Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԻՐԱՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ»

Օգոստոս 25,2011 00:00

\"\"

Երեկ ՀՀ ճարտարապետների միությունում բացվեց «Իրանի հայկական եկեղեցիները» քառօրյա ֆոտոցուցահանդեսը: Նախաձեռնության հեղինակը ՀՀ սփյուռքի նախարարությունն է, ցուցահանդեսի կազմակերպմանը մեծապես աջակցել է Իրանի Իսլամական Հանրապետության պատմական եկեղեցիների կենտրոն պետական կառույցը: Սա Իրանի հոգեւոր-մշակութային ժառանգության եւ զբոսաշրջության պետական հաստատության մի օղակ է:
Կենտրոնի տնօրեն Շերլի Ավետյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Իրանի 650 եկեղեցիներից 450-ը հայկական են, այս 450-ից երեւանյան ցուցահանդեսում ներկայացված է միայն 25-ը՝ այդ թվում Իրանի ամենահին՝ 6-րդ դարից հիշատակվող հայկական Սուրբ Թադե եկեղեցին: Իրանի հայկական եկեղեցիներից 4-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության մեջ են: Շերլի Ավետյանը ասաց նաեւ, որ Իրանում պետության ուշադրության կենտրոնում են բոլոր պատմական եկեղեցիները, ամեն տարի այս եկեղեցիների նորոգման համար պետբյուջեից գումարներ են տրամադրվում, խոնարհված եկեղեցի գրեթե չունենք: Այն եկեղեցիները, որոնք գյուղերում, քաղաքներում են կամ դրանց մատույցներում, նաեւ հայ համայնքի հոգածությանն են արժանանում: Սակայն, օրինակ՝ Արեւելյան Ատրպատականի Սուրբ Գեւորգ եկեղեցին ամենամոտ ճանապարհից ու բնակավայրից 13 ժամ քայլելու հեռավորության վրա է ու դեպի եկեղեցի տանող ճանապարհ չկա: Նախ հարկ է ճանապարհ կառուցել, նոր միայն մտածել եկեղեցին նորոգելու մասին:
Ցուցահանդեսին ներկա էին նաեւ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ու փոխնախարար Վարդան Մարաշլյանը: Փոխնախարարը ասաց, որ կա մտադրություն՝ օտար երկրներում հայ համայնքի օրեր Հայաստանում կազմակերպելը դարձնել ավանդույթ: Նախարարն էլ ասաց, որ լավ կլինի, որ համայնքներն իրենք պայքարեն իրենց օրերը Երեւանում անցկացնելու համար: «Բնականաբար, առաջինը Իրանն էր եւ աշխարհագրական, եւ հզորության, եւ բնության առումով: Շնորհակալ ենք Իրանի Իսլամական Հանրապետությանը, որ նման նախանձախնդիր վերաբերմունք ունի եկեղեցիների նկատմամբ»,- ասաց Հրանուշ Հակոբյանը:
Ցուցահանդեսը այնքան դուր եկավ սփյուռքի նախարարին, որ նա տեղում հանձնարարեց ստեղծել Իրանի եկեղեցիների վիրտուալ շտեմարան, որը հասանելի է լինելու բոլորին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել