպելով Լենինին, խնդրում է ռուսական զորքերը չհանել հայկական տարածքներից: Լենինը դեմ էր հայերի ինքնորոշմանը: Նրան մնում էր բարյացակամորեն ժպտալ Տերյանին: Տերյանը որքան էլ որ հավատում էր Լենինին, նրա այդ ժպիտը ճակատագրական եղավ հայերի համար: Տերյանը իր վերջին ճիգերն էր գործադրում Բրեստ Լիտովսկում: Ամեն ինչ այլեւս անարդյունք էր: 1918թ. Ստեփան Շահումյանին ստիպեցին, որպեսզի Բաքվի կոմունան պաշտպանող հայ զորքերը չխանգարեն թուրքերի մուտքը Բաքու: Ավելին, առանց հայերի համաձայնության, կնքվեց Ալեքսանդրապոլի խայտառակ պայմանագիրը: Այդուհանդերձ, Տերյանին թվում էր, թե Ռուսաստանում իրականացված հեղափոխությունը կարող էր փրկել իր ժողովրդին ֆիզիկական բնաջնջումից, սոցիալական անարդարություններից, որի համար էլ նա իր կյանքի վերջին ճիգերը նվիրում է հեղափոխությանը: Ֆիզիկապես հյուծված ու անբուժելի հիվանդությամբ տառապող բանաստեղծը շարունակում էր իրականացնել պետական կարեւոր հանձնարարությունները: Նման մի հանձնարարությամբ նա մեկնում է Միջին Ասիա եւ վախճանվում ճանապարհին՝ հայրենիքից հեռու Օրենբուրգ քաղաքում:
Աշոտ Ավետիսյանի գրքում արտացոլվելիք նյութի դիմադրության ռիսկայնությունը այնքան մեծ է, որ կարող էր ի չիք դարձնել «Մենավորի աստղը» վեպի իրականացումը: Սակայն հեղինակի տաղանդի, իմացությունների հարուստ պաշարի, ստեղծագործական համառության ու տառապանքի արդյունքում ստեղծվել է մի գիրք, որը, համոզված եմ, արժանանալու է ընթերցող հասարակայնության լայն շրջանների ուշադրությանն ու հավանությանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել